Նախագահի եղբայրը պետք ա իմ ուղեղն ունենա

Նախագահի եղբայրը պետք ա իմ ուղեղն ունենա
«Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, որի որդիներից մեկը համարվում է ոստիկանության կողմից ձերբակալված բանդայի պարագլուխը, իսկ մյուս որդին եւ հարսը եւս շարունակում են այս գործով ձերբակալված մնալ, երեկ հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Նա նաեւ դիմել եւ հանդիպում է խնդրել նախագահ Սերժ Սարգսյանի հետ:



«Եթե պրեզիդենտն ինձ չընդունի, ես ամեն ինչի կգնամ, կգնամ իրա բանի դեմը՝ վրես նավթ կլցնեմ-կվառեմ ինձ»: Հակոբյանը շարունակում է պնդել, որ իր որդիներն անմեղ են, եւ դրա համար իր հիմնավորումներն է ներկայացնում:



- Ալիկ Սարգսյանն էլ էր ինձ ասում, որ տղես՝ Արտուշը, ուղեղն ա բանդայի: Ասում եմ՝ բայց տղուս տնից մի բան գտե՞լ եք՝ չէ, ո՞վ ա ցուցմունք տվել իմ տղուն, որ ասում են պարագլուխն է եղել: Ասենք, դրանցից մեկը ճանաչո՞ւմ է նրան, տեսե՞լ է, որ ինքն էդտեղ ա եղել, որ ուզում են պարագլուխ սարքել: Ըտենց խոսում էինք՝ էս կողմ, էն կողմ, Սարգսյանն ասեց՝ ոչ ոք չի ասում, բայց դե ինքն ուղեղն ա եղել, իրան չեն տեսել, բայց ըտենց բան ո՞նց ա լինում: Ասում ա՝ փողը բերել-տվել են իրան, բայց ըտենց ո՞նց ա լինում, որ տալիս են, պիտի ճանաչեն, չէ՞: Դուրս եկավ, որ փչոցի էր: Ես էլ մի քիչ նեղացած էի, ասեցի՝ դուք ինչ ուզեք, մարդու վրա շառ կանեք, կծեծեք, կբռնեք-կտանեք: Ես հիմնականում շեշտը փոքր տղուս վրա էր, որ, ասենք, օգնում էր իմ գործերում, մեծ տղաս էլ էր օգնում: Դե հիմի էն հարսին են բռնել, հեսա 40 օրը լրանալու ա՝ բաց թողնեն: Ամեն օր ասում են՝ էսօր բաց կթողնենք, էգուց... քննություն ա, մնում ա ինձ բռնեն՝ թոռներս սոված կոտորվեն: Դե հիմի ուզում են մեղադրեն առանց գողոնի, առանց ոչ մի բանի: Ոչ ոք չի ճանաչում էդ խմբից, առերեսում արել են. դե ես պաշտպանի միջոցով եմ ամեն ինչ իմանում: Ես լսեցի, որ մի հոգու շատ ծեծել են, եւ մենակ ինքն ա ասել, որ՝ հա, Արտուշին ճանաչում ա: Բայց ըտենց բան չկա: Սարգսյանն էլ ասեց, որ ոչ մի բան առայժմ չեն գտել:



- Այդ դեպքում ինչպե՞ս էր պնդում, որ Արտուշն է պարագլուխը, եւ վնասազերծված խումբը վերջին շրջանի բազմաթիվ հանցագործություններ կատարած բանդան է:



- Ես էլ էդ հարցը տվեցի իրեն: Ասում եմ՝ դե եթե ասեք, որ ինքը պարագլուխն էր, բռնել եք արդեն բավականին մարդիկ, տեղեկություններ եմ ասում, ասենք պաշտպանից իմանալով, մի քանի տեղից իմանալով, մեկն ասել ա՞, որ Արտուշը բան ա արել՝ չէ, ասում ա՝ Արտուշը ուղեղն ա եղել, է հա, ըտենց...



- Լավ, բա ինչո՞ւ են նման բաներ անում, ի՞նչը կարող էր դրդել, ո՞ւմ հետ եք կոնֆլիկտ ունեցել:



- Ես կոնֆլիկտներ չունեմ, ես «Բարգավաճ» կուսակցության նախագահն եմ եղել երկար տարիներ (նկատի ունի Գառնիի մարզային կառույցի), երեւի ըտենց իրար մեջ ընդհարում ունեն, մեկ ա՝ ես իմ կուսակցությունը փոխող չեմ, ով ուզում ա լինի, ես ընդդիմություն եմ եղել, եղել եմ Դեմիրճյանի կողմից, որտեղ ես կանգնել եմ, ժողովուրդն ինձ հարգել է, եւ 50, եւ ավելի տոկոս, ասենք, հաղթանակ ա եղել: Հիմի ես կանգնել եմ «Բարգավաճի» կողմը, «Բարգավաճն» էլ ընտրություններին դեպուտատական մեծ ձայներ ա հավաքել ստեղ: Երեւի դրա համար են սենց անում:



- Բայց ԲՀԿ-ն կոալիցիոն կուսակցություններից է, ընդդիմություն չէ:



- Հա, ես ինքս էլ համագումարների պալատում, որտեղ նստում ա մեր վարչապետը, դրա հետեւը համագումարների զալ կա, նիստերի ժամանակ մասնակցել եմ, որտեղ «Բարգավաճը» միացավ Հանրապետականի հետ: Ես ինքս էլ իմ ձայնը տվեցի: Դե, ասենք, կուսակցությունը միանում ա, ես էլ՝ կուսակցության Գառնիի նախագահ: Երեւի իրանք մտածում են հետագա ընտրությունների համար... Ոչ լուրջ բաներ, էլի: Չգիտեմ՝ էսօր եկել-երկիրը գրավել են, հիմի մտածում են՝ սենց կլնի, նենց կլնի, ես չգիտեմ...



- Պարոն Հակոբյան, Ձեր տուն եկե՞լ են խուզարկելու:



- Աղջիկ ջան, մեր տուն էլ են եկել, Արտուշի տուն էլ են գնացել, ախպորս տունն էլ են ստուգել, մյուս ախպորս տունն էլ են ստուգել, աղջկաս տունն էլ են ստուգել: Ես էսօր տարել էի, որ իրան ցույց տամ-ասեմ, որ ոչ մի բան չկա, մեր տնից ոչինչ չեն հայտնաբերել: Հակառակը՝ մեր տնից Քրիստոսի մեծ նկարն են տարել ՆՎԴ, իմ պատին փակցված էր, ամեն իրիկուն խաչ էինք անում: Դե, հավաքում են ինչ պատահում ա՝ հարսիս ոսկեղենը, ասենք ըտենց դիշովկա բաներ: Ես կոմունիստների ժամանակ էլ եմ աշխատել, բայց սենց բան չեմ տեսել:



- Իսկ Ձեր բանկային հաշիվները ստուգե՞լ են, մեծ գումարներ հայտնաբերե՞լ են, թե՞ ոչ:



- Իմ բանկային հաշիվները մաքուր են: Չէ, այ հոգուդ մատաղ, ի՜նչ գումար, բանվորի ռոճիկը հազիվ ամեն օր տալիս ենք, ամեն օր մեր բանվորն աշխատավարձ ա ստանում, ո՞նց կարանք էդքան...:



- Մի ժամանակ էլ լուրեր էին շրջանառվում, որ նախագահի եղբայրն է ուզում Ձեր բիզնեսին տիրանալ:



- Է հա, վերցնելը ո՞րն ա, պետք ա իմ ուղեղն ունենա նախագահի եղբայրը: Աղջիկ ջան, լավաշ արտադրողներ շատ կան, հո իմ պես չե՞ն կարում արտադրեն, ժողովուրդն իմ հացն ուտում ա ու մի գրամ չի թափում: Իմ հացի մեջ էն սնունդը կա, որ յուղի կարիք չի զգացվում: Աղջիկ ջան, ո՞վ կարա իմ սեփականությանը ոտնաձգություն անել, ոնց որ ասում ա՝ մարդասպանություն կլինի, կամ իրենք ինձ պետք է խփեն, կամ... Ըտենց բան չի եղել, աղջիկ ջան, ո՞նց կարամ ըտենց բան ասեմ, շառ անեմ մարդու գլխին:



- Ալիկ Սարգսյանի հետ հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացաք, հնարավո՞ր է պարզեն, որ ձերբակալվածներն անմեղ են, թե՞ կպնդեն, որ իսկական բանդան է:



- Ի՞նչ պնդեն, ոչ մի բան էլ չկարողացան պնդել, ոչինչ էլ չկարողացան ինձ ասեն, ոչ մի ստույգ բան, ոնց որ ասում ա, ինձ չասեցին: Հիմի, ասենք, ասում են, որ իմ որդին բանդայի պարագլուխն ա: Բանդայից բավականին մարդկանց են բռնել, բայց էսօր էլ գողություններ կատարում են, ձերբակալումից հետո քանի՞ դեպք եղավ: Եթե իմ տղան բռնված է, բանդայի անդամները բռնված են, ուրեմն բանդայի անդամները դուրսն են, եւ անմեղ մարդկանց են բռնել-տարել, ըտենց չի՞: Անհասկանալի բաներ կան, էլի: Դե հիմի մանրամասն ասում ես, շատ ես ասում, հետո ռեզոնանս ա ըլնում, հետո գալիս են, մեզ են կպնում: Տղերքիս, հարսիս բռնեցին, տունը մի երկու բան ունեինք՝ եկան-տարան: Հիմա մի բան էլ ասենք, հետո կգան ավելի կխորացնեն, չես իմանո՞ւմ էս երկիրը ոնց ա, ուզում են սենց էլ մտնեն Եվրոպա, սա անհնարին բան ա, բռնապետություն ա: Բիզնես են սնանկացնում՝ փոխարենը թողնեն մարդավարի աշխատենք, հազարավոր աշխատատեղեր ստեղծենք: Ոչ թե սրա փողերին աչք դնեն, նրա փողերին աչք դնեն, սրա բիզնեսը խլեն, նրանը խլեն: Հա, բիզնեսը խլեցիր, բայց պիտի կարանաս աշխատացնես, չէ՞: Ոչ թե հիմա իմ տարիքի՝ 80-ին մոտ մարդը ստիպված ա մտածի, թե ոնց հասցնի, որ ամեն օր պերեդաչի տանի մեկին բերդ, մեկին՝ ԿԳԲ, մնացել եմ ես ու թոռներս: Վիրավորական ա իմ տարիքի մարդու համար, սե՞նց պետություն էինք ուզում կառուցեինք, ուզում էինք կոմունիստները գնան, մենք մի հատ ազատ երկիր ստեղծեինք, որ ես ինքս Ղարաբաղի համար էնքան բան եմ արել, որ շատ քիչ մարդիկ կարային անեին: Խարկովից տանկեր եմ բերել-տվել նախարարության համար, տարիներ շարունակ զինուժի համար 10-15 տոննա հաց եմ թխել, Վազգեն Սարգսյանից շնորհակալություններ ունեմ, չկռված, բայց բանակին օգնած մարդ եմ, ես պատահական մարդ չեմ: Հիմա էլ պատերազմին մասնակից մեր գյուղացիների ընտանիքներին եմ օգնում, աշխատանք տալիս: Եթե ես հարգանք չպետք է ունենամ այս երկրում, ո՞վ պետք է ունենա: Որ մեզ չեն հարգում, դու ջահել աղջիկ ես, էլ քեզ ո՞նց կհարգեն: Գիտես, արդեն հազարից ավել ստորագրություն են հավաքել իմ գյուղացիները, աշխատողները, ուզում են բողոքեն, Գառնիի ճանապարհը փակեն, ասում եմ՝ պետք չի. տուրիստներ կգան, ամոթ ա:



- Իսկ տեսակցո՞ւմ եք Ձեր տղաներին եւ հարսին:



- Ո՞վ ա թողնում տեսնեմ, մեկին տարել են ԿԳԲ, կարա՞ս մտնես: Կոմունիստների ժամանակ հերս գնացել էր իրա եղբորը ԿԳԲ տեսնելու: Հիմի ինձ կթողնե՞ն, որ ես տղուս հետ խորհրդակցեմ, ասեմ՝ տղա ջան, դու ի՞նչ ես արել, որ կարող ա մի բան արել ես: Գոնե իրանց ներկայությամբ խոսամ: