Կենտրոնում 2012-ի ընտրություններն են

Կենտրոնում 2012-ի ընտրություններն են
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր  մամուլի ասուլիս կհրավիրի եւ մանրամասն կխոսի իր հրաժարականի պատճառների մասին: Երեկ երեկոյան, երբ նա ուզում էր ՀՀԿ նիստից հետո ճողոպրել, լրագրողները կտրեցին նրա ճանապարհը, եւ Արգամիչն ստիպված էր պատասխանել որոշ հարցերի: Նա հաստատեց, որ իր հրաժարականը կապված է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ նշանակվելու հետ:



«Այո, նախագահն ինձ առաջարկեց լինել շտաբի պետ, ես էլ առաջարկեցի թողնել ԱԺ նախագահի պաշտոնը, որպեսզի զբաղվեմ նախընտրական գործերով»,- ասաց Հ. Աբրահամյանը: Լրագրողներից մեկը նկատեց՝ շուտ չէ՞: «Շուտը ո՞րն է, մնացել է մի քանի ամիս»,-պատասխանեց Արգամիչը՝ ասելով, որ չի քննարկվել այն հարցը, թե ով է փոխարինելու իրեն: «Նման հարց չենք քննարկել, դա պրոցես է: Ամսի 14-ին կլինի ԱԺ նիստ, ես կներկայացնեմ իմ հրաժարականը: Երեւի մինչեւ նոյեմբերի 20-ն էլ, ըստ կանոնակարգի, կընտրվի ԱԺ նախագահ»,-ասաց Հ. Աբրահամյանը: Իսկ հրաժարականը կապ ունի՞ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Արգամիչը նկատեց.



«Չէ, հիմա գոնե Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն շատ ջերմ են»,-ասաց նա: «Հրապարակի» այն հարցին, թե նիստում խոսվե՞լ է Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության մասին, ԱԺ նախագահն ասաց, որ նման բան չի եղել, եւ իրենց ուժերը կենտրոնացնում են միայն 2012թ. ԱԺ ընտրությունների վրա, որը ՀՀԿ-ն շատ է կարեւորում: Իսկ Դուք բացառո՞ւմ եք Արմեն Գեւորգյանի հրաժարականը, Արգամիչն ասաց.



«Աշխարհում ոչ մի բան էլ չեմ բացառում: Լավ եղեք», եւ հեռացավ: Ըստ որոշ տեղեկությունների,  ԱԺ նախագահի հավանական թեկնածուն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն է:



Վերջինս ՀՀԿ գործկոմի նիստից դուրս եկավ բարձր տրամադրությամբ եւ օգտագործելով պահը, որ Հովիկ Աբրահամյանը զրուցում է լրագրողների հետ, արագ հեռացավ: Ի դեպ, երեկ ՀՀԿ գրասենյակից դուրս եկողների տրամադրությունը շատ ընկած էր, միայն Ռուբեն Հայրապետյանն էր ուրախ-զվարթ: Չհասկացվեց, թե ինչու:



Հարություն Մկրտչյան