Միաձայն եւ ծափերով

Միաձայն եւ ծափերով
«ԲՀԿ-ի հետ կապված մի բան կարող եմ ասել, որ կոալիցիան նախագահի գլխավորությամբ վճռական է իրականացնելու իր վրա դրված պարտականությունները»,-երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո մեր հարցին ի պատախան հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:



Մեր դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ, այնուամենայիվ, չի հնչել Սերժ Սարգսյանին սատարելու մասին կոնկրետ հայտարարություն, ուստի ՀՀԿ-ին բավարարե՞լ է այդ հայտարարությունը, Շարմազանովը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանն իր հարցազրույցում հղում է արել կոալիցիոն հուշագրին, իսկ կոալիցիոն հուշագրում սեւով սպիտակի վրա գրված է՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում կոալիցիան պետք է սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությանը»:



Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրել Տարոն Մարգարյանին, որը Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդին է ներկայացրել գործադիր մարմնի առաջարկը՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրել Տարոն Մարգարյանի թեկնածությունը, որն ընդունվել է միաձայն եւ ծափահարություններով: