Զարմանալ պետք չէ

Զարմանալ պետք չէ
Հայաստանի ներքաղաքական կյանքում երբեմն-երբեմն ամենաանհավանական, ամենաանտրամաբանական եւ անսպասելի հրաժարականներ ու նշանակումներ են տեղի ունենում: Եվ ահա, դրանց շարքում՝ մոտ 10-ամսյա քաղաքապետի: Արդեն երկու օր շարունակ շրջանառվող լուրերը քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին, փաստորեն, իրականություն դարձան: Զարմանալ պետք չէ: Քանի որ մեզանում ոչ նշանակումները, ոչ էլ հրաժարականները թափանցիկ չեն, ոչ օրինական եւ ընդհանրապես պարզ չէ՝ ընտրասերումը, սելեկցիան ինչ սկզբունքով է կայանում... իրականում պարզ է, հետեւաբար՝ զարմանքի չարժանի:



Այս իշխանությունների կողմից որդեգրված պաշտոնի նշանակման ներկայիս չափորոշիչները ցանոթ-բարեկամի, ձայն բերողի եւ այլ սկզբունքով են կատարվում եւ մի կենտրոնի սկզբունքով աշխատում: Հետեւաբար, պետական կառավարման  նման իրավիճակներում հրաժարականներ եւ պաշտոնանկումների պատճառ կարող է դառնալ նույնիսկ ամենափոքր դիպվածը՝ սկսած այլ լավ աշխատանքի առաջարկ ստանալուց, վերջացրած ներքաղաքական խմորումներով, ինչպես, օրինակ, վերջին դեպքի վերաբերյալ օրեր շարունակ ներկայացնում է մամուլը: Ավելորդ է քննարկել, որ առաջին դեպքը չէ, երբ բարձր պաշտոն զբաղեցնողներն են անգամ լավ առաջարկի դեպքում հեռանում հայրենիքից:



Իհարկե, լավագույն դեպքում այսպիսի կառավարման արդյունքում խառնաշփոթ կառաջանա, սակայն պետք չէ բացառել, որ դա կարող է հանգեցնել նաեւ անկառավարելիության մակարդակի բարձրացման: Էլ չեմ խոսում համակարգի նման չափորոշիչների շարունակականության այլ վտանգավոր հետեւանքների մասին: Պատկերացրեք հետեւյալ իրավիճակն է մեզանում. մարդը, որը պաշտոն է ստանում եւ, ենթադրենք, իրոք ուզում է ժողովրդի բարօրության համար աշխատել, շատ շուտով կանգնելու է փաստի առջեւ եւ կաշկանդվելու է  իր ծրագրերի իրագործման հարցում, որովհետեւ տեսնելու է, որ որոշումները կայացվում են իրենից դուրս, փակ կաբինետներում:



Այսինքն՝ պետք է հստակեցնել խաղի կանոնները, եւ յուրաքանչյուր պաշտոնյա իմանա իր  գործունեության հստակ սահմանները եւ ունենա դրա արդյունքը, ոչ թե երկրի բոլոր հարցերը կառավարվեն մեկ կենտրոնից՝ «վերեւի» թելադրանքով: Այսպիսով, բնականաբար, եթե նորմալ մարդ հայտնվի պաշտոնում, ինքը կաշխատի շուտ ազատվել իր աթոռից, իսկ եթե մարդն այլ նպատակներով է պաշտոն ստանձնել, ապա ժամանակը կօգտագործի սեփական հարստացման համար: Այլ կերպ ասած՝ կառավարման նպատակները դառնում են հիվանդագին:



Կհստակեցվե՞ն կամ կփոխվե՞ն կառավարման չափորոշիչները, դեռեւս մշուշոտ է: Էլիտան, որը քսան տարի «կառավարում է» Հայաստանը, մինչեւ չազատի բեմահարթակը, խաղի կանոնները կմնան նույնը, կարճ ասած՝ այս սերունդը պետք է գնա: Այլապես կմնանք նույն խաղի կանոնների գերին այնքան, մինչեւ Հայաստանը կհանդիպի մահացու խնդիրների:



Հարություն Մեսրոպյան, կառավարման փորձագետ