Ամեն ինչի պատճառը երկրի աղքատությունն է

Ամեն ինչի պատճառը երկրի աղքատությունն է
Երեկ երեկոյան «Էրեբունի» հյուրանոցի բիզնես կենտրոնում  տեղի ունեցավ Շուշիի «Գրանդ Հոթել» հյուրանոցի շնորհանդեսը: Հյուրանոցի տնօրինությունը ներկայացրեց համալիրի կարեւորությունն ու նրա դերը տուրիզմի զարգացման գործում: Շնորհանդեսին ներկա էին մի շարք տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետագայում աշխատանք են տանելու, որ զբոսաշրջիկներ բերեն հայոց հնագույն մայրաքաղաք:



Այս համալիրի սեփականատերն է Կարո Քեբաբջյանը, որը ԼՂՀ մշտական ներկայացուցիչն է Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Հայ Սեւ գոտիների միջազգային ակադեմիայի հիմնադիր նախագահը: Իր խոսքում բարերարը նշեց, որ վաղուց ժամանակն է, որ եկեղեցիների ու խորովածի համար տուրիստներ չբերենք Հայաստան, այլ մեր բնության եւ ավանդույթների ցուցադրման համար.



«Ասում են, թե մենք աղքատ երկիր ենք: Դա բնավ էլ այդպես չէ, մենք ունենք գետեր, լեռներ, դրանցից էլեկտրաէներգիա, ոսկի ու այլ բաներ կարող ենք ստանալ, մենք կարող ենք մեր բնությամբ էլ հարստանալ»: Մենք մի քանի հարց ուղղեցինք Կարո Քեբաբջյանին:



- Պարոն Քեբաբջյան, որքա՞ն գումար եք ներդրել համալիրը կառուցելու համար:



- Ինչո՞ւ կուզես իրական թիվն իմանալ: Մի քանի միլիոն դոլար ծախսած եմ:



- Իսկ ի՞նչ եք ակնկալում, սա ի՞նչ կտա Հայաստանին:



- Սրանով աշխարհքը կճանաչե Ղարաբաղը, ամենակարեւոր նպատակը դա է, նամանավանդ Շուշին, բոլորի մտքներում ավերակ քաղաքից հիմա փայլուն քաղաք կա: Եթե գնաք, կտեսնեք՝ ճանապարհներ սարքվեցան, եկեղեցին նորոգվեցավ, դպրոցներ ու մանկապարտեզներ բացվել են, լուսավորվել է, նորմալ քաղաք դարձել է Շուշին: Այս տարի բացումից հետո ¥հյուրանոցը պաշտոնապես բացվել է սեպտեմբերի 1-ին՝ Հ. Մ.¤ հարյուրավոր երիտասարդների տարանք-ծանոթացրինք Շուշիին, ես էլ ամեն անգամ գնալուցս մեկ ընգերոջ տանում եմ ինձ հետ: Նայեք-տեսեք՝ այդ հյուրանոցը 2.5 հեկտար անտառային տարածքում է կառուցված, այն հիանալի զբոսնելու վայր ու ճանաչելու տեղ է:



- Իսկ ԼՂՀ ղեկավարությունն ի՞նչ արեց այս գործում:



- Ես գոհ եմ ղեկավարներից, նրանք ամեն կերպ նպաստեցին այս համալիրի եւ գաղափարի կայացման համար, նրանց կատարած աշխատանքը ես բարձր եմ գնահատում:



- Պարոն Քեբաբջյան, բացի դիվանագիտական աշխատանքը, նպատակ ունե՞ք զբաղվել քաղաքականությամբ, հատկապես, որ Հայաստանում մեկնարկում է նախընտրական տարին:



- Ես կուսակցություն  չունեմ, ես եռագույն դրոշն ունեմ, ես 50 հազար հետեւորդ ունեմ (խոսքն իր սաների մասին է՝ Հ. Մ): Ես գիտեմ, որ ամեն ինչ սկսում է հայ երիտասարդությունից, հայ երիտասարդը  պետք է ըլլա առողջ, ծխող չըլլա, պետք է գաղափար ունենա, բժիշկներուն քովից հեռու պետք է ըլլա: Իսկ մենք պետք է նախ հասցնենք այս երկիրն այդ աստիճանի, նոր աթոռին արժանի լինենք: Գիտես, այդ աթոռին նստող ղեկավարը պետք է լինի իր ժողովրդին ծառան, այսինքն աթոռ, շեֆ՝ կնշանակե ծառա: Սակայն մենք ծռած ենք այդ խոսքը, ու շեֆն այսօր ծառան չի ժողովրդին, անոնք՝ իշխանավորները, մենակ իշխում են, չեն ծառայում:



Այ, ամեն ինչ պետք է սկսի հոգեւոր հեղափոխությունից, ոչ թե այդ դրոշներով ու գոռգոռալով հեղափոխություններից: Մենք պետք է դառնանք ազգ, մենք պետք է թոթափենք մեր մեջից ստրուկին, գերիին կարգավիճակն ու կրնանք ազատ ապրել: Այստեղ նորմալ ապրելու համար  պետք  է համ էլ վերանան աղքատները, մարդիկ լավ պետք է ապրեն, մենք պետք է ստեղծենք այդ հնարավորությունները, այսինքն՝ ուսումը լինի ձրի, բուժումը լինի ձրի, որ մարդիկ ալ, հասարակությունը գոհ մնա այդ աթոռին վրա նստողից:



- Այ տեսեք, մի շարք հայանպաստ գործեր եք  կատարում, որպես հայ մարդ՝ ի՞նչ կարծիք ունեք բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասին:



- Էտի բանակին խնդիրը չէ, էտի մեր ժողովրդին խնդիրն է, մեր ընտանիքի, մեր կենցաղի խնդիրն է: Ինչ խնդիրներ որ կան, դրանք, էլի կըսեմ՝ աղքատության խնդիրներն են, դրանք՝ ինքնասպանություններն ալ, սպանություններն ալ, գողություններն ալ, բոլորն ալ ժողովրդի աղքատության պատճառով է, բանակի դեպքերն ալ կենցաղային է, աղքատության պատճառով, թե չէ մեր բանակը հզոր է, ամուր է, կայուն է:



Հարություն Մկրտչյան