Կասե՞ք մի ոլորտ, որտեղ ՕԵԿ-ը հետ է մնում ԲՀԿ-ից

Կասե՞ք մի ոլորտ, որտեղ ՕԵԿ-ը հետ է մնում ԲՀԿ-ից
Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ



-Դուք Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահից մեդալ ստացաք: Ինչ եք կարծում՝ Ձեր ո՞ր ձեռքբերումները հատկապես գնահատեց ՀՀ նախագահը: Եթե ամփոփեք Ձեր կատարած աշխատանքն ԱԺ-ում, ի՞նչը կառանձնացնեք:



- Հանրապետության նախագահի կողմից, այն էլ մեզ համար այդքան կարեւոր տոնին պետական պարգեւի արժանանալը շատ պատվաբեր ու պարտավորեցնող է: Պետք է նշեմ, որ մինչ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելը, ես տարիներ շարունակ դպրոցում աշխատել եմ ուսուցչուհի, ու հազարավոր ուսուցիչների հետ այն դժվար ժամանակներում, առանց տրտնջալու, պատերազմի, ցրտի ու խավարի մեջ կարողացանք պահել ազգային դպրոցը: Իսկ Ազգային ժողովում հեղինակել եւ համահեղինակությամբ հանդես եմ եկել մի քանի տասնյակ նախաձեռնություններով, որոնցից կառանձնացնեմ կրթության ոլորտի օրենսդրական նախաձեռնությունները` սկսած նախադպրոցական հաստատություններից մինչեւ բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքները:



- Դուք Ձեր կուսակցության երկրորդ դեմքն եք, սակայն հաճախ Ձեր վրա եք վերցնում ՕԵԿ-ի եւ կուսակցության  նախագահի հասցեին հնչեցված քննադատությանը պատասխանելու ծանր բեռը: ՕԵԿ տղամարդի՞կ են թաքնվում Ձեր հետեւում, թե՞ Դուք եք կամավոր ստանձնում այդ դերը:



- «Օրինաց երկիրը» պարկեշտ, շիտակ ու ազնիվ կուսակցություն է: Եթե նկատել եք, մենք երբեք որեւէ անձի կամ կուսակցության չենք դատափետում կամ սեւացնում: Եթե երկրում՝ ինչ-որ ոլորտներում կան խնդիրներ, մենք բարձրաձայնում ենք դրանց մասին, քննադատում: Մեզ համար կարեւոր է հետեւյալ սկզբունքը. լավին լավ ասել, վատին` վատ: Սակայն հաճախ լինում են անձեր կամ ուժեր, որոնց համար ուրիշներին քննադատելն ու սեւացնելը կարծես կենսական պահանջ լինի, սեփական իմիջի խնդիրն ուրիշին անվանարկելու հաշվին լուծելու միջոց: ՕԵԿ-ը քաղաքական ուժ է` ներկայացված ԱԺ-ում, կառավարությունում, պետական այլ ինստիտուտներում: Բնականաբար, կլինեն նաեւ քննադատություններ: Սակայն պետք է զանազանել առողջ, կառուցողական քննադատությունը սեւ, կեղտոտ քարոզչությունից: Երկրորդ տարբերակի պարագայում «Օրինաց երկիրը» միշտ տալիս է ադեկվատ պատասխան: Ի տարբերություն շատ-շատերի, ՕԵԿ-ի ոչ նախագահը, ոչ էլ այլ պաշտոնյաները երբեք չեն թալանել ու փոշիացրել մեր երկրի տնտեսությունը, չեն կողոպտել սեփական ժողովրդին: Եվ եթե այսօր նման մարդկանցից շատերն իրենց լրատվամիջոցներով փորձում են սեւ PR իրականացնել մեր նկատմամբ, մենք համարժեք պատասխան տալիս ենք: Կարծում եմ՝ երկրորդական է, թե ով է իր վրա վերցնում այդ գործը: Ճշմարտությունը մնում է ճշմարտություն` անկախ նրանից, թե ով է ասում:



- Երկիրը մտնում է նախընտրական փուլ, դաժան պայքար է սկսվում կուսակցությունների միջեւ: Չե՞ք կարծում, որ ՕԵԿ-ը մնացել է ՀՀԿ-ի ստվերում եւ բավարարվելու է նրա՝ իրեն վերապահված տոկոսներով:



- ՀՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ բազմաթիվ ուղղություններով Հայաստանի զարգացման ծրագրերն ու գաղափարները ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի մոտ համահունչ են: «Օրինաց երկիրն» արդեն գրեթե 15 տարեկան կայացած քաղաքական ուժ է: Այդ հարցն արդեն ժանգոտել է, ու նրանից հնության հոտ է գալիս: Բոլոր համապետական ընտրություններից առաջ մամուլում արծարծվում է այն տեսակետը, թե «Օրինաց երկիրը» չի հաղթահարի 5%-ի շեմը եւ այլն: Բայց դե, ընտրություններն ուրիշ փաստեր են ցույց տալիս, եւ ես Ձեզ ուզում եմ ասել, որ առաջիկա ընտրություններում ՕԵԿ-ն արձանագրելու է մեծ հաջողություն, ու անհրաժեշտ տոկոսները մեզ վերապահելու են բացառապես մեր 100 հազարից ավելի կուսակցականներն ու այն հազարավոր մարդիկ, որոնք վստահում են ՕԵԿ-ին, եւ մենք ավելացնելու ենք մեր դերակատարումը թե ԱԺ-ում եւ թե երկրի ներքաղաքական կյանքում:



-  Ինչպիսի՞ն են ձեր կուսակցության հարաբերությունները մյուս կոալիցիոն կուսակցությունների հետ: Այնպիսի տպավորություն կա, թե ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ անթաքույց մրցակցություն կա եւ միմյանց հանդեպ հակակրանք:



- ԲՀԿ-ի հետ մենք ունենք շատ նորմալ գործընկերային հարաբերություններ: Իսկ եթե ավելի մանրամասնեմ ու անկեղծ պատասխանեմ, պետք է Ձեզ հարցնեմ՝ կասե՞ք մի ոլորտ, լինի դա օրենսդիր թե գործադիր, որտեղ ՕԵԿ-ն իր աշխատանքներով հետ է մնում ԲՀԿ-ից կամ խնդիր ունի մրցակցելու: Միայն այս գումարման ԱԺ-ում ՕԵԿ խմբակցությունը շուրջ 50 օրենքի նախագծի հեղինակ է: ՕԵԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, իրենց սկզբունքները, ծրագրերն ու գաղափարները: Ուրիշ խնդիր, եթե յուրաքանչյուր կուսակցություն պետք է ցույց տա իր ծրագրերի ու գաղափարների կենսունակությունն ու մրցունակությունը: «Օրինաց երկիրն» ունի իր մոտեցումներն ու առաջնահերթությունները: Դրանք մենք ներկայացնում ենք հանրությանը: Ժողովուրդն է որոշում, թե ում վստահի ու քվեարկի: Իսկ այն, թե ՕԵԿ-ն անթաքույց մրցակցում կամ հակակրանք ունի ԲՀԿ-ի նկատմամբ, դա ընդամենը տպավորություն է, գուցե շատերին ձեռնտու տպավորություն:



- Ձեր կանխատեսումներով ովքե՞ր շանս ունեն մտնելու խորհրդարան եւ ի՞նչ հարաբերակցությամբ: Ոմանք ՕԵԿ-ի շանսերը ցածր են գնահատում: Այդ ուղղությամբ աշխատանք ձեր կուսակցությունում տարվո՞ւմ է, թե՞ դուք վստահ եք, որ «հաղթել եք», եւ այդ ուղղությամբ քայլեր չեք ձեռնարկում:



- «Օրինաց երկիր» կուսակցության հաղթաթուղթն այն հսկայածավալ աշխատանքն է, որը մեր թիկունքում է: Չկա հասարակությունում մի խավ, որն իր մաշկի վրա զգացած չլինի ՕԵԿ-ի ինչ-որ լավ գործի արդյունք: 200-ից ավելի օրենքի հեղինակ ու համահեղինակ ենք` վերաբերող հասարակության ամենատարբեր խավերին: Թե ոմանք ՕԵԿ-ի շանսերն ինչպես են գնահատում, մեզ քիչ է հետաքրքրում: Կարեւորը՝ մենք վստահ գնում ենք առաջ, մեր կուսակիցների ու համակիրների բանակն օրեցօր ավելանում է, մեր տարածքային կառույցներն ակտիվորեն աշխատում են: Մի քանի օր առաջ Երեւանում բացեցինք 120-րդ գրասենյակը: Ովքեր կանցնեն խորհրդարան՝ կոալիցիոն 3 կուսակցությունները կլինեն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»: Սա իմ կարծիքն է: Իսկ ավելի հստակ ցույց կտան ընտրությունները: Վերջիվերջո ժողովուրդն է որոշում:



- Ժամանակին Դուք գնացիք Ազատության հրապարակ եւ կանգնեցիք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Ձեր համարձակ ելույթը շատերն են հիշում: Ձեր քաղաքական ճանապարհները բաժանվեցին: Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության պայքարին, չկայացած երկխոսությանը, արտահերթ ընտրություններին: Չէ՞ որ ժամանակին այդ խավն էր նաեւ ձեր էլեկտորատը:



- Միանշանակ սխալ է պնդել, որ այդ պահին Ազատության հրապարակում հանրահավաքներին մասնակցողները ձայն էին տվել Արթուր Բաղդասարյանին: Նրանք ավելի շատ ձայն էին տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՕԵԿ-ի ու ՀԱԿ-ի քաղաքական ճանապարհները երբեք նույնը չեն եղել, որ բաժանվեն: Եթե դուք հիշում եք, մինչեւ փետրվարի 19-ը` ընտրության օրը, դեռ բավականին ժամանակ կար, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն ՕԵԿ-ին, այլեւ բազմաթիվ կուսակցությունների քաղաքական շանտաժի էր ենթարկում՝ «Եթե ինձ հետ չես, ուրեմն ազգի դավաճան ես»: Իսկ իմ` Ազատության հրապարակ գնալն ու ելույթ ունենալը բացարձակ կապ չուներ Տեր-Պետրոսյանի հետ: Այնտեղ հավաքվել էին մեր հայրենակիցները, որոնց ես փոխանցեցի ՕԵԿ մոտեցումները հետընտրական գործընթացների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին. յուրաքանչյուրն ինքն է որոշում իր մարտավարությունը: Արտահերթ ընտրությունների հիմք չկա, ու անցկացնել արտահերթ ընտրություններ հերթականից մի քանի ամիս առաջ: Չնայած ՀԱԿ-ի նման պահանջը, իմ կարծիքով, պայմանավորված է մինչեւ հերթական ընտրություններ իր կողմնակիցներին անընդհատ լարվածության ու մոբիլության մեջ պահելու մտայնությամբ: Իսկ երկխոսությունը պետք է շարունակել, քանի որ դա արդյունավետ միջոց է երկրում կնճռոտ խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու համար:



-  Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններին: Այդ վերադարձն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՕԵԿ մարտավարության եւ ճակատագրի վրա:



- Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում էքս նախագահները, կարող են վերադառնալ կամ հեռանալ մեծ քաղաքականությունից: Քոչարյանի ենթադրյալ վերադարձը ՕԵԿ մարտավարության վրա՝ չեմ կարող ասել  ինչ ազդեցություն կունենա, քանի որ դա կախված կլինի նրա` քաղաքական գործընթացներին մասնակցելու ձեւաչափից: Իսկ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ՕԵԿ ճակատագրի վրա, պետք է կարճ ու հստակ ասեմ` ոչ մի: ՕԵԿ ճակատագիրն Արթուր Բաղդասարյանի ու մեր կուսակցականների ձեռքերում է:



- Ինչո՞ւ Ձեր կուսակցությունում այլ կանայք, բացի Ձեզանից, չեն երեւում: Դո՞ւք եք ակտիվ եւ ստվերում եք նրանց, թե՞ նրանք են պասիվ:



- «Օրինաց երկիրը» հնարավորությունների կուսակցություն է: Դա պայմանավորված է կուսակցության առաջնորդի առաջադեմ մտածողությամբ եւ մոտեցումներով: Պարոն Բաղդասարյանը շատ կանանց է վստահել բարձր պաշտոններ: Մենք ունենք կանանց միություն, հրաշալի նվիրյալներ, որոնցից ոմանք ավելի հրապարակային են գործում, մյուսները՝ ավելի քիչ: Օրինակ, ԱԺ պատգամավորի գործունեությունը հրապարակային է, իսկ, ասենք, դպրոցի տնօրենի աշխատանքը` թերեւս ոչ: Սակայն ՕԵԿ-ում կանայք միշտ էլ ակտիվ են:



- ՕԵԿ-ը մեկ տարի առաջ համալրվեց նոր դեմքերով, դրանք հիմնականում որոշակի իմիջով անձինք էին: Նոր, երիտասարդ ուժեր չեն երեւում: Ինչո՞ւ: Երիտասարդներն ընտրում են ա՞յլ կուսակցություններ, թե՞ մեր ժողովրդի պոտենցիալն է նվազել:



- Մի քանի օր առաջ ես հանդիպում ունեցա ՕԵԿ երիտասարդական միության 150 հոգանոց ակտիվի հետ: Միությունն այսօր ակտիվ ընթացքի մեջ է: Հազարավոր երիտասարդներ են համալրել միության շարքերը: Նրանց ակտիվությանն ու համախմբվածությանը կարելի է ականատես լինել երիտասարդական ամենամյա «Օրինաց ամառ, աշուն, ձմեռ» հավաքներին, տարատեսակ միջոցառումներին: Իհարկե, կուսակցությունը վերջին շրջանում համալրվեց հայտնի դեմքերով, ճանապարհ անցած ու իմիջ ունեցող մարդկանցով, բայց մենք չենք մոռանում մեր երիտասարդներին, ավելին՝ առաջիկա նախընտրական գործընթացներում դուք ականատես կլինեք կարող, գրագետ, կրթված ու պոտենցիալ ունեցող բազմաթիվ ՕԵԿ-ական երիտասարդների, որոնք ներկայացված կլինեն նաեւ նոր խորհրդարանում:



Գեղամ Ստեփանյան