Ո՞ր իրավունքն է հաճախ խախտվում

Ո՞ր իրավունքն է հաճախ խախտվում
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, բացի մարդկանց հաղորդակցությունն ապահովելուց, նաեւ այնպիսի գործառույթներ է կատարում, որոնք տասնամյակներ շարունակ վերապահված է եղել դասական մեդիաներին: Եթե առաջ հասարակական կարծիքը ճշտելու համար լրագրողները տեսախցիկով ու ձայնագրիչով դուրս էին գալիս փողոց, ապա այսօր տեխնիկական հնարքների միջոցով դա անում են համակարգչի առջեւ նստած: Այսպիսով, հարցում անցկացնելու հնարավորություն ունենում են ոչ միայն լրատվամիջոցները, այլեւ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են մարդկանց կարծիքը ճշտել այս կամ այն խնդրի վերաբերյալ:



«Ֆեյսբուքում» հարցադրումները տարբեր տեսակի եւ որակի են: Այստեղ հանդիպում են ինչպես «Ո՞ր գույնն եք սիրում» կամ «Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում» պարզ հարցեր, այնպես էլ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող քաղաքական, տնտեսական եւ հասարակական խնդիրների վերաբերյալ հարցադրումներ: Մեր ուշադրությունը գրավեց հետեւյալ հարցադրումը. «Ո՞ր իրավունքն է ամենից հաճախ խախտվում Հայաստանում»: Ամենից հաճախ տրված պատասխանն է՝ «Արդար դատաքննության իրավունքը», որը կազմել է ընդհանուր պատասխանների գրեթե 40 տոկոսը:



Քաղաքացիները գտնում են, որ մեր դատական համակարգը հավատարիմ չէ արդարադատության սկզբունքներին: Ֆեյսբուքցիները, որպես Հայաստանում հաճախ խախտվող իրավունք, նշել են նաեւ ազատ տեղաշարժվելու եւ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքները: Սա ավելի քան հասկանալի է, հատկապես եթե հիշենք ընդդիմության հանրահավաքի օրերին մարզեր-Երեւան տրանսպորտի վիճակն ու դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքի հանրայնացումը:



Հարցմանը մասնակցածները նաեւ նշել են սեփականության, ազատ արտահայտվելու եւ ազատ ընտրություն կատարելու, ինչպես նաեւ մի շարք այլ իրավունքներ: Քաղաքացիներից մեկն էլ այդ ամբողջն ամփոփել է մեկ նախադասությամբ. «Մի խոսքով` գրեթե բոլոր իրավունքները»: