Արդյո՞ք ծուղակ չէ առաջարկը

Արդյո՞ք ծուղակ չէ առաջարկը
Երեւանի գլխավոր ճարտարապետի եւ Հայաստանի ճարտարապետների միության միջեւ ձեւավորվող եւ օր-օրի խորացող անհամաձայնությունը քաղաքաշինական այս կամ այն հանգույցի վերաբերյալ, բնականաբար, պետք է ինչ-որ կերպ լուծում ունենա: Լուծում ենթադրող տարբերակներից մեկն էլ այն է, որ քաղաքապետարանի կողմից առաջարկվել է Ճարտարապետների միությանը 15 հոգուց կազմված ճարտարապետների ցուցակ ներկայացնել, որոնք միության անունից հանդես կգան Քաղաքաշինության խորհրդում եւ կազդեն քննարկվող նախագծի ընդունման վրա: Առաջարկը քննարկվել է Ճարտարապետների միության վարչության նիստում, եւ վերջնական որոշման չեն եկել՝ արդյո՞ք իմաստ ունի ուղարկելը, թե՞ ոչ:



Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ ոչ այն է՝ ուզում են, ոչ այն է՝ չեն ուզում: Վերջնական որոշում կընդունեն այն ժամանակ, երբ ինքն անձամբ կհանդիպի քաղաքապետին եւ իր մտահոգությանը կհայտնի առաջարկի վերաբերյալ եւ կներկայացնի համագործակցելու իրենց՝ միության մշակած տարբերակը:



«Մեր ցուցակով ընտրած ճարտարապետների խումբը Քաղաքաշինության խորհրդում թեկուզ 50 տոկոս գումարած մեկ ձայն լինի, անգամ 70 տոկոս, մինչեւ իսկ 100 տոկոս էլ կազմի, միեւնույն է, դա չի համարվելու Ճարտարապետների միության միաձայն կարծիքը: Երբ Քաղաքաշինության խորհրդում որեւէ հարց է քննարկվում, ընդունված որոշումը ոչ թե մեր միության, այլ Քաղաքաշինության խորհրդի վերաբերմունքն է դառնում, իսկ մենք ուզում ենք, որ մեր դիրքորոշումն առանձնացված, ընդգծված երեւա»,- ասում է Մինասյանը:



Փոխարենը միությունն ունի իր այլընտրանքային առաջարկը, այն է, որ մի տասն օր առաջ իրենց ուղարկեն նախագիծը կամ հայեցակարգը քննարկվող քաղաքաշինական տվյալ հանգույցի վերաբերյալ, որպեսզի քննարկեն եւ իրենց կարծիքն առանձին գրությամբ ուղարկեն քաղաքապետին: «Բայց, որքանով ես գիտեմ, չեն ցանկանում այս տարբերակով աշխատել: Պարզապես ուզում են մեր ցանկն ունենալ իրենց մոտ, իսկ թե դրանից հետո ինչ կլինի՝ ես լավ եմ պատկերացնում: Եթե ընդունված որոշման տակ նշվի, որ 50 գումարած մեկ ձայնը Ճարտարապետների միության ձայնն է, դրանից հետո ես որեւէ լրատվամիջոցով չեմ կարող իմ դժգոհությունը հայտնել, որովհետեւ ասելու են՝ ձեր ուզածն արել ենք, ձերոնք էլ քվեարկել են, էլ ոչ թերթով հանդես արի, ոչ էլ հեռուստատեսությամբ բողոքի ինչ-որ բանի վերաբերյալ»:



Հենց այդ ամենը բացատրելու համար է, որ պարոն Մինասյանն ուզում է քաղաքապետին հանդիպել, քանի որ Քաղաքաշինության խորհրդում նստած ճարտարապետը հինգ րոպեում չի կարող ամբողջ միության կարծիքը հայտնել: Բացի այդ, Քաղաքաշինության խորհրդում բոլորն էլ միության անդամներ են, եթե այդ տեսանկյունից նայեն, փաստորեն, մինչ այդ էլ նրանք միության կարծիքն են հայտնել, ինչը բնավ էլ այդպես չէ:



«Ուզում ենք, որ հասարակությունը տեղյակ լինի, թե Ճարտարապետների միությունն ինչ հստակ դիրքորոշում ունի առաջարկվող այս կամ այն քաղաքաշինական նախագծի վերաբերյալ: Դեմ է, թե կողմ է՝ երեւա, որ դա Ճարտարապետների միության դեմքն է: Հակառակ դեպքում առանձին անհատի ցանկությունը կամ առաջնահերթությունը կլինի, թեկուզ այդ անհատին մենք ենք երաշխավորել, բայց դա մեր կարծիքը չի լինի: Ուրեմն ճիշտը միությունում քննարկելն է եւ առանձին մեր դիրքորոշումը հայտնելն առաջարկվող ցանկացած քաղաքաշինական նախագծի վերաբերյալ»,- պարզաբանում է Ճարտարապետների միության նախագահը:



Գուցե փակուղի է կամ ծուղակ քաղաքապետարանի առաջարկը Ճարտարապետների միությանը, որ Քաղաքաշինության խորհրդի անդամներից 15-ի թեկնածությունն իրենք առաջարկեն: Այդպիսով, ընդունված որոշումը հնարավորություն չեն ունենա վիճարկել, քանի որ միության ձայնը նույնպես կլինի տվյալ նախագծի քվեարկության մեջ: Հենց այս մտահոգությունն էլ հավանաբար ստիպում է պարոն Մինասյանին հանդիպել քաղաքապետին եւ հստակեցնել աշխատանքային հարաբերությունները քաղաքաշինական խնդիրներ լուծելու հարցում:



Ֆելիքս Եղիազարյան