Հացը չթանկանա, թազա Ազարյանն էլ արդար ընտրություն անի

Հացը չթանկանա, թազա Ազարյանն էլ արդար ընտրություն անի
Ինչ կտան բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականները Հայաստանին. վերջին օրերին այս թեմայով քննարկումները շարունակվում են համարյա բոլոր ոլորտներում: Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողը փորձում է վերլուծել, ենթադրություններ անել, թե նախագահի թշնամին ով է, եւ ում է առաջիկայում չեզոքացնելու: Սակայն հետաքրքիր էր իմանալ Հայաստանի շարքային քաղաքացու կարծիքը՝ ինչ է մտածում նա: Տիկին Մետաքսյան մոտ 30 տարի վաճառող է աշխատում: Խանութ մտնող ամեն մարդու լավ տնտղում է եւ, հայացքից հասկանալով, որ խոսող է, հարցուփորձ է անում: «Գիտես, տղա ջան, հաճախորդներս ասում են՝ ում ուզում ա փոխի, ում ուզում ա նշանակի, մենակ պեսոկն ու հացը չթանկանան»,-ասում է տիկին Մետաքսյան: Անձամբ ինքը դեմ է փոփոխություններին:



«Տատս ասում էր՝ կուշտին հանում են, սովածին բերում, սա էլ պիտի կշտանա, որ ժողովրդին լավ նայի»,-ասում է զրուցակիցս: 23-ամյա Արամ Մարտիրոսյանն ապագա տնտեսագետ է: Հետաքրքրվում է երկրի տնտեսական վիճակով, եւ, ըստ նրա, վարչապետը ճիշտ է աշխատում: «Թե Արգամիչին ա հանում, թե Ալիկին, թե ում՝ ինձ չի վերաբերում: Ձեռի հետ աշխատում եմ, լավ ա, որ կարամ վարձիս մի պուճուրիկ մասը տամ»,-ասաց Արամը: 67-ամյա Աշոտ Գեւորգյանը խիստ հետաքրքրված է պաշտոնյաների փոփոխությամբ: «Ասում էին՝ նախկինը սենց-նենց, բա իրա՞նք ինչ են: Պիտի սաղ հրաժարական տան, վերջում էլ՝ նախագահը: Էն թազա Ազարյանն (ԿԸՀ նոր նախագահի մասին է խոսքը՝ Ա.Դ) ընտրություն կանի արդար, ու նոր իշխանություն կգա»,- ասում է Աշոտ պապը:



Իսկ թե ինչու է համոզված, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արդար ընտրություններ կանցկացնի, ասաց. «Տղա ջան, նա սկսել է վերելքը ՀՀՇ-ի օրոք: Տեսել է ամեն ինչ, հետո էլ՝ նոր ա էդ գործում, հաստատ էս անգամ համը չի հանի»: Ա. Գեւորգյանն անհամբեր  սպասում է նոյեմբերի 25-ի ՀԱԿ հանրահավաքին: ՀԱԿ առաջնորդն Աշոտ պապի վերջին հույսն է, հավատում է, որ մի բան փոխելու է: Գործազուրկ Մարիաննա Գաբրիելյանին այլեւս ոչինչ չի հետաքրքրում: «Վաղուց զզվել եմ ամեն ինչից ու ատում եմ բոլոր իշխանավորներին: Նրանք են մեղավոր, որ ես գործ չեմ գտնում: Ինչ ուզում է դառնան»,- ասաց տիկին Մարիաննան, որին, չնայած բարձրագույն կրթությանը, աշխատանքի չեն ընդունում: Ասում են՝ 40-ն անց ես: «Իրանք չե՞ն հասնելու էդ տարիքին կամ իրանց կնանիքը: Այ անխիղճներ, հերիք լափեք»,-վրդովված ասաց տիկինը: Տաքսու վարորդ Ալբերտն առավոտից իրիկուն «ավտոյի մեջ է» ու ռադիոյից է իմանում նորությունները:



«Լսի, ընկեր, այ, ասում են՝ Վովան փոխել ա Էրեբունու պետին կամ իր տեղակալին, բայց նայի Վովայի գայիշնիկը ոնց ա կանգնել՝ արգելված տարածքում, ու պրոպկա ա ստեղծվել: Ընկեր Վովա, սրանի՛ց սկսի»,- նոր ոստիկանապետին խորհուրդ է տալիս շարքային քաղաքացին, որը կարոտ է օրինականության: «Կարգ ու կանոն լինի երկրում՝ ով ուզում ա հանվի, ով ուզում ա նշանակվի, դա քեզ նման ժուռնալիստներին է հետաքրքրում»,- ասաց տաքսիստը: Այս փոքրիկ հարցախույզն ամփոփելիս պարզվեց, որ շարքային քաղաքացիները հետաքրքրված են երկրի ապագայով եւ իրենց կենսակերպի բարելավմամբ: Աղմկոտ պաշտոնանկությունները նրանց այնքան էլ չեն հետաքրքրում: