Քոչարյանի հենարանը կազմաքանդվում է

Քոչարյանի հենարանը կազմաքանդվում է
Սեպտեմբերի 8-ին անսպասելի հրաժարական տվեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի  ղեկավար Կարեն Կարապետյանը: Հետո նրան միացավ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, իսկ երեկ՝ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հիմա բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը այլեւս ոչ թե անակնկալ է, այլ՝ օրինաչափություն: Թե ով կլինի հաջորդը, դժվար չէ կանխատեսել,ամենայն հավանականությամբ՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Այս շարքը շարունակվելու միտում ունի:



Պարզ է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի հետ դիմակայությանը եւ որոշել է ազատվել նրանցից, ում չի վստահում կամ համարում է ոչ այնքան հուսալի: Սերժ Սարգսյանն այս պրոցեսը բավական երկար ժամանակ հետաձգում էր, թերեւս հույս ունենալով, որ հնարավոր կլինի խուսափել Ռոբերտ Քոչարյանի հետ առճակատումից: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն էլ փորձում էր հնարավորինս հետաձգել առճակատման պահը՝ համարելով, որ ինչքան հնարավոր է, դա պետք է անել ընտրություններին ավելի մոտ ժամանակ: Հենց դրանով էին պայմանավորված Գագիկ Ծառուկյանի խուսափողական հարցազրույցները, որոնց նպատակն ընդամենը ժամանակ շահելն էր: Եթե հնարավոր չէ խուսափել առճակատումից ընդհանրապես, ապա պետք է հնարավորինս շուտ անել դա, քանի որ  ժամանակն աշխատում էր Սարգսյանի դեմ:



Առայժմ կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը կարողանում է թուլացնել Ռոբերտ Քոչարյանի դիրքերը: Քանի որ եթե անգամ քաղաքապետ Կարեն Կարապետյանը կամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն էին, ապա նրանք Ռոբերտ Քոչարյանին պետք են հենց իրենց պաշտոններում, որպես քաղաքապետ եւ ԱԺ նախագահ, որպեսզի իքս պահին միասնաբար կազմաքանդեն իշխանական բուրգը: Մինչդեռ ամեն օր Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացնում է Ռոբերտ Քոչարյանի պոտենցիալ դաշնակիցներից մեկին, մեկը մյուսի հետեւից եւ ոչ թե բոլորին միանգամից: Սա թերեւս հոգեբանական նշանակություն ունի եւ կարող է կողմնորոշիչ նշանակություն ունենալ նրանց համար, ովքեր տատանվում են: Իշխանության համակարգում գտնվող պաշտոնյաների մեծ մասը կանգնած է ծանր ընտրության առաջ. նրանք 10 տարի աշխատել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, արդեն երեքուկես տարի աշխատում են նախագահ Սերժ Սարգսյանի թիմում: Ինչպես պետք է կողմնորոշվեն նրանք նախկին եւ ներկա նախագահների դիմակայության պայմաններում: Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման պայմաններում, երբ իշխանությունը երկփեղկվում է, կարեւոր կողմնորոշիչը լինում է այն, թե ներիշխանական պայքարում ով ունի հաղթելու ավելի իրական հնարավորություններ: Այս հրաժարականները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը լիովին վերահսկում է իրավիճակը:



Տեսնելով, որ զրկվում է իր թիմից, Քոչարյանը կարող է հետ կանգնել իշխանություն վերադառնալու հավակնություններից, քանի որ, չունենալով հասարակական լուրջ աջակցություն, Քոչարյանը կարող էր իշխանության վերադառնալու հույս ունենալ բացառապես մի դեպքում՝ իշխանական համակարգը վերակողմնորոշելու միջոցով: Բայց այս հնարավորությունը եւս վերացվում է: