Ամուր փակել դեսպանության դռները դիլետանտների առաջ

Ամուր փակել դեսպանության դռները դիլետանտների առաջ
Օրերս մենք գրել էինք, որ Բելգիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանը, ավարտելով իր դիվանագիտական ծառայությունը, Հայաստան չվերադառնալու որոշում է կայացրել եւ փորձել է մնալ Բելգիայում: Մեր բելգիական աղբյուրները պնդում են, որ նա քաղաքական ապաստան է խնդրել եւ փորձել է ընդդիմադիր ներկայանալ: Ինքը՝ Մկրտչյանը, հերքում է այս փաստը եւ հայտարարում, որ ապաստան չի խնդրել, այլ մնացել է հիվանդության պատճառով: Մենք փորձում ենք պարզել իրականությունը, սակայն մի բան հստակ է, որ մեր դիվանագետները եւ բարձր պաշտոնյաները հաճախ են խախտում պարկեշտության սահմանը եւ, օգտվելով իրենց բարձր դիրքից, հիմնավորվում են տարբեր երկրներում: Այս փաստն է մեկնաբանում արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:



Բանակում զինծառայողի համար օրինակ է ծառայում գեներալի կերպարը: Դիվանագիտության ասպարեզում դիվանագետը փորձում է նմանվել դեսպանին: Սա բնական է: Այնպես որ Բելգիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանի գործուղման ավարտին բրյուսելյան իշխանություններից քաղաքական ապաստան ակնկալելը, որին անդրադարձել էր «Հրապարակը», չպետք է խիստ անակնկալ լիներ եւ կայծակ ու ամպրոպ թվար հայկական դիվանագիտության անամպ երկնակամարում:  Երիտասարդն ընդամենը կրկնում է այն, ինչն իրենց թույլ են տալիս արտաքին  գերատեսչության մի շարք առաջատար մասնագետներ: Բրյուսելյան միջադեպն անշուշտ նրա մեղքն է: Սակայն, եթե կուզեք իմանալ, այն գլխավորաբար հայկական դիվանագիտության կադրային քաղաքականության մեղքն է, նրա բացասական հատկանիշներից մեկը:



Մի՞թե իսպանական արքունիքի գաղտնիք է  այն տխուր իրողությունը, որ մի շարք հայ  դեսպաններ, թողնելով հայրենիքը, սփռվել են աշխարհով մեկ` տուն-տեղ դնելով օտար ափերում: Եթե չենք ուզում նմանակել ջայլամի հատուկ ժեստը, այլ պատրաստ ենք իրերն անվանել իրենց անուններով, ապա ստիպված ենք խոստովանել, որ  մի ողջ նախարարություն տառապում է կադրային էրոզիայով, փտախտով: Այն էլ ի՜նչ նախարարություն:



Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած պետականություն կանգնած է 3 հիմնասյուների վրա` բանակ, արտաքին քաղաքականություն, հետախուզություն: Դրանցից յուրաքանչյուրի թուլությունը կամ պակասավորությունը կրծում է համակարգի արմատները, խարխլում նրա հիմքերը: Պետությունն ամուր է այն  դեպքում, երբ համալրված է բարձրակարգ,  հուսալի եւ նվիրված պրոֆեսիոնալներով: Այս հարցում դժվար է գերագնահատել ԱԳՆ-ի նշանակությունը:  Մեր դիվանագիտական ծառայության վերլուծությունն առանձին թեմա է: Ասենք միայն, որ Հանրապետության հրապարակի այդ տանն ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ: Երբ 20 տարվա մեջ առաջին անգամ արտաքին գերատեսչության գլուխ կանգնեց պրոֆեսիոնալ դիվանագետ, ըստ տրամաբանության,  պետք է որ անցյալում եղած բացթողումները շտկվեին, նախարարության գործունեությունը կատարելագործվեր եւ հղկվեր: Սակայն հույսերն ի դերեւ ելան: Այսօր այդ «թագավորությունում ինչ-որ բան սխալ է»: Ո՞րն է խնդիրը: Առանց մտնելու մանրամասների մեջ՝ կարելի է նշել ամենակարեւորը. այսօր դիվանագիտական ծառայությունում ամուր դիրքեր է գրավել մարտնչող դիլետանտիզմը: Համոզվելու համար աչքի անցկացրեք մեր դեսպանների ցուցակը: Մնացածն ածանցյալ է:



Ինչ  վերաբերում է դիվանագետի տուն չդառնալուն, ինչ աստիճան էլ որ նա ունենա` ազգային խայտառակություն է: Գիտե՞ք արդյոք մեկ այլ երկիր, որի դիվանագետներն այդպես թքեն իրենց խմած ջրհորի մեջ եւ դատափետեն սեփական իշխանությունները արտասահմանյան առաքելությունն ավարտելուց հետո: Էլ ինչո՞վ են նրանք տարբերվում իրենց այն հայրենակիցներից, որոնք պատրաստ են համալրել միջազգային հոմոսեքսուալիստների շարքերը, միայն թե բույն դնեն արտասահմանում: Համաձայն չե՞ս քո իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականության հետ: Քո գործն է: Բայց ծառայիր ազնիվ եւ հարգիր լոյալության կոդեքսը: Այն անխախտ է: Իսկ եթե հեռանում ես, հեռացիր պատվով, տղամարդավարի, առանց օյինբազությունների:



Ինձ կարող են առարկել: Ինչո՞ւ այդքան հիվանդագին ընդունել մեր դիվանագետների դրսում մնալը, երբ հազարավոր հայեր լքում են Հայաստանը: Նրա համար, որ վերոբերյալ ծառայությունների զինվորագրյալների հեռանալն արգահատելի է բարոյական առումով եւ ուխտազանցություն` ծառայողական կոդեքսի տեսանկյունից: Ամենուր կան շտեյկբրեխերներ` դավաճաններ: Մենք նրանց մասին չենք խոսում: Իսկ   նվիրյալները երկիրը չեն թողնում, մենության չեն մատնում հարազատին, եթե  նրա  վիճակը ծանր է: Ընդհակառակը՝ նրանց վերաբերվում են ավելի հոգացավ, որովհետեւ դրանք անքննելի կատեգորիաներ են, բացարձակ արժեքներ: Սիրիր հայրենիքդ նաեւ վատ եղանակին: Սա պետք է լինի բանական մարդու պոստուլատը` կանխադրույթը:



Բնականաբար, կարող է հնչել սակրամենտալ` ավանդական հարցը. ի՞նչ անել: Ամենից առաջ դիվանագիտությունը, ինչպես նաեւ ուժային բոլոր կառույցները հայտարարել ապաքաղաքական, ապագաղափարախոսական, վերկուսակցական գոտի: Հակառակ դեպքում դեմոկրատիայի մասին երազելն անգամ ավելորդություն կլինի: Հիմնովին վերափոխել արտգործնախարարությունը: Վախենալ պետք չէ: Այստեղ սայթաքումներն ու վրիպումներն այնքան շատ են, որ հարկ է դիմել արմատական-վիրաբուժական միջոցների: Ընդհուպ կազմալուծել ԱԳՆ-ն` թողնելով այնտեղ մի քանի տասնյակ բարձրակարգ եւ կարող մասնագետներ (դրանք, բարեբախտաբար, կան), որոնք «քաշում» են ողջ բեռը, սակայն ստվերում են մեկուսացված առանցքային պրոբլեմների լուծումից, եւ որոնք երբեք չեն դառնալու դեսպաններ: Հետո հավաքել նոր թիմ: Ազգի արգանդը դեռ չի չորացել եւ չի դադարել մտածող ուղեղներ ծնել: Անաչառ, բաց եւ թափանցիկ ճանապարհով մեկտեղել շնորհալի երիտասարդների:



Արգելել «դուրսպրծուկների» մուտքը նախարարություն, որոնց հղփացած եւ թերուս ծնողները, քամելով Հայաստանի բոլոր «հյութերը», հիմա էլ երազում են իրենցից ընդամենը մի քիչ ավելի կարդացած ժառանգներին տեսնել դիվանագետի փառքով պսակված: Դափնեպսակը չէ, որ զարդարում է գլուխը, այլ` հակառակը: Մեկ էլ, եթե ուզում ենք ունենալ իրոք գործող դիվանագիտություն, ստիպված ենք հարգել այդ արվեստի ոսկե օրենքը: Ասել կուզի՝ պինդ փակել դեսպանության դռները դիլետանտների առաջ: Ամեն մարդ թող անի իր գործը` վարսավիրը մազ կտրի, շինարարը տուն կառուցի, իսկ արտաքին քաղաքականությամբ թող զբաղվեն միայն ու միայն դիվանագետները, ինչպես որ գրեթե չորս դար առաջ ասել է բոլոր ժամանակների մեծագույն դիվանագետ կարդինալ Արման Ռեշիլիեն: Մարդկությունն այլ բան դեռ չի հնարել: