Նրանք «վաղուց գործարար չեն», սեփականատեր են

Նրանք «վաղուց գործարար չեն», սեփականատեր են
Սերժ Սարգսյանի նախօրեի ելույթը Արդյունաբերողների եւ գործարարների միության համաժողովում, թե՝ «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից», կարելի է ասել, ընկալելի չէ իշխանության մեջ պատգամավորի կամ պաշտոնյայի կարգավիճակում գտնվող գործարարներից շատերի համար: Նրանք, ովքեր այսօր պատգամավոր են կամ պաշտոնյա, իրենց վաղուց գործարար չեն համարում, հայտարարում են, թե սեփականատեր են: Երբ զրուցում ես նրանց հետ, ընդունում են, որ Հայաստանում նման խնդիր կա, բայց դա հաստատ իրենց չի վերաբերում:



Սակայն հարց է, թե կարո՞ղ է արդյոք Հանրապետականը կամ Սերժ Սարգսյանը վերընտրվել առանց իշխանության լծակներին տիրացած նույն այդ գործարարների աջակցության, ինչը հայտնի է, թե ինչ ձեւերով է լինում:



«Այսօր  իշխանությունը, ի դեմս Հանրապետականի, հասարակական աջակցության ռեսուրս չունի. ինչո՞ւ պիտի հասարակությունը, սովորական քաղաքացին ընտրի Հանրապետականին» հարցը պատասխան չունի. համոզիչ փաստարկ դժվար է գտնել: Նույնը ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին է վերաբերում: Սա, իհարկե, չի նշանակում, որ հասարակությունը միահամուռ գնալու եւ ընտրելու է ընդդիմությանը. քաղաքական ներկա պայմաններում հնարավոր է հասարակության մեծ մասը չգնա ընտրության կամ չընտրի ոչ մեկին: Ուստի իշխանությանը սերտաճած գործարարությունը գիտակցում է, որ առանց իրեն իշխանության հաջողության շանսերը ձգտում են զրոյի:



Ուստի առանձնապես մտահոգված չէ: Մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած բոլոր գործարարներն էլ՝ թե ՀՀԿ-ից, թե ԲՀԿ-ից, թե ՕԵԿ-ից,  իրենց ներկա ընտրատարածքներում ակտիվ նախընտրական աշխատանքներ են տանում, գրասենյակներ բացում, հանդիպումներ կազմակերպում, ներդրումներ անում, անգամ մարդկանց են աշխատանքի վերցնում այն ընտրատարածքից, որտեղ պատրաստվում են առաջադրվել:



ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի պատգամավոր եղբայր Արեգ Ղուկասյանը, որին է պատկանում աղի արտադրության մենաշնորհը Հայաստանում, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ծանոթ չէ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: «Ես չեմ հասկանում ինչ է նշանակում գործարար՝ Ձեր հասկացողությամբ»,- հայտարարեց պատգամավորը` հավելելով, որ Հայաստանում չէ: «Պատրաստվո՞ւմ եք կրկին առաջադրվել» հարցին պատասխանեց. «Ոչ մի բան դեռ չեմ որոշել»:



ԲՀԿ-ում եւս իրավիճակը լուրջ է այս առիթով. ԲՀԿ-ն նույնպես հիմնականում հենվում է գործարարների վրա, դե իսկ ամենամեծ գործարարը հենց կուսակցության ղեկավարն է: ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը` Մոթելի Հրանտը, եւս չէր կարողացել լսել Սերժ Սարգսյանի ելույթը: «Պատրաստվո՞ւմ եք առաջադրվել» հարցին Մադաթյանը պատասխանեց՝ իհարկե: Մեր դիտարկմանը, թե ինքն էլ է գործարար, ԲՀԿ-ականը հակադարձեց. «Ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ»:



«Համաձա՞յն եք, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվեն»,- երեկ հարցրինք ՀՀԿ-ական պատգամավոր, «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանին: «Իհարկե համաձայն եմ»,- միանգամից պատասխանեց պատգամավորը: «Իսկ Դուք, որպես գործարար եւ պատգամավոր, համաձայն կլինե՞ք չլինել իշխանության մեջ»,- հետաքրքրվեցինք մենք:



«Ես նախկին գործարար եմ: Արդեն վաղուց քաղաքական դաշտում եմ, քաղաքականությամբ եմ զբաղվում»: Ասել է թե հիմա Խաչիկ Մանուկյանն իրեն բացառապես քաղաքական գործիչ է համարում: «Դե, ես միշտ էլ էս մի քանի տարին տենց եմ համարել»:



Նկատեցինք, թե ում հետ խոսում ենք, ասում են` մենք քաղաքական գործիչ ենք, ի վերջո ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, որ ասում էր, թե գործարարությունը պետք է տարանջատվի իշխանությունից: «Ինքը հո կոնկրետ մարդկանց չի՞ ի նկատի ունեցել, ինքն ընդհանուր դաշտն է ի նկատի ունեցել, որ գործարարությունն ու քաղաքականությունը պետք է առանձին գործեն»,- բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը, որը նույնպես պատրաստվում է առաջադրվել:



«Դեռ շուտ ա, բայց ինձ թվում է՝ կառաջադրվեմ»: Թեեւ կուսակցությունում դեռ հարցը չի քննարկվել: