Ինչո՞ւ ենք տիրաժավորում թուրքական ապրանքը

Ինչո՞ւ ենք տիրաժավորում թուրքական ապրանքը
«Թուրքական բանակը մտել է Իրաք



Թուրքական բանակն այսօր Իրաքում ռազմական օդուժի աջակցությամբ ցամաքային օպերացիա է սկսել` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններին ոչնչացնելու համար: Հիշեցնենք, որ, ըստ ավելի վաղ տարածված տեղեկության, գրոհայինները հարձակվել էին թուրք-իրաքյան Հակյարի բնակավայրում գտնվող զինվորակաների վրա եւ 24 թուրք զինծառայողի սպանել, 18-ին վիրավորել էին»:



Այս փոքրիկ լրատվության մեջ, որ սիրով տիրաժավորել են մեր բազմաթիվ կայքեր ու թերթեր, ցավոք, չի հիշատակվում աղբյուրը, որ տրամադրել է տեղեկատվությունը: Սակայն առանց դրա էլ անզեն աչքով նկատելի է ինչպես թուրքական պետության, այնպես էլ թուրքամետ շրջանակների ձեռագիրը:



Տպավորությունը, որ ստեղծվում է, այն է, որ Թուրքիան` ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ այդ օրինակելի երկիրը, օրուարեւ չունի քուրդ «բոեւիկների» ձեռքից, որոնք զենք են վերցրել նրա պետականության դեմ եւ սպանում ու վիրավորում են զինվորներին ու սպաներին: Խեղճ Թուրքիա…



Իսկ հիմա` մեր մասին, որ, բնական է, սիրում ենք Թուրքիայի հետ կապված ամեն ինչ այսքան կարեւորել ու վերատիրաժավորել սեփական ԶԼՄ-ներով: Ընդ որում, հաճախ դա անում ենք նաեւ տեղեկատվության աղբյուրը չնշելով, ինչը կարող է պատճառ հանդիսանալ ընթերցողի կողմից ոչ ճիշտ ընկալման: Էլ չենք խոսում օտար լրատվամիջոցների մասին, որոնք կարող են իրենց հերթին շարունակել ինֆորմացիայի տարածումը` սխալմամբ հղում անելով հենց հայաստանյան աղբյուրներին: Իսկ հայկական աղբյուրները, այ քեզ բան, կարող են եւ ոչնչով չտարբերվել թուրքականից ու ադրբեջանականից:



Հակամարտող կողմերին տրված բնորոշումներով խնդրո առարկա տեղեկատվությունն ինձ ակամա հիշեցրեց Գորբաչովի ժամանակների հայ գրոհայիններին ու վերնաշապիկավորներին, որոնք 1988-ի փետրվարին ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու հայրենի Արցախը խորհրդային ու ադրբեջանական պատժիչներից: Երկրաշարժի առիթով Հայաստան այցելած Գորբաչովը հենց «գրոհային» ու «սեւվերնաշապիկավոր» անվանեց այդ մարդկանց, եւ այդ բնորոշումն էլ տարածում գտավ խորհրդային այն տարիների մամուլում` չհաշված «հայ էքստրեմիստներ» ձեւակերպումը: Այն ժամանակ, իհարկե, դա կպավ մեր սրտին, բողոքեցինք, սկսեցինք ապացուցել հակառակը, որ ազատագրական պայքարի մարտիկը երբեք արժանի չէ նման որակումների: Չեմ կարծում, թե անցած 23 տարիներին մեր գոնե այս համոզման մեջ փոփոխություն է տեղի ունեցել: Մենք հիշում ու մեծարում ենք Արցախի ազատամարտի հերոսներին, միշտ ակնածանքով վերաբերվում Հայաստանի անկախության ակունքներում կանգնած անհատականություններին, որոնք Խորհրդային Հայաստանի հայության մեջ սերմանեցին ու տարածեցին իսկական անկախության վեհ գաղափարները:



Իսկ ի՞նչ է եղել, որ հանկարծ սկսել ենք թութակել բռնակալների գրչի տակից դուրս եկած լրատվությունն ու որակումները, ինչո՞ւ հանկարծ Թուրքիան սկսեց մեզ պատկերանալ ժողովրդավարական երկրի մոդել, մի երկիր, որը, չբավարարվելով սեփական տարածքում անկարգությունները ճնշելով, տեսեք-տեսեք, որպես երկրորդ Ամերիկա, սկսել է անօրինականության ու հակաժողովրդավարության դեմ պայքարել նաեւ հարեւան երկրներում: Իսկ ո՞ւմ դեմ: Լրատվությունից դա շատ լավ երեւում է` Քրդական աշխատավորական կուսակցության զինյալ, ահաբեկիչ գրոհայինների դեմ: Իր սեփական հայրենիքում մի ամբողջ ազգի ահաբեկած պետության հանդեպ մի քիչ շատ չէ՞ մեր հարգանքը, արդարացի՞ ենք արդյոք քրդական շարժման մասնակիցներին տրվող բնորոշումներն ընդօրինակելու հարցում:



Հաճախ են վիճում` Հայաստանն այս տարածաշրջանում որեւէ կարգի ֆակտոր հանդիսանո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում նաեւ մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ մեր վերաբերմունքով ու գնահատականներով: Բայց մենք, գուցեեւ ունենալով մերը, չգիտես ինչու, թութակի նման կրկնում ու պատճենում ենք ուրիշինը: Ինչո՞ւ: Մանավանդ, եթե չենք նշում այս կամ այն լրատվության աղբյուրը, դժվա՞ր է տվյալ նյութում սեփական վերաբերմունքն արտահայտելը:



Սեփական վերաբերմունքը, սակայն, պետք է արտահայտվի ոչ թե ինչ-ինչ որակումներով, այլ լուրջ քաղաքական գնահատականներով: Վերջերս մեզանում լայն տարածում են գտել անձերի, հատկապես Ադրբեջանի նախագահի հասցեին հնչեցվող ծաղրական որակումները` պստիկ, պուճուր եւ այլն: Սա հակադարձում չէ, հավատացեք, այլ ընդամենը լեզու հանել, որ հատուկ է, լավագույն դեպքում, չար երեխաներին: Լուրջ խոսքը, վերաբերմունք պարունակող լուրջ խոսքն է միայն ընդունակ տպավորություն թողնել հանրության վրա:



Վերջաբանի փոխարեն կցանկանայի վերը բերված ինֆորմացիան ներկայացնել այնպես, ինչպիսին կցանկանայի տեսնել այն հայկական լրատվամիջոցներում: Եվ այսպես`



«Թուրքական բանակը մտել է Իրաք



Թուրքական բանակն այսօր, ներխուժելով Իրաքի տարածք, ռազմական օդուժի աջակցությամբ ցամաքային լայնածավալ օպերացիա է սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալ մարտիկների դեմ: Հիշեցնենք, որ, ըստ ավելի վաղ տարածված տեղեկության, իրենց ժողովրդի իրավունքների ոտնահարման դեմ պայքարող քուրդ մարտիկները հարձակվել էին թուրք-իրաքյան Հակյարի բնակավայրում գտնվող զինվորականների վրա, սպանել մինչեւ ատամները զինված 24 թուրք զինծառայողի եւ վիրավորել եւս 18-ին»: Սա պետք է լիներ հայկական ԶԼՄ-ների արձագանքն այս իրադարձությանը:



Էդիկ Անդրեասյան