Եկեղեցին նոր արտոնություններ է ուզում

Եկեղեցին նոր արտոնություններ է ուզում
Հայ առաքելական եկեղեցին օժտված է բազմաթիվ արտոնություններով. օրենքներով ամրագրված եւ առանց օրենսդրական կանոնակարգման: Օրինակ, որեւէ հարկային տեսուչի մտքով չի անցնի այցելել եկեղեցի եւ հարցնել, թե ինչու մոմ վաճառողը ՀԴՄ կտրոն չի տրամադրում, կամ կնունքի, պսակի, թաղման, տնօրհնեքի արարողություն կամ ծես կատարող որեւէ հոգեւորական մինչ այժմ չի մեղադրվել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ եկամտահարկ, սոցվճար չմուծելու մեջ: Ավելին՝ եկեղեցին ունի հսկայական սեփականություն, որը չի հարկվում. ոչ հողի հարկով, ոչ գույքահարկով: Բայց եղած արտոնությունները եկեղեցուն քիչ են թվում, եւ Հայ առաքելական եկեղեցին  ձգտում է ավելի ընդլայնել իր արտոնությունների շրջանակը, դրանց տալ օրենսդրական ձեւակերպում:



Հայ առաքելական եկեղեցին դիմել է կառավարությանը «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին», ՀՀ Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու առաջարկությամբ: Կառավարությունն ընդառաջել է եկեղեցուն եւ համապատասխան օրինագիծ ուղարկել ԱԺ, կցելով մի ցանկ, որում ընդգրկված շինությունները եւ տարածքները, ըստ եկեղեցու, ազատվելու են հողի եւ գույքի հարկերից: Ցուցակում 286 շինություններ եւ օբյեկտներ են, այդ թվում՝ 2 արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան, 3 խանութներ եւ տաղավարներ, 4 արտադրամաս, ֆուտբոլի 11 մարզադաշտ՝ իր կից կառույցներով, 2 ճաշարան եւ սրճարան, 5 ճամբար, 4 արոտ եւ արոտավայր, 2 կինոթատրոն, 35 բնակարան, 4 առանձնատուն եւ վիլլա, 45 հողամաս, 3 պանսիոնատ եւ առողջարան, 2 ատամնաբուժարան, մի խոսքով՝ մի հսկայական կարողություն:



Հայ առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ԱԺ-ին ուղղված իր նամակն ավարտում է հետեւյալ օրհնությամբ. «Առ Աստված աղոթքով մաղթում ենք քաջառողջ կյանքի տարիներ, գործոց հաջողություններ եւ ամենայն բարիք»: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, լսելով ցուցակում ներառված մի քանի շինությունների գործառնական նշանակությունը, հետաքրքրվեց, թե արդյոք ցուցակում չկա՞ն եկեղեցուն պատկանող սաունաներ, որոնց համար եկեղեցին ցանկանում է հարկային արտոնություններ ստանալ: Կարելի է պատկերացնել, թե ինչ անեծք կգրեր Արշակ եպիսկոպոսը, եթե լսեր Բոստանջյանի խոսքերը, չնայած չի բացառվում, որ վիլլաներում կամ առանձնատներում կարող են սաունաներ լինել:



Նման արտոնության տրամադրմանը դեմ էին այլ պատգամավորներ եւս: Կարելի է կանխատեսել, որ եթե նման արտոնություն տրամադրվի եկեղեցուն, ապա արտոնություններ կուզեն մյուս եկեղեցիները եւս, իրենց բողոքներով հեղեղելով եվրոպական ատյանները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ այդ արտոնությունը տրամադրվում է հօգուտ պետական ինստիտուտների՝ համայնքների, որոնք պետք է ստանային այդ հողի հարկը եւ գույքահարկը: ԱԺ նախագահն ասում է, որ կան համայնքներ, որ ապրում են այդ հարկերի, եկամուտների հաշվին: Մինչդեռ տարածքային կառավարման նախարարությունը, որ ներկայացնում է օրենքի նախագիծը, չի հետաքրքրվում, թե ինչպես պետք է փոխհատուցել համայնքների կորուստները՝ եկեղեցուն նման արտոնություններ շնորհելու դեպքում:



Նախկինում Հովիկ Աբրահամյանի տեղակալ, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հակադարձեց, որ, անկախ հարկային արտոնություններ սահմանելուց, միեւնույն է՝ համայնքները եկեղեցու սեփականությունը հանդիսացող գույքից եկամուտներ չեն ստացել, իսկ նման արտոնություններ սահմանելը բացատրեց հասարակական կյանքում Հայ առաքելական եկեղեցու դերակատարմամբ:



Այն, որ Էջմիածինը, բացի եկեղեցիներից, Հայաստանում այլ հսկայական ունեցվածք է տիրապետում, կարելի էր ենթադրել, բայց որ այդ ունեցվածքը կարող է նման ընդգրկում ունենալ, պարզ է դառնում միայն ներկայացված ցուցակից, որը դեռ ամբողջական չէ: Ըստ էության, եկեղեցին մշտապես օգտվել է հարկային արտոնություններից, եւ դա նպաստել է եկեղեցու տնտեսական գործունեության ընդլայնմանը: Եթե պետությունը եկեղեցուն նոր արտոնություններ տա, դրանք ամրագրի օրենքով, ապա պարզ է, որ եկեղեցին կկարողանա ավելի մեծացնել իր տնտեսական գործունեության տարածքը եւ մի քանի տարի անց 2 ատամնաբուժարանի փոխարեն կունենա 22-ը, 2 սրճարանի փոխարեն՝ մի քանի անգամ ավելի շատ սրճարան, պանսիոնատ, վիլլա եւ այլ եկամտաբեր ունեցվածք:



Ավելի տրամաբանական կլիներ ոչ թե հարկային արտոնություններ տրամադրել եկեղեցուն, այլ ընդհանուր հարկային դաշտ բերել նրան, հատկապես նրա այն գործունեությունը, որը չի վերաբերում հոգեւոր ծառայությունների մատուցմանը: Այլապես ինչ տարբերություն հարկային արտոնություն ունեցող օլիգարխների եւ եկեղեցու միջեւ. չէ՞ որ նրանք էլ են այդ արտոնությունից առաջացած գումարներից մի մասով բարեգործություն անում՝ հանուն մեղավոր հոգու փրկության:



Ավետիս Բաբաջանյան