Իջեւանում թեժ ընտրապայքար է

Իջեւանում թեժ ընտրապայքար է
Կիրակի օրը կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել  7 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները: Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը, ինքնաբացարկի դիմումներում պատճառները նշված չեն:



Տիկին Սարգսյանի խոսքով, այս պահի դրությամբ ԸԸՀ-ն ոչ մի բողոք-դիմում չի ստացել՝ կապված ընտրությունների նախապատրաստական աշխատանքների եւ նախընտրական քարոզարշավի հետ: Ի դեպ, 7 հանձնաժողովների անդամներից ինքնաբացարկ տվողների մեջ էին նաեւ 41/04 ՏԸՀ նախագահ Սոֆյա Սարգսյանն ու 41/07 ՏԸՀ քարտուղար Անահիտ Ղալումյանը:



ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նոր մարդկանցով է համալրել հանձնաժողովները. նրանք մայրաքաղաքից են: Նշենք, որ նոյեմբերի 13-ին քաղաքապետի պաշտոնի համար քվեարկելու են 2 թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը եւ ԲՀԿ-ական, Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը: Թիվ 41 ԸԸՀ նախագահը հայտնեց նաեւ, որ արդեն քվեաթերթիկները ստացել են, եւ ոչ մի խոչընդոտ չի լինի ընտրությունները բնականոն անցկացնելու համար:



Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատեց եկող տարի անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների օրերը: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ հանձնաժողովը որոշում է 2012 թ. ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանել 2012 թ. փետրվարի 12-ը, հուլիսի 8-ը:



Ըստ նոր ԸՕ-ի, ՏԻՄ ընտրությունների համար ԿԸՀ-ն պետք է առանձնացնի 4 հստակ օր: Նախկինում ՏԻՄ հերթական ընտրություններն անցկացվում էին յուրաքանչյուր ամիս, երբ լրանում էր ժամկետը: ՏԻ մարմիններն ընտրվում են 4 տարով: