ՌԱՀՀԿ-ը դիտարկեց քաղաքական ուժերի եւ հասարակության հնարավորությունների սահմանը

ՌԱՀՀԿ-ը դիտարկեց քաղաքական ուժերի եւ հասարակության հնարավորությունների սահմանը
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցած սեմինարի ընթացքում փորձեց ներքաղաքական զարգացումների լույսի ներքո գնահատել, ճշտորոշել Հայաստանում քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության հնարավորությունները: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագետներ ու լրագրողներ: 



Սեմինարը բացեց ու նրա մասնակիցներին ողջունեց ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: «Այսօրվա քննարկման օրակարգը թելադրված է վերջին շրջանում ՀՀ ներքաղաքական կյանքում նկատվող որոշակի տեղաշարժերով, կոալիցիոն կուսակցությունների եւ ընդդիմադիր ուժերի գործունեության աշխուժացմամբ, ինչը նախընտրական պատրաստություններ է հիշեցնում»,- ասաց նա:



Ինչի՞ կարող  են հանգեցնել կուսակցությունների գործունեության իմաստն ու բնույթը, եթե հայաստանյան  քաղաքական դաշտում բացակայում է  ազատ ընտրությունների մեխանիզմը, իսկ արդարադատության համակարգը չի գործում: Այս թեմայի անդրադարձում ՌԱՀՀԿ հետազոտական աշխատանքի գծով տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը խնդիրը համարում է դժվարլուծելի, քանի որ ՀՀ-ում գործող օլիգարխիկ վարչակարգին, նրա դիտարկմամբ, զգալապես աջակցում են մի շարք քաղաքական ուժեր: Հետեւաբար, ըստ բանախոսի, ներքաղաքական դասավորության որեւէ փոփոխությամբ հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել երկրում: «Խնդիրն այն է, որ կուսակցությունների ակտիվությունը, Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների կատարման համար պայմանների բացակայության պատճառով, հանգում է քաղաքական ու տնտեսական արտոնությունների հարցում գործող վարչակարգի հետ սակարկման հնարավորություններ ապահովելու ջանքերին»,- համոզված է Սարգսյանը: Այս հանգամանքն էլ, նրա կարծիքով, ամրապնդում է ազդեցության ոլորտների բաշխման շուրջ պայմանագրային գործելաոճը, ինչի վրա խարսխված է օլիգարխիկ վարչակարգը:



Այնուհետեւ  ժողովրդավարական փոփոխությունների պայքարի իր տեսլականը, ինչպես նաեւ քաղաքական ու քաղաքացիական առանձին միավորների, անհատների շրջանակներում առկա մոտեցումները ներկայացրեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Ըստ նրա, կարեւոր է` եղած մոտեցումներում գտնել այն ընդհանուր եզրը, որն ի զորու է համախմբելու բոլորին եւ ձեւավորելու մեկ ընդհանուր օրակարգ: «Իշխանության գալու նպատակը պետք է տարանջատել իշխանություն ձեւավորելու մեխանիզմի հաստատումից, քանի որ առաջինը նեղ քաղաքական նպատակ է եւ չի կարող դառնալ համախմբող գործոն: Հասարակության մեծամասնությանն անհրաժեշտ է նոր տիպի պետության ստեղծում, համակարգափոխություն, այսինքն` ավելի համապարփակ ու լայն գաղափար»,- նշեց Վարդանյանը` կարծիք հայտնելով, որ մեզանում տակավին հաստատված չեն ժողովրդավարական մեխանիզմները, այդ թվում` իշխանության ձեւավորման գործիքակազմը:



Քննարկման ավարտին հնչած հարցերին բանախոսները սպառիչ պատասխաններ տվեցին:



Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը: