Իմ երազանքը քննիչ լինելն էր

Իմ երազանքը քննիչ լինելն էր
Վերջին օրերին սկիզբ առած կադրային փոփոխությունների մեջ ուշագրավ էին ոստիկանության այլեւս նախկին պետ Ալիկ Սարգսյանի հրաժարականն ու պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի նշանակվելն այդ պաշտոնում: Գասպարյանի՝ ոստիկանապետի հավակնությունների մասին խոսվում էր տարիներ շարունակ,  դեռեւս Սարգսյանի նշանակվելուց առաջ, սակայն իրականացավ օրերս: Իսկ այս օրերին ՀՀԿ-ի կողմից կադրային սենսացիոն փոփոխությունները մեկնաբանվում են միայն նախընտրական տրամաբանությամբ: Իր նշանակման ու առաջիկա անելիքների մասին զրուցեցինք Վլադիմիր Գասպարյանի հետ:



- Պարոն Գասպարյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը: Ձեր նշանակմանը արձագանքում են որպես ընտրություններին նախապատրաստություն, որ ոստիկանության համակարգին անհրաժեշտ էր «ուժեղ ղեկավար»:



- Ես քաղաքական էդպիսի բան չեմ տեսնում: Ալիկ Սարգսյանն իմ աշխատանքային ընկերն է, մենք երկար տարիներ ենք աշխատել: Ինչ-որ ժամանակ մարդը կատարում է ինչ-որ խնդիրներ, դրանից հետո գալիս է ուրիշ խնդիր, որը մեկ ուրիշը կլուծի: Ես չեմ ուզում, որ տեսնեն քաղաքական հենք, որովհետեւ առաջինը՝ քաղաքականությունից դուրս ենք, երկրորդը՝  ես չեմ կարծում, որ այդպիսի իրավիճակ է:



- Խոսակցություններ կան, որ ընտրություններից հետո Ձեզ էլ կփոխեն:



- Ընտրությունը համապետական միջոցառում է, ուղղակի ոստիկանությունն իր խնդիրներն ունի: Անկախ նրանից, թե ով է ոստիկանապետը, այդ խնդիրները պետք է լուծենք: Կարծում եմ՝ ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ մի ղեկավար ինչ-որ մի բան արեց, դրանից հետո գալիս է այլ ղեկավար ու շարունակականությունն ապահովում: Ձվի մեջ մազ պետք չէ ման գալ:



 - Իսկ Դուք ի՞նչ խնդիրներ եք Ձեր առջեւ դնելու, ի՞նչն եք կարեւորելու:



- Ես շարունակելու եմ մեկնարկած բարեփոխումները, որ սկսվել են, ուղղակի ես կարծում եմ, որ պետք է նոր զարկ տալ եւ ավելի ինտենսիվ պետք է զբաղվել, եւ միայն դրա արդյունքում կունենանք հասարակության մեջ ներքին փոփոխությունները, ինչն ուզում է ժողովուրդը: Կլինի օրենքի գերիշխանություն, եւ բոլորը կլինեն հավասար օրենքի առաջ:



- Ալիկ Սարգսյանն աշխատում էր հասարակության մեջ ոստիկանի հեղինակության բարձրացման ուղղությամբ: Դուք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկե՞ք:



- Ես ոստիկանի հեղինակությունը բարձրացած տեսնում եմ այն բանի մեջ, որ լավ կատարեն իրենց գործառույթները եւ ակտիվ պրոֆիլակտիկ աշխատանքներ տանեն ու կատարված հանցագործություններն էլ բացահայտեն: Ես կարծում եմ, որ ոստիկանի հեղինակությունը բարձրացնում են կոնկրետ աշխատանքով, եւ բարեփոխումներ էլ պետք է սկսել մեզնից: Ինքներս պետք է բարեփոխվենք: Բարեփոխում չի կարող լինել, եթե մարդիկ բարեփոխված չեն իրենց մտածելակերպով ու աշխարհայացքով:



- Ոստիկանների հետ միջադեպեր հատկապես լինում են բողոքի ակցիաների ժամանակ: Այս ուղղությամբ քայլեր կձեռնարկե՞ք:



- Ես կարծում եմ, որ ոստիկանությունն իր վրա ունի դրված պարտականություններ եւ իրավունքներ: Ես կարծում եմ, որ ոստիկանությունը սրբորեն պետք է կատարի իր պարտականությունները եւ լիարժեք ռեալիզացնի իր իրավունքները: Այս ժամանակ, այսպես ասած՝ մանր-մունր պրոբլեմներ չեն առաջանա ցուցարարների հետ: Ինչ վերաբերում է ցուցարարներին, բողոքի ձեւեր կան, պետք չի անձնական վիրավորանքներով անել դա՝ խախտելով օրենքի պահանջները:



- Կադրային փոփոխություններ լինելո՞ւ են համակարգում:



- Եթե ես ի սկզբանե ասացի,  որ ես շարունակականության կողմնակիցն եմ եւ կարծում եմ, որ ոստիկանությունը  կայացած կառույց է՝ իր ընթացքի մեջ գտնվող, ինչո՞ւմն է բանը, ի՞նչ կադրային փոփոխության մասին է խոսքը: Ասեմ՝ կադրային ջարդի մոտեցումը չի բերում արդյունքի, դրանք ավելորդ սթրեսներ են, ուղղակի մենք կփորձենք աշխատաոճը, մի քիչ էլ մոտեցումները փոխել: Ես կարծում եմ՝ ինքնըստինքյան կընկնի իր տեղը, առողջ օրգանիզմը գովելի է, որովհետեւ առողջ օրգանիզմում հիվանդ օրգան չի կարող մնալ:



- Պարոն Գասպարյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Դուք խոսում էիք բանակի խնդիրներից ու պնդում, որ անձամբ եք լծվել բարեփոխումների գործին, փաստորեն, թողեցիք բանակում սկսածը՝ նոր պաշտոնի անցնելու պատճառով:



- Ես չեմ կարող բանակը թողնել ոչ մի պարագայում, ինչու՝ որովհետեւ երկար տարիներ ես բանակում եմ եղել, էնտեղ են իմ մարտական ընկերները: Ես կարծում եմ, որ բանակին ավելի օգտակար կլինեմ՝ որպես դրսի հայացք: Ես օրենքի գերիշխանության կողմնակից եմ, ժողովրդավարության կողմնակից եմ:



 - Պարբերաբար գրվում էր, թե ոստիկանության պետի պաշտոնը Ձեր երազանքն էր,  այսինքն՝ Ձեր երազանքն իրականացա՞վ:



- Եթե անկեղծ ասեմ՝ իմ երազանքը եղել է քննիչ լինել: 6-7 տարեկանից երազել եմ քննիչ լինել, իսկ ոստիկանության պետը վեր է եղել իմ մանկական երազանքներից, այնպես որ եթե թերթերը գրում են երազանք, դա չի նշանակում, որ Վովա Գասպարյանը երազանքների մեջ է, ես ունայնությունը չեմ ընդունում:



- Սերժ Սարգսյանը Ձեզ աշխատակազմին ներկայացնելիս ասաց, թե ոստիկանությունը կարիք ունի Ձեր տիպի ղեկավարի: Ձեր մեկնաբանմամբ՝ ի՞նչ տիպի մասին է խոսքը:



- Ես կարծում եմ՝ ոստիկանության ոլորտում երկար աշխատած, փորձ ունեցած մարդու:



 



Գայանե



ՍԱՐԻԲԵԿՅԱՆ