Ֆիզիկական բռնությունների եւ ճնշումների թիվն ավելացել է

Ֆիզիկական բռնությունների եւ ճնշումների թիվն ավելացել է
Խոսքի և մամուլի  ազատությանը վերաբերող օրենսդրական  դաշտում 2011թ.-ի երրորդ եռամսյակում երկու ակներև փոփոխություններ են եղել: Առաջինը  վերաբերում էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծին, մյուսը`  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի նորմի , որը ՀՀ վճռաբեկ դատարանը կիրառել էր «Ա1+» հիմնադիր «Մելտեքս»ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը վերադարձնելիս:



Թեմայի շուրջ երեկ լրագրողների հետ խոսեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: «Հուլիսին կառավարությունը հաստատեց հանրային և մասնավոր հեռուստաընկերություններում պարտադիր հեռարձակվող առնվազն մեկական մանկական և կամ լրատվական հեռուստահաղորդում`սուրդոթարգմանությամբ: Այս հարցի քննարկումը ԱԺ-ում սպասվում է աշնանային նստաշրջանի ընթացքում:



ՀՀ Սահմանադարական դատարանը բավարարեց «Ա1+»-ի հիմնադրի դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի հիման վրա (դատական ակտի վերանայման կանոնների վերաբերյալ):Սրանով «Ա1+»-ին հնարավորություն տրվեց նորից դիմել վճռաբեկ դատարան»,-ասաց բանախոսը` հավելելով, որ այս տարվա երրորդ եռամսյակում ուշագրավ են դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների:



«Քաղաքական գործիչները անհանդուրժող են դարձել իրենց հասցեին հնչող քննադատությունների  նկատմամբ: Ուստի հետամուտ են լինում` պատժելու լրատվամիջոցներին, և դատարանները օգնում են նրանց: Միանշանակ բոլոր դեպքերում հայցերը ընդդեմ ԶԼՄ-ների բավարարվում են»,- ասաց Ա.Մելիքյանը:



Նախորդ տարվա համեմատ ավելացել է ԶԼՄ-ների նկատմամբ ֆիզիկական բռնությունների և ճնշումների թիվը:



Գոհար Փեփոյան