ԱԳՆ-ի եւ ԱԳՆ-ականների թշվառությունը

ԱԳՆ-ի եւ ԱԳՆ-ականների թշվառությունը
Օրերս մեր թերթում հրապարակված «Դեսպանատան նախկին աշխատակիցը թունդ ընդդիմադիր է խաղում» հոդվածի հերոսի, Բելգիայում ՀՀ դեսպանության այլեւս նախկին աշխատակից Մուշեղ Մկրտչյանի արձագանքից եւ մեր փոքրիկ հետաքննությունից հետո ջրի երես ելան ԱԳՆ-ի բարքերի բավական խայտառակ դրվագներ:



Հոդվածում գրել էինք, որ Բելգիայում Հայաստանի դեսպանության արդեն նախկին երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանի պաշտոնավարման ժամկետը չնայած լրացել է այս տարվա հուլիսին, սակայն նա, հակառակ ԱԳՆ հետկանչին, շարունակում է մնալ Բելգիայում: Այնտեղի մեր հայրենակիցներն էլ հաղորդել էին, որ Մկրտչյանը պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո քաղաքական ապաստան է խնդրել տեղական իշխանություններից եւ այս նպատակով իր նախկին վերադասի՝ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի «ապօրինի» գործողությունների մասին հրապարակային հայտարարություններ արել:



Ի դեպ, նշել էինք նաեւ, որ Մկրտչյանի պաշտոնի համար վերեւներին բարեխոսել էր հայրիկը՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, որն իր մասնագիտությամբ ռեժիսոր որդուն տեղավորել է դիվանագիտական աշխատանքի: Եվ ահա, մեր հոդվածին Մուշեղ Մկրտչյանն արձագանքել էր, որ ինքը քաղաքական ապաստան չի խնդրել եւ նպատակ էլ չունի մնալու Բելգիայում, ու կրկնել էր հոր խոսքերը, թե՝ զուտ առողջական խնդիրներով է մնում Բելգիայում ու հույս ունի, որ շուտով կվերադառնա Հայաստան:



«Դեսպանությունում իմ գործուղման ավարտի կապակցությամբ ես զեկուցագիր եմ գրել ԱԳՆ՝ առ այն, որ առողջական պատճառներով ստիպված եմ իմ խնայողությունների հաշվին որոշ ժամանակ մնալ Բելգիայում, եւ խնդրել եմ իմ բացակայությունը համարել հարգելի»,- գրել էր մեզ Մուշեղ Մկրտչյանը: ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանն էլ հաստատեց, որ «Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության ս.թ. հուլիսի 12-ի գրությամբ (պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 10-ին) ՀՀ ԱԳՆ է փոխանցվել Մ. Մկրտչյանի զեկուցագիրը, որտեղ նա մասնավորապես նշում է, որ, առողջական խնդիրներից ելնելով, ի վիճակի չէ վերադառնալ Երեւան, եւ խնդրում է իր բացակայությունը համարել հարգելի»:



«Հարկ է նշել, որ առողջական խնդիրների դեպքում բացակայությունը համարվում է հարգելի համապատասխան բժշկական փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, սակայն, աշխատակցին ընդառաջելու նպատակով, այդ հնարավորությունը բացառության կարգով նրան տրվեց»,- նշված է ԱԳՆ-ից մեր ստացած պատասխան գրությունում: Ստանալով ԱԳՆ-ի թույլտվությունը, մնալով նաեւ ԱԳՆ կադրերի ռեզերվում, բուժման նպատակով հայրենիք չվերադարձած նախկին պաշտոնյան շուտով սկսում է դեսպան Ադոնցին հրապարակային քննադատել: Սրանով արժանանալով պրն Ադոնցի եւ հայ համայնքի որոշ ներկայացուցիչների վրդովմունքին:



Մեր բելգիահայ հայրենակիցները նկատում են, որ բելգիական իշխանություններն առողջական խնդիրներ ունեցող այլ հայազգիների բուժման նպատակով կեցության իրավունք չեն տրամադրում եւ թույլ չեն տալիս օգտվել իրենց երկրի բուժհաստատությունների ծառայություններից: Այս իրավիճակն է ստեղծվել մոտ մեկ տարի, ինչպես իրենք են նշում, «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մի գրությունից հետո, որով տեղեկացել են, որ Հայաստանն ունի համապատասխան բժշկական օգնություն ցույց տալու հնարավորություն, այդ թվում՝ դիալիզի կենտրոններ, եւ հայերի՝ իրենց երկրում մնալու, բժշկական օգնություն ստանալու պատճառաբանությունն այլեւս չի ընդունվում:



Այս գրության հիմքով էլ բժշկական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին երկրից դեպորտ են անում: Գուցե Մկրտչյանն ընդդիմադիր հայտարարություններ է անում, որ այդպիսով կեցությո՞ւն ստանա, հետեւաբար բուժվի տվյալ երկրում: Կամ գուցե Մկրտչյանը դիվանագիտական անձնագրի շնորհի՞վ է կարողանում օգտվել տեղի բուժծառայություններից: Բայց ԱԳՆ-ից տեղեկացանք, որ Մկրտչյանը ժամանակավոր անաշխատունակությունը հիմնավորող փաստաթղթեր, այսինքն բժշկի տեղեկանք երկու ամսվա ընթացքում չի ներկայացրել:



«Հաշվի առնելով այն, որ անցել էր մոտ 2 ամիս, իսկ Մ. Մկրտչյանի կարգավիճակն անհրաժեշտ էր ճշտել (կամ նշանակել համապատասխան պաշտոնի ԱԳՆ-ում, կամ տեղեկանալ նրա ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կամ նրա հիվանդության` դիվանագիտական ծառայությանը խոչընդոտելու դեպքում ազատել ԱԳՆ համակարգից), նրան հանձնարարվել էր համապատասխան բժշկական հաստատությունից իր ժամանակավոր անաշխատունակությունը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնել, որոնք նա այդպես էլ չի ներկայացրել: Չստացվեց նաեւ նշված հանձնարարականը չկատարելու վերաբերյալ պահանջված բացատրությունը»: Եվ ահա, օրեր առաջ ԱԳՆ-ն Մկրտչյանին համակարգից ազատելու հրաման է արձակել: «Իմ ազատման հրամանը վերջերս փոստով ստացա, միայն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքից մի քանի հոդվածներ են նշված, առանց բացատրությունների»,- գրել էր մեզ Մկրտչյանը:



«Ի՞նչ հիմքով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի ո՞ր հոդվածների համաձայն է Մկրտչյանի ազատման հրամանն արձակվել» մեր հարցմանը ԱԳՆ-ից կոնկրետ չպարզաբանեցին: «Հարկ է նշել, որ այդ ընթացքում (նկատի ունեն պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո) Մ. Մկրտչյանը հրապարակավ քայլեր էր կատարում, որոնք համատեղելի չէին նրա դիվանագիտական կարգավիճակի հետ եւ խախտում էին ՀՀ կառավարության կողմից 2002 թ. հաստատված «Դիվանագետի էթիկայի կանոնները»»:



Իհարկե, հստակ հոդվածներ չեն վկայակոչվել, բայց պարզեցինք, որ հեռացրել են այն բանի համար, որ Մկրտչյանը «չարտոնված, վերեւների հետ չհամաձայնեցված» շփում է ունեցել մամուլի հետ եւ  հրապարակային քննադատել է դեսպանին: Ի դեպ, նման ստալինյան մեթոդներ ԱԳՆ-ում սկսել են գործել Էդիկ Նալբանդյանի նշանակումից հետո: Ասում են՝ նա արմատախիլ է անում ցանկացած ինքնուրույնություն, եւ ԱԳՆ խոսնակի աշխատաոճը՝ որ մեզնից գրավոր հարցեր է պահանջում եւ օրեր շարունակ ձգում դրանց պատասխանելը, եւս դրանով է բացատրվում: Հետաքրքիր է, որ անգամ պաշտոնաթողությունից հետո դիվանագետներն իրավունք չունեն կարծիք արտահայտելու: