Բառօգտագործման վիճակագրություն

Բառօգտագործման վիճակագրություն
Կա գիտության մի ճյուղ, որ ուսումնասիրում է գրողի, հեղինակի գործածած բառամթերքը: Հետո կարողանում են պարզել, թե տվյալ գրողը որ բառն է ամենից շատ օգտագործել կամ հնչյունը: Ինձ հայտնի է, օրինակ, որ փոքրատառ «ա» հնչյունն ու գրանշանը ամենից հաճախ գործածվողն է: Եթե դուք նույնիսկ մի հայացք գցեք այս տեքստին, անզեն աչքով անգամ կնկատեք «ա»-ի առավելությունն իր մյուս ազգակիցների նկատմամբ: Այստեղ վեճ չկա:



Վեճ չկա նաեւ իշխանության կողմից գործածված բառերի հաճախականության շուրջ: Ամենաշատ գործածվող բառը «փաթեթն» է, ամենաքիչը` «խելքը»: Ճիշտ է, վերջերս առաջնության դափնին նվաճելու հայտ ներկայացրեց նաեւ «պաշտոնանկություն» բառը, բայց «փաթեթը» դարձյալ աչքի ընկավ իր համառությամբ: Հիմա էլ ասում են` «պաշտոնանկությունների փաթեթ»: Թե ինչ բան է դա եւ որտեղ է պահվում, բոլորը գիտեն, բայց թե ով է փաթեթում ընդգրկված, ով չէ` գիտի միայն փաթեթի տերը: Այդ հազվագյուտ փաթեթը, որ կարելի է անվանել նաեւ «փոխատեղությունների փաթեթ», այնքան սարսափելի մի փաթեթ է (զգո՞ւմ եք փաթեթի շատությունը), որի առեղծվածային տեսքի ու բովանդակության մասին չկասկածող պաշտոնյաները հանկարծ որոշել են գործով զբաղվել:



Հիմա ո՞վ չէր ցանկանա գոնե մի հայացք գցել այդ փաթեթին եւ, ինչպես սիրում են ասել, փաթեթով ծանոթանալ պաշտոնանկությունների կամ փոխատեղությունների ցանկին: Հիշո՞ւմ եք ֆիլմը` «ԿչսՈրՌՑպ ՉպրՖ րտՌրՏՍ, տՏՋՈսցռրՑՈ» (www.youtube.com/watch?v=wfskGW2sdTY)…



Բայց մի կողմից էլ լավ է անշուշտ, որ ցուցակն ամբողջությամբ չեն հրապարակում: Նույնիսկ այն պաշտոնյաները, ովքեր հաստատ ընդգրկված են փաթեթում, բայց այդ մասին չգիտեն, սկսել են լուրջ աշխատել: Ու հիմա, երբ Սերժ Սարգսյանը երեւում է էկրանին, հատկապես ՀՀԿ-ական պաշտոնյաները, գեղեցկուհիների պես, երբ գեղեցկության մրցույթի հերթական փուլից դուրս մնացողների անուններն են հրապարակում, երկու ձեռքի մատները խաչ են անում ու մտքում աղերսում` մամա ջան, միայն թե ոչ ես… Չէ, այս անգամ էլ ինքը չէր` հանգստություն է իջնում պաշտոնյայի վրա… ինֆարկտի կարելի է հասնել այսպես:



Բայց ասեմ` քաջարի պաշտոնյաներ էլ կան: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե սրանք լավ էլ ծանոթ են ողջ փաթեթին եւ, ինչպես ասում են` փաթեթը փաթաթած ունեն: Իշխանական բառամթերքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրենց անձը փաթեթից դուրս համարողները նաեւ բավականին հանդուգն նորարարներ են, ովքեր համարձակվում են նոր արտահայտություններ ներմուծել ՀՀԿ առաջիկա պլատֆորմում: Ի դեպ, ՀՀԿ-ն այնքան է շտապում, որ իր պլատֆորմը գուցե հրապարակի մինչեւ Նոր տարի: Ահա, ուրեմն, մեր ուշադրությունը գրավել է հատկապես երկու բառ` «տաշտակ» եւ «խելք»:



Վերջինը, կարող եմ երդվել բոլոր աստվածներով, ամենաքիչ գործածվածն է ՀՀԿ պրակտիկայում: Ես դա վերագրում եմ այն բանին, որ ՀՀԿ-ականները բոլորն էլ խելք ունեն եւ այդ շնորհն օգտագործում են իրենց առօրյա գործունեության մեջ: Երեւի այդ պատճառով էլ հարկ չեն համարում այդ բառը շատ օգտագործել:



Բայց ահա մի ՀՀԿ-ական ինձ հետ համաձայն չէ այս հարցում: Նա թեեւ նույնպես համոզված է, որ խելք ունեն բոլորը, բայց եւ գտնում է, որ նոր է եկել խելքով աշխատելու ժամանակը: Հետաքրքիր տեսակետ է իհարկե, բայց մի տեսակ անհարմար հարցեր են առաջանում դրանից:



Պետեկամուտների փոխնախարար Ալավերդյանին հավանաբար արդեն հարց տվել են` իսկ մինչեւ հիմա ինչո՞վ էիք աշխատում: Իսկ եթե  մինչ այս պահը չեն տվել, եթե որեւէ հարց ընդհանրապես չեն տվել նաեւ «տաշտակի» կնքահորը, նշանակում է գոնե այս երկուսի անունը չկա փաթեթում: Այլապես նրանք վաղուց պետք է զբաղեցրած լինեին Հովիկ Աբրահամյանի երկրորդ եւ երրորդ տեղակալների հաստիքները:



Էդիկ Անդրեասյան