Դատական նիստի հաջորդ լսումները տեղի կունենան մայրաքաղաքում

Դատական նիստի հաջորդ լսումները տեղի կունենան մայրաքաղաքում
Բերդ քաղաքի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կեսօրին կայացավ բանակում սպանված սպա Արտակ Նազարյանի գործով դատական հերթական լսումը: Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանից բացի, այսօր այդ պարտականությունների կատարմանը միացավ նաեւ Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:



Նիստի ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ գործով երեք ամբաստանյալների ծնողները, հրաժարվելով հանրային պաշտպան Կարեն Ղալումյանի ծառայություից, պայմանագիր են կնքել երկու այլ փաստաբանների՝ Ազատ Շահբազյանի եւ Ալվարդ Մնացականյանի հետ: Նրանք էլ խնդրեցին դատարանին իրենց տրամադրել գործով առկա նյութերը՝ 10 հատոր, որպեսզի գոնե 15 օր կարողանան ուսումնասիրել դրանք:



Փաստաբան Մ. Շուշանյանը դատավորին միջնորդություն ներկայացրեց` պահանջելով փոխել տարածքային ընդդատությունը եւ հետագա նիստերն անցկացնել Երեւան քաղաքի որեւէ վարչական շրջանի դատարանում:



Դատավորը մերժեց սույն միջնորդությունը, սակայն, հաշվի առնելով, որ Բերդ քաղաքը բավական հեռու է Երեւանից, որտեղ բնակվում է գործով ներգրավված անձանց մեծամասնությունը, եւ առաջիկայում, ձմռան հետ կապված, եղանակային պայմանները կարող են խոչընդոտ հանդիսանալ, որոշում կայացրեց իրականացնել արտագնա դատական նիստեր Երեւան քաղաքում: Ի դեպ, սրանք փաստաբանի բերած փաստարկներն էին: Իսկ նախորդ նիստին փաստաբան Շուշանյանի նման միջնորդությունը դատավոր Սամվել Մարդանյանը մերժել էր:



Դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 14-ը: Հաջորդ նիստը կկայանա Երեւանում, սակայն դեռ հստակ որոշված չէ, թե որ վարչական շրջանի դատարանում: