Գասպարիին ազատ արձակեցին

Գասպարիին ազատ արձակեցին
«2008թ. ձեւավորվեց նախընտրական դաշինք, որը փայլուն կատարեց իր աշխատանքը, հաղթեց ընտրություններում: Հետո փորձ արվեց շարժմանը տալ այլ բնույթ, իսկ անվանումը` Հայ ազգային կոնգրես, իր մեջ պարունակում էր քաղաքացիական ֆորումի տարբերակ: Սա լավ նախաձեռնություն է, բայց չի կարող լինել որեւէ կառույցի քաղաքացիական ֆորում: ՀԱԿ-ի քաղաքացիական ֆորում նշանակում է Վրաստանի գլոբուս»,- հայտարարեց արտաքին գործերի նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն շաբաթ օրը կայացած «Քաղաքացիական ֆորումի ռազմավարությունը» թեմայով երկրորդ քննարկման ընթացքում:



«Ես իմ խոսքը կասեմ այնտեղ, որտեղ ինքս կուզեմ՝ լինի դա Ազատության հրապարակը, թե Բաղրամյան 26–ը։ Ես արգելում եմ որեւէ մեկին ինձ հաթաթա տալ, ինքս էլ հաթաթա տվող եմ, թող որևէ մեկն ինձ չասի՝ ով հարթակում չի, վախկոտ է, ինքս էլ վախ չափող եմ։ Ես ձեր գաղափարախոսությունը չեմ կիսում, չեմ ուզում ձեր կողքին լինել»,– ասաց նա` ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի ընթացքում։



Նիկոլ Փաշինյանը հակադրաձեց բանախոսին` ասելով, որ  քաղաքացիական ֆորումն իշխանությանը վերահսկողության ֆունկցիա ունի. դա հնարավոր է, եթե իշխանությունն օրինական է, իսկ ապօրինի իշխանությանը հնարավոր չէ վերահսկել, պետք է հեռացնել կամ հանդուրժել:



Քաղաքացիական ֆորումի մասնակիցները հետո շարժվեցին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Այստեղ մոտ  երեք ժամ քննվեց ՀԱԿ-ի ակտիվիստ  Վարդգես Գասպարի  խափանման միջոց ընտրելու հարցը: Դատարանը որոշեց նրան ազատ արձակել գրավի դիմաց`  800 000 դրամ:



Դատարանի շենքի մոտ հավաքվածները վանկարկում էին այն նույն արտահայտությունները, որոնց համար բերման էին ենթարկել ակտիվիստին: «Ալիկ` խուլիգան», «Սերժ հեռացիր» եւ այլ վանկարկումներով ՀԱԿ-ի ներկայացուցիչները եւ քաղաքացիները սպասեցին մինչ ուշ երեկո: Այստեղ էին ՀԱԿ ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանը, Վահագն Խաչատրյանը, ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ուրիշներ։



Հարություն Մկրտչյան