Ձկնորսությամբ զբաղվո՞ւմ եք

Ձկնորսությամբ զբաղվո՞ւմ եք
Եթե սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացին զարթնում եւ միանգամից զգում է անկախացած մարդու բոլոր սքանչելի հատկանիշները, ապա հոկտեմբերի 21-ին նույն այդ քաղաքացին զարթնում եւ զգում է, որ ինքը հաշվված ու հաշվառված է նաեւ իր անձին վերաբերող ամեն մի մանրուքով` ունեցվածք, աշխատանք, զբաղմունք, հավատ, սոցիալական վիճակ, կապը դրսի աշխարհի հետ եւ այլն: Իսկ հարցաթերթիկի հարցերն այնպես են մշակված, որ ինչ ձեւով էլ փորձես պատասխանել` ստես թե ճիշտ պատասխանես, միեւնույն է՝ քո անձը կա, ապահովված ես աշխատանքով, նշանակում է` եկամտով, իսկ եկամուտ ունեցողը, պարզ է` ունի բարձր կենսամակարդակ եւ ազատ ժամերին կարող է հանգստանալ ու վայելել իր նախասիրած զբաղմունքը:



Ապարանյան համայնքներից մեկում մեզ հաջողվեց զրուցել  հաշվառողներից մեկի հետ, որը խնդրեց իր անունը չհրապարակել: «Ինչո՞ւ» հարցին զրուցակիցս տվեց անկեղծ պատասխան. «Մեզ հրահանգված է մեր գործունեության մասին լռել, խուսափել լրագրողներից, ընդհանրապես մեր արած աշխատանքների մասին ոչ ոքի չպատմել: Եթե իմ անունը հրապարակվի, այն գրոշները, որ պիտի ստանամ, պարզապես չեմ ստանա: Իսկ իմ կատարած աշխատանքն այդ գրոշների համեմատ ավելի շատ արժե: Նախորդ մարդահամարին նույնպես հաշվառող եմ եղել, բայց այն ժամանակ մարդկանց ուղղված հարցերն այդքան շատ չէին, ավելին` այդքան խրթին ու զավեշտական չէին: Այդ պատճառով սկզբից ուզեցա հրաժարվել, հետո մտածեցի` մի քանի օր կչարչարվեմ, մի քանի կոպեկ կստանամ: Մեր համայնքի 30 ընտանիքի հետ գործ ունեցա, բոլորին էլ շատ լավ ճանաչում եմ: Գիտեմ որտեղ են ստում, որտեղ են ճիշտ ասում: Իհարկե, ես հարցաթերթիկը լրացնում եմ իրենց ասածով, սակայն մտածում եմ՝ լավ, ինչի՞ համար են այդ հարցերը: Չէ՞ որ մեզ անհրաժեշտ է իմանալ, թե մեր երկրում քանի մարդ է ապրում, ոչ թե Հայաստան Ապրեսյանի հավերն օրական քանի ձու են ածում:



Դրա նպատակն է՝ եթե ածում են, նշանակում է Հայաստան Ապրեսյանը զբաղվում է հավերով, կուտ ու ջուր է տալիս, հավանոցը մաքրում է, հավերին մաքուր օդի է հանում եւ այլն: Եթե նա այդքանն անում է, նշանակում է` նա զբաղված է, գործազուրկ չէ ու ապահովված է աշխատանքով: Կամ հարցերից մեկն այսպիսին է. ինչքա՞ն սեփականաշնորհված հող ունես: Հաջորդ հարցը` մշակո՞ւմ ես: Բոլորը պատասխանում են` ոչ, բայց ես հո գիտե՞մ, որ ոմանք մշակում են, իսկ թե ինչու են «ոչ» ասում, հետո իմացա. եթե ասեն, որ մշակում են, պետությունը կարող է հարկ ու տուրքն ավելացնել: Կամ այսպիսի հարց. Հայաստանից դուրս բարեկամ ունե՞ք, փող ուղարկո՞ւմ են: Հարցի երկրորդ մասի պատասխանը միանշանակ «ոչ» է: Ինչու են ասում «ոչ», դարձյալ պատասխանը նույնն է՝ կարող է փողի վրա էլ պետությունը հարկ ու տուրք դնի»:



Ստացվում է, որ մարդիկ ստում են` ելնելով ինչ-ինչ հանգամանքներից: Պետությունն էլ այդ սուտը կխմբագրի` ելնելով դարձյալ ինչ-ինչ հանգամանքներից: Արդյունքում կստացվի, որ Հայաստանում գործազրկություն չկա, արտագաղթի մասին  խոսք լինել չի կարող, կենսամակարդակը բարձր է, դավանանքը` ազատ, բնակչությունը` երեք միլիոնից ոչ պակաս: Իսկ, ասենք, ինչի՞ն է ծառայում հարցաթերթիկի հետեւյալ հարցը` ձկնորսությամբ զբաղվո՞ւմ եք: Իհարկե այո՝ կպատասխանի ապարանցին: Արագածի գագաթին մի լիճ կա` Քարի լիճ: Գիշերուզօր Ապարանն իր 2 տասնյակ համայնքներով այդ լճից ձուկ է որսում: Եվ ի՞նչ:



Նորայր Գրիգորյան