Կշտկի՞ իրավիճակը ՍԴ որոշումը

Կշտկի՞ իրավիճակը ՍԴ որոշումը
Սահմանադրական դատարանի նոյեմբերի 15-ի որոշումը միանշանակ չի ընդունվել հասարակության, առավել եւս լրատվական դաշտի կողմից: Շատերի սպասելիքներն ինչ-որ չափով իրականացան, ոմանք էլ կարծում են, որ դրանով ՍԴ-ն ընդամենը ցույց տվեց, որ ուզում է ինչ-որ ձեւով շտկել ստեղծված իրավիճակը: «Ընդհանուր առմամբ, ՍԴ որոշումը գոհացրեց ինձ, բայց կարծում եմ՝ ՍԴ-ն պետք է օգտվեր ՍԴ-ի մասին օրենքի 34 հոդվածից եւ ընդառաջեր խմբագիրների խնդրանքին՝ միառժամանակ կասեցներ 1087.1 հոդվածի կիրառումը, մինչեւ իրավիճակի բարեփոխումը»,-  կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ հավելեց.



«Սահմանադրական դատարանի որոշումն ավելի շատ հիշեցնում է ուղեցույց դատական ատյաններին, դատավորներին, թե ինչպես է պետք ընկալել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, գնահատել իրավիճակը: Դրա հետ մեկտեղ, այդտեղ շատ հասկանալի ուղերձ կա խորհրդարանին՝ վերանայելու այդ հոդվածի որոշ դրույթներ, այդ թվում փոխհատուցման վերին շեմը նվազեցնելու առումով»:



Նրա խոսքով, ՍԴ-ի կողմից հոդվածը հակասահմանադրական չճանաչելը բավական օրինաչափ էր, քանի որ «իր ոգով եւ էությամբ իսկապես դժվար է այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչել»: Հարցին, թե մեր դատարանները հաշվի կառնե՞ն արդյոք ՍԴ իրավական դիրքորոշումները, Մելիքյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր դատական համակարգը շատ ծանր շարժվող համակարգ է եւ դժվար թե այդպես օպերատիվ արձագանքի այս ամենին: Չնայած ՍԴ որոշումները պարտադիր են դատարանների համար»:



ԽԱՊԿ նախագահի խոսքով, եթե հայաստանյան դատական ատյանները հետեւեն այս ամենին, եւ օրենսդիրը փոփոխություններ անի հիշյալ օրենքում՝ իրավիճակը կշտկվի: «Սակայն կարծում եմ՝ գալիք ընտրությունները կխանգարեն այդ հարցն օպերատիվ լուծելու համար: Ամեն դեպքում կարծում եմ, որ իրավիճակն այնքան սուղ է ԶԼՄ ոլորտում, որ արժեր՝ մի պահ նաեւ պատգամավորները, քաղաքական ուժերն անդրադառնային այս հարցին եւ օրենսդրական փոփոխություն մտցնեին: Բայց ամենակարեւորն այն է, որ դատարանները հետեւեն այս որոշման դրույթներին: Միայն այդ դեպքում կարելի է լուրջ փոփոխություններ ակնկալել»,- հավելեց Աշոտ Մելիքյանը:



Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին առանձնապես չի զարմացրել ՍԴ որոշումը. քանի որ նա մեծ սպասելիքներ չուներ «մի կառույցից, որը բազմաթիվ անգամներ աչք է փակել ընտրակեղծիքների, պետության զավթման միջոցառումների նկատմամբ»: «ՍԴ-ն իր պրոտոկոլային որոշմամբ իր պարտականությունը կատարեց, լսեց գործը եւ գտավ, որ հոդվածը սահմանադրական է եւ դրսերում հանգիստ կարող է ներկայանալ եւ ասել, որ քննել է հարցը եւ գտել, որ ամեն ինչ նորմալ է: Ինչպես նաեւ խորհրդատվական բնույթի մի երկու կենաց է դրել իր որոշման մեջ ու վերջ»,- նկատեց Բարսեղյանը:



Նրա կարծիքով, այս ամենից հետո պարզապես մի քիչ կմեղմանա ստեղծված իրավիճակը, բայց դա հարցի լուծում չի կարող լինել: «Սրանից հետո, կարծում եմ, կարող է մի քիչ մեղմանալ գրոհը ԶԼՄ-ների վրա՝ տուգանքների չափի առումով, բայց դա չի լինի այն լուծումը, որ լրատվամիջոցները չկանգնեն սնանկացման եզրին: Ես կարծում եմ՝ տուգանքները կշարունակեն մնալ ահաբեկչական բնույթի, որովհետեւ դատի տվողները շարքային մարդիկ չեն՝ նախկին եւ ներկայիս պաշտոնյաներ են, օլիգարխներ են, եւ, ի վերջո, այդ ամենը, իմ խորին համոզմամբ, ղեկավարվում է Բաղրամյան 26-ից»,-ավելացրեց Բարսեղյանը:



«Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանի կարծիքով էլ Սահմանադրական դատարանը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրը լուծել, քանի որ «ՍԴ-ն աշխատում է բացառապես քաղաքական պատվերների շրջանակում, եւ այսօր իշխող վերնախավում խնդիր չկա դրված՝ լրատվամիջոցների խոսքի ազատության ապահովման համար պայմաններ ստեղծելու»: «ՍԴ-ն կայացրեց այնպիսի որոշում, որը ոչ մի կերպ չի օգնում իրավիճակը շտկել: Գլխավոր խնդիրը, որ դրված էր ՍԴ-ի առջեւ` հակասահմանադրական ճանաչել օրենքը, չի կատարվել:



ԵԱՀԿ-ի եւ մյուս եվրոպական կառույցների հորդորները պարզապես մնացին օդում, որովհետեւ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների, եւ նրանց պետք են վերահսկելի, վախվորած լրատվամիջոցներ, որոնք նախագահական նստավայրի հետ ճշտեն հրապարակումները, նոր տպագրեն, ինչպես անում են հեռուստաընկերությունները»,- ասաց «Ժողովուրդ»-ի խմբագիրը: