Չի օգնի ոչ վզի հաստությունը, ոչ պարիսպների բարձրությունը...

Չի օգնի ոչ վզի հաստությունը, ոչ պարիսպների բարձրությունը...
Սովետական կայսրության փլուզումից հետո, մեծ ջանքերի շնորհիվ ստեղծված հարաբերական կայունությունն այլեւս անցյալ է: Նոր աշխարհակարգի պահանջը հստակ է բոլոր պետությունների առաջ: Ինչքան ուզում ես գլուխդ ջայլամի նման մտցրու ավազի մեջ` չի օգնի: Աշխարհում սկիզբ առած քաղաքա-տնտեսական ճգնաժամը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Համաշխարհային ֆինանսական բուրգերի անհագ ախորժակից բխող պրոբլեմներն այլեւս կոծկել չի լինում. ԱՄՆ-ն, Եվրամիության եւ աշխարհի մյուս երկրները հոգեվարքի մեջ են… Երեկ դեռ կայուն թվացող դիկտատուրաները պոպոքի նման պայթում են… ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բանկիմոնն ահազանգում է, որ հարուստների եւ նորմալ մարդկանց միջեւ հարստության եւ եկամուտների անհամաչափ բաշխման անդունդն այն աստիճան խորացել է, որ կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի:



Ակնհայտ է, որ աշխարհի դրամական կարողությունները կուտակվել են սահմանափակ քանակով մարդկանց ձեռքերում, եւ ֆինանսական բուրգերը, աշխատելով այդ նույն մարդկանց թելադրանքով եւ, բնականաբար, ի շահ իրենց, պատճառ դարձան, այսպես կոչված, «համաշխարհային տնտեսական ճգնաժամի» առաջացման: Եթե դրան գումարենք ամեն առանձին վերցրած պետության ներսում առկա նույնատիպ «հարազատ» բուրգերը, բոլոր վերը թվարկված վտանգներն ամեն առանձին վերցրած պետության ներսում կրկնակի աճում են: Այս պայմաններում գրեթե հնարավոր չէ կանխորոշել համաշխարհային քաղաքական զարգացումները:



«Խաղացողների» ծրագրերն օր-օրի փոփոխվում են: Մեր սիրուն աչքերը նրանց քիչ են հետաքրքրում: Հայաստանցիների գիտակից մասը տեսնում է այս վտանգները: Տեսնում է, բայց առօրյա հոգսերի ծանրությունից ճկռած՝ խճճվել է ու նշանակություն չի տալիս դրանց: Ոմանց էլ թվում է, թե զրահապատ ավտոմեքենան եւ տան շուրջ քաշած բարձր պարիսպն ամեն ինչից կպաշտպանեն: Իսկ ավերող ալիքը ցունամիի նման սրբելու է ամեն բան` չի նայելու ոչ կուսակցական պատկանելությանը, ոչ ունեցվածքի քանակին, ոչ վզի հաստությանը, ոչ էլ հարուստ պապային ու փառապանծ պատմական անցյալին:



Իհարկե, այս ամենին կարող ենք ուշադրություն չդարձնել, ասելով՝ մերն ուրիշ է, ու, սարի գլխից գլորվող քարի նման, սլանալ դեպի քարքարոտ անդունդը եւ, մինչեւ ներքեւ հասնելը, այս ու այն քարին զարկվելով, դառնալ մի տձեւ զանգված: Այս արհավիրքներին դիմակայելու միակ ձեւն է` լինել օրինակարգ ու կազմակերպված պետություն, որի քաղաքացիները, օրենքի ուժը գործադրելով, իրենց վարքուբարքով կնպաստեն երկրի բնականոն զարգացմանը: Մեր ժողովրդի ներկայիս անտարբերության ակունքն օրենքի բացակայությունն է: Մենք Չինաստան չենք, որ մեր մարդկային ռեսուրսները ցփնենք աշխարհով մեկ` առանց այդ էլ ցփնված ենք: Էս փոքր երկրում բուն դրած մի բուռ ժողովրդի հոգսը չե՞նք կարողանում հասկանալ ու լուծել: Ես դրան չեմ հավատում: Խանգարող չլինի՝ գյուղացին իր հողը կմշակի ու մարդավայել կապրի, քաղաքացին իր գիտությունը, արվեստն ու բիզնեսը կանի ու չի փախչի իր երկրից:



Ժողովուրդը պետք է վստահի իր թիմին, այլապես, հիրավի, չորս կողմից կթքի ու կմրի: Ժողովուրդը պաստառներից սիրվելու ու պաստառներում երջանիկ լինելու փուչ հայտարարություններից ու հավաստումներից հոգնել է: Վտանգների գիտակցումը դեռեւս լուծում չէ: Վտանգների վերլուծությունն էլ լուծում չէ: Վտանգների քննարկումն էլ լուծում չէ` մի քանի տասնյակ միկրոնային, սանտիմետրային եւ այլ փոքր ու մեծ «կուսակցություններ». ամենքն իր խելքին համապատասխան ու իր մարմնին ու ստամոքսին մոտ դատողություններ են անում: Վիրտուալ տարածքում մտքերի ինչ փայլատակումներ են բոցկլտում… Իսկ սայլը տեղից չի շարժվում, որովհետեւ փտած է: Սայլվորն էլ այլ հնար չի գտնում, քան սայլում նստածներին տեղափոխելով՝ ընթացքի պատրանք ստեղծել:



Աշոտ Ադամյան