Ծառուկյանը հայտարարություն չի արել. ո՞ւմ տաշտակը կկոտրվի

Ծառուկյանը հայտարարություն չի արել. ո՞ւմ տաշտակը կկոտրվի
Այսօր կամ վաղը լրանում է ժամկետը, որի ընթացքում, ըստ իշխանական աղբյուրների, ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի. հայտարարո՞ւմ է 2013-ին Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, թե՞ դուրս է գալիս կոալիցիայից: Ռուսաստանից վերադարձած Սերժ Սարգսյանն այսօր կամ վաղը ՀՀԿ գործկոմի նիստում կասի իր որոշումը: Փաստ է, որ մինչ այժմ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին:



Ուստի երեկ ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը թերեւս վերջին նախազգուշացումն էր: Կոալիցիայի փլուզման առթիվ լրագրողների հարցերին ի պատասխան՝ վարչապետը հայտարարեց. «Ովքեր մեզ հետ կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի՝ կհայտնվեն կոտրված տաշտակի առջեւ»: Ավելի ուշ լրագրողի հարցին, թե «կոտրված տաշտակի» սպառնալիքը ԲՀԿ-ի՞ն էր ուղղված, Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ ձեզ նոր հոդվածների թեմա տվեցի»։ Վարչապետի խոսքով` Հանրապետականն այն կուսակցությունն է, որի շուրջ համախմբվել են կոալիցիոն գործընկերները, որն առանցքն է քաղաքական դաշտի, ու իր այդ դիրքը ՀՀԿ-ն ոչ միայն պահպանելու է, այլեւ զարգացնելու: «Փետրվարին մեր ստորագրած հուշագիրը հստակ ֆիքսել է այդ սկզբունքը. մենք համախմբված ենք Հայաստանի Հանրապետության նախագահի շուրջ եւ մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում: Դա չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել: Բոլորի համար ակնհայտ է, որ այդպես էլ լինելու է»,- տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը: Նրա համոզմամբ` ՀՀԿ-ն է այն առանցքը, որի շուրջ ձեւավորվելու է նոր քաղաքական ֆորմատը կամ քաղաքական դաշտը: «Այն կուսակցությունները, որոնք մեզ հետ կհամագործակցեն, կշահեն դրանից, որոնք չեն համագործակցի՝ իրենց գործն է: Բայց ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր լուրեր են տարածում Հանրապետական կուսակցության մասին, որ չարաչար սխալվում են մեր հնարավորությունները գնահատելիս: Հանրապետականն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է հանրապետությունում եւ ոչ միայն պահպանելու է իր դիրքերը, այլեւ ուժեղացնելու է: Դրա համար պարտավոր ենք մեր կուսակցության անունից այդ ազդակները հաղորդել մեր գործընկերներին` նաեւ մեր հստակ կեցվածքով, սկզբունքներին հավատարիմ մնալով»,-բացատրեց «ամենա-ամենա» կուսակցության վարչապետը` հավելելով. «Մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար»:



Ապագա խորհրդարանում հայտնվելու տեսլականով ՀՀԿ-ին միանալու կամ Սերժ Սարգսյանին այս կամ այն կերպ սատարելու մասին են հայտարարել քաղաքական դաշտից դուրս հայտնված մի շարք գործիչներ` Արտաշես Գեղամյանը,  Պարույր Հայրիկյանը, Դավիթ Հակոբյանը, Յուրի Մանուկյանը եւ Խոսրով Հարությունյանը, ովքեր այսօր կարող են հայտնվել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում։ «Մենք նույնպես պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, որովհետեւ մեր թիմի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, բազմիցս հայտարարել է այն մասին, որ ՀՀԿ-ն համախմբող է, եւ այն մարդիկ, որոնք պատրաստ են մեզ հետ համագործակցելու մեր երկրի ապագան կառուցելու գործում՝ մենք նույնպես պատրաստակամ ենք»,- հայտարարեց վարչապետը: Մեր հարցը, թե լուսանցքում հայտնված քաղաքական գործիչները, որոնք այսօր չկան քաղաքականության մեջ, կարո՞ղ են բարձրացնել ՀՀԿ-ի կշիռը, վարչապետին դուր չեկավ. «Հանրությունն է տալիս դրա գնահատականը` ընտրությունների միջոցով, եւ մենք էլ երբ որ ձեւավորում ենք մեր ցուցակը, հաշվի ենք առնում, թե հանրության վերաբերմունքն այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ ինչպիսին է»:



Դիտարկմանը, թե վերոնշյալ գործիչները չեն ընտրվել, վարչապետը հայտարարեց, որ ժամանակին աշխարհահռչակ Չերչիլն ու Դը Գոլն էլ չեն ընտրվել։ Փաստորեն, եթե Չերչիլն ու Դը Գոլն ապրեին մեր օրերում, նրանք էլ ՀՀԿ ցուցակ մտնելու հնարավորություն կունենային Արտաշես Գեղամյանից ու Խոսրով Հարությունյանից հետո` հատկապես որ, ինչպես ասաց վարչապետը, ՀՀԿ-ն կամուրջներ է կառուցում բոլորի համար: Ավելին` Տիգրան Սարգսյանը համոզված է, որ երկրի սոցիալ-տնտեսական ասպարեզում իր կառավարությունն արել ու անում է ամեն ինչ, մի բան էլ ավելի, զերծ պահելու համար մեզ` հանրությանը, «ցնցումներից», ու դա նրան «հաջողվել է»: Իսկ ամենօրյա թանկացումները, սոցիալական խնդիրների սրացումները ցնցումներ չեն:



Երեկ նաեւ պարզվեց, թե այնուամենայնիվ ինչու է կառավարությունը որոշել հարկերից ազատել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող  ֆուտբոլի դաշտերը, մարզադաշտերը, սպորտային համալիրները, ճաշարանները, սրճարանները, հանգստյան տները, առողջարանները, կինոթատրոնները, խանութներն ու տաղավարները, արտադրամասերը, կոմբինատները, արհեստական լիճը եւ լճի տակ գտնվող մառանները, բնակելի տները, բնակարանները, առանձնատները, արոտավայրերը եւ այլն: Պարզվում է` դա մեր հանրության պահանջն է, որը ներկայացվել է կառավարությանը, վերջինս էլ հլու-հնազանդ կատարում է: «Խոստացել ենք հանրությանը»,- լրագրողներին բացատրեց վարչապետը: Իսկ հանրությունը միամտորեն կարծում էր, թե հոգեւոր պահանջներ ունի Առաքելական եկեղեցուց. պարզվում է՝ ընդամենը ուզում է, որ եկեղեցու սրճարաններն ու հանգստյան տներն ազատվեն հարկերից:



Ավելին` վարչապետի խոսքերից երեկ պարզվեց, որ կառավարությունը հեղինակել եւ հավանություն է տվել օրինագծին՝ առանց պարզելու եկեղեցու անշարժ գույքը: «Նախնական ցանկերից ես տեղյակ չեմ։ Դրա համար գնահատականներ չեմ կարող տալ։ Կառավարությունը ցանկերը կհաստատի միայն օրենքի ընդունումից հետո»,- հայտարարեց վարչապետը։