Ի պաշտպանություն փոխնախարար Տոնոյանի

Ի պաշտպանություն փոխնախարար Տոնոյանի
Օրերս մենք անդրադարձել էինք պաշտպանության նախարարությունում սկիզբ առած խարդավանքներին, որը հասունացել էր այն բանից հետո, երբ փոխնախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել էր «Բանակն իրականում» նախաձեռնության հետ, որը ղեկավարում է Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Այս հանդիպումից խորապես վիրավորվել էին Սեյրան Օհանյանի առաջին տեղակալ Վովա Գասպարյանը եւ ՊՆ գեներալիտետը: Քանի որ Գասպարյանը համարում է, որ Սաքունցի գլխավորած նախաձեռնությունը դրսից ֆինանսավորվող կառույց է` կասկածելի գործունեությամբ, այդ պատճառով Տոնոյանն իրավունք չուներ, իրենց հայտարարություններին հակառակ, ընդուներ նրանց:



Կարճ ասած, Տոնոյանը հայտնվել է պահպանողականների ճնշման թիրախում, սակայն վերջնական որոշումը նախարարինն է: Այսօր Օհանյանը վերադառնում է, եւ բոլորը սպասում են, թե նա ինչ որոշում է կայացնելու: Բայց ձեռքերը ծալած չի նստել նաեւ «Բանակն իրականում» նախաձեռնությունը, որը պատճառ է դարձել Տոնոյանի քարկոծմանը: Մեզ հասած տեղեկություններով, Սաքունցն իր աջակցությունն  է հայտնել Տոնոյանին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար. առաջարկել են՝ ասենք, պաշտպանող հայտարարությամբ հանդես գալ: Մենք փորձեցինք մանրամասները պարզել անձամբ Սաքունցից: Նախ խնդրեցինք մեկնաբանել այն խմորումները, որոնք տեղի են ունեցել հանդիպումից հետո:



«Ես խմորումների մասին ինֆորմացիա չունեմ, ի՞նչը մեկնաբանեմ»,-հարցրեց Սաքունցը, ապա ավելացրեց. «Մեզ էդ խաղերի մեջ մի քաշեք, հա՞: Մեզ համար Տոնոյան, Գասպարյան, Խաչատուրով գոյություն չունի, գոյություն ունի պաշտպանության նախարարություն ու ուղղակի պատասխանատու գերագույն գլխավոր հրամանատար, վերջ»: Մեր դիտարկմանը, թե տեղեկություն ունենք, որ իր օգնությունն է առաջարկել Տոնոյանին, վրդովված հարցրեց. «Ո՞վ է ասել դա: ԿԳԲ-ն գլուխը քարովն ա տալիս, որ իմ հեռախոսները լսում ա, ու էդ ինֆորմացիան կարային միայն ազգային անվտանգության մարմինները տային, եղա՞վ: Էդպես էլ շարունակի, ասա` հերիք ա լսեք իմ հեռախոսները»: Այնուամենայնիվ, որեւէ քայլով հանդես կգա՞ն, եթե Օհանյանը ոչ ի նպաստ Տոնոյանի որոշում կայացնի:



«Պաշտոնական գերատեսչությունը թե ինչ է ուզում անել, ինչպիսին է մոտեցումները... Մի կողմից դուրս է գալիս`  Գասպարյան Վովան իր արտահայտություններով գնահատականի չի արժանանում, Տոնոյանի հետ կապված, որը նորմալ հանդիպում է ոչ միայն մեր հետ, նաեւ «Չենք լռելու» կազմակերպության հետ...: Եթե էդպիսի բան լինի, իհարկե, դա եզրակացության հիմք ա տալիս: Իսկ թե ինչպիսի եզրակացություն, դրա մասին արդեն հրապարակային մենք կասենք»,-ասաց Սաքունցը: Նշենք, որ Գասպարյանի կողմնակիցները պահանջում են նույնիսկ պաշտոնանկ անել գործընկերոջը, բայց մի մասը կարծում է, որ Օհանյանը չի տրվի սադրանքներին եւ կսահմանափակվի խիստ նկատողությամբ` իրենց «թշնամի» ՀԿ-ների հանդեպ ոչ միասնական մոտեցման համար: