Աստղերը հուշում են, բայց... Մեզ չեն հաշվում

Աստղերը հուշում են, բայց... Մեզ չեն հաշվում
Հայրենի իշխանություններն ու իշխանական լրատվամիջոցները որքան էլ ջանացին, անցած շաբաթ չկարողացան տեղավորվել մարդահամարի աստղացույցի տակ: Շատ ավելի հասկանալի լեզվով ասած` հայաստանցիներս այդպես էլ չապրեցինք այդ կարեւորագույն իրադարձությամբ: Մեզ հաշվում էին, իսկ մենք հոգով-մտքով բոլորովին այլ հարթություններում էինք: Այս «մարդահամարի» հետեւանքները մենք հետո կզգանք, երբ հրապարակվեն արդյունքները, ու «պարզվի», թե որքան մարդ կա Հայաստանում, թե նրանց որ մասն ունի ընտրելու իրավունք եւ մոտավորապես ինչ բարձրության վրա է գտնվում թվանկարչության հնարավոր շեմը:



Իշխանության ներկայացուցիչներն իհարկե մեզ կմեղադրեն կանխակալ կասկածամտության մեջ, բայց, ներողություն, նախորդ ընտրություններն առայժմ հիմք չեն տալիս լավատեսության:



Ավարտված մարդահամարի հարցաշարը, ինչպես նկատեցինք, զուտ գլխաքանակ ճշտելու միտումներ չուներ: Նկատելի էին թե սոցիալական հարցերը, թե բարոյականության ոլորտի հետ կապված խնդիրները, թե խղճի ու կրոնական հավատալիքների մասին տեղեկություններ ժողովելու մեծ ցանկությունը: Այս ամենին ավելացրեք նաեւ հաշվարարների զուտ մարդկային հետաքրքրասիրությունը, եւ պատկերը լրիվ կամբողջանա: Իսկ ո՞ւմ էր պետք այս ամենը: Մասնագետները գլուխները խոհափիլիսոփայաբար հիմա վերուվար կանեն ու կասեն` պետք էր, այսպիսի խորքային մարդահամար մեզ իրոք պետք էր: Բայց այդ դեպքում նաեւ բացատրեք, թե ինչու է մեր պետությունն այդքան անփութորեն վերաբերվում այս կարեւորագույն իրադարձությանը, ինչու է հսկայական գումարներ վատնում, օրինակ, պարզելու համար, թե քանի ընտանիք բաղնիք չունի, երբ տառացիորեն ոչինչ չի անում եւ առաջիկա 6-7 տարիներին էլ չի անելու, որ այդ մարդիկ բաղնիք ունենան:



Ինքնանպատակ չե՞ն արդյոք գլխաքանակը ճշտելուց բացի մնացած բոլոր հարցերը: Նպատակ ունե՞ք երկրից հեռանալու` հարցնում են ինձ: Ոչ, հարգելի իշխանություն, ես ոչ մի նպատակ չունեմ իմ բացակայությամբ քեզ ուրախացնելու: Ինչ է, ուզում եք ճշտել մարդկանց պանդխտության դուռը հասցնելու գործում ձեր ձեռքբերումների իրական չա՞փը: Ինչո՞ւ եք տալիս այս հարցը, երբ ունակ չեք որեւէ բան ձեռնարկել արտագաղթը կասեցնելու համար, երբ վստահ եք, որ, ձեզնից բացի, գրեթե բոլորն են երազում երկրից հեռանալու մասին:



Որոշ լրատվամիջոցներ աղմուկ են բարձրացրել, որ մարդահամարի գործընթացներում որպես հաշվարարներ ներգրավել են նաեւ Եհովայի վկաների, որոնց համար հրաշալի առիթ էր ստեղծվել այցելելու մարդկանց բնակարաններ եւ ճշտելու նրանց աստվածավախության աստիճանը: Դուք Հայ առաքելական եկեղեցու հետեւո՞րդ եք, թե՞… Տո քո ի՞նչ գործն է, թե ով եմ ես, թե ով է ինձ մկրտել եւ որ եկեղեցում, ես մոմը գլխի՞ց եմ վառում, թե՞ տակից… ցանկությունն իհարկե մեծ է այս հաշվարարին տնից վռնդելու, բայց, մտածում ես` նորմալ մարդ է, մեկը նրանցից, որ նաեւ ՀՀ նախագահին է հաշվառել:



Պաշտոնապես կհերքե՞ն այս խայտառակությունը մեր իշխանությունները: Չգիտեմ: Հավանաբար` ոչ: Ինչո՞ւ: Մի պարզ պատճառով` չեն կարող: Որովհետեւ կընկնեն ավելի ծիծաղելի վիճակի մեջ: Միակ ելքը, թերեւս, ինքնարդարացումն է` մենք ի՞նչ իմանայինք, որ Եհովայի վկաները կարող են այդքան հնարամիտ գտնվել եւ խցկվել հաշվարարների շարքերը. նրանց ճակատին հո գրված չէ՞, որ Եհովայի վկա են: Այո, հարգելի իշխանություններ, ձեր ճակատին էլ գրված չէ, որ դուք մշտնջենական եք: Այնպես որ… երկու բառ էլ ասենք այն իրադարձության մասին, որ մեր ուշադրությունը շեղեց իր վրա եւ մեզ ազատեց այս մարդահա… մարդախելագարության հողի վրա խելագարվելուց: Դա, անշուշտ, ՀՀԿ-ԲՀԿ ներկոալիցիոն մենամարտն էր, որ սրվեց մամուլի ակումբներում եւ խորհրդարանական ճեպազրույցներում: Բոլորի ուշադրության կենտրոնում ՀՀԿ ղեկավար մարմնի անցյալ հինգշաբթի կայանալիք նիստն էր, որին ողջ մասմեդիան սպասում էր ինչպես Ցյուրիխում կայանալիք Հայաստան-Թուրքիա գրկախառնությանը: Այդ նիստը, որ պետք է հստակություն մտցներ մարդաշատությամբ աչքի ընկնող երկու գերկուսակցությունների հարաբերություններում, անողոքաբար ուշանում էր այնպիսի անկապ պատճառաբանությամբ, ինչպիսին վարչապետի եւ ԱԺ նախագահի` հանրապետությունում չլինելու հանգամանքն էր: Փոխարենը Հայաստանում էր Սերժ Սարգսյանը, եւ հանրապետականներն ստիպված եղան ուշացման մոտիվացիան փոխարինել այլ ձեւակերպմամբ` երբեմն պատահում է, որ ՀՀԿ ղեկավար մարմնի նիստերն այլ օրերի են գումարվում:



Եվ մեկ օր անց տեղի է ունենում նիստանման մի բան` հիասթափեցնելոով բոլոր անհամբերներին: Այո, ՀՀԿ-ում հավանաբար հաշվարկեցին, որ կոալիցիայի փլուզման կամ առավել ընդլայնված կազմով կոալիցիայի վերակազմման դեպքում շնչառությունն իրենց հաստատ չի բավարարելու մինչեւ առաջիկա ընտրություններ, եւ ավելի լավ է առնվազն մինչ ընտրարշավի մեկնարկն ունենալ ԲՀԿ-ի նման համեստորեն քննադատող կոալիցիոն գործընկեր, քան ի դեմս այդ նույն ԲՀԿ-ի` նույնքան ծանրաքաշ հակառակորդ, որ ԱԺ ընտրություններին առանձին ցուցակով գնալու հայտարարությունից հետո կարող է հայտարարել նաեւ 2013-ին սեփական թեկնածուին պաշտպանելու մասին:



Ասացինք, որ այս «տըժ» օրերին վարչապետը Հայաստանում չէր: Պուտինն ԱՊՀ-ն հերթական անգամ գլխին էր հավաքել Սանկտ Պետերբուրգում, եւ, ով զարմանք, Հայաստանի վարչապետին լուրջ դերակատարություն էր վստահված այդ հավաքին:



Նա պետք է մյուսներին մի լավ համոզեր, թե ինչ լավ միտք է նախկին ԽՍՀՄ-ի նման մի բան ստեղծելը եւ դժվարությունները միասին դիմագրավելը: Այցն այդ ահագին հաջող էր` «по полной программе». էլ Հայաստանի հաջողությունների մասին ընդարձակ ելույթ, էլ փաստաթղթերի ստորագրում, էլ Պուտինի հետ առանձնազրույց, էլ մայր բուհում դասախոսություն… եւ երրորդ երկրների հետ կապված՝ մի անչափ հետաքրքիր կետ, ըստ որի՝ մենք, փաստորեն, Ռուսաստանի հետ նույն վերաբերմունքը պետք է ունենանք երրորդ երկրի հանդեպ: Ադրբեջանն օրինակ, հրաժարվել է ստորագրել սրա տակ: Եվ մեր, եւ Ադրբեջանի պարագայում հարց է առաջանում` ինչո՞ւ:



Էդիկ Անդրեասյան