Զարմանում ենք, երբ մարդկային են վերաբերվում

Զարմանում ենք, երբ մարդկային են վերաբերվում
Մեր ապրած ժամանակին «տարօրինակ» ասելը քիչ կլիներ, հավանաբար «անառողջ» ածականն է ամենահարմարը, քանի որ, երբ հաց ենք ուտում եւ համոզվում, որ իսկապես հաց էր, զարմանում ենք, երբ ջուր ենք խմում եւ համոզվում, որ ջուր էր, դարձյալ զարմանում ենք: Իսկ երբ մարդն իր պարտականությունները բարեխղճորեն է կատարում, չի խաբում, չի քցում, չի կողոպտում, էլ ավելի ենք զարմանում, ապշանքից սկսում ենք հրեշտակների հետ շփոթել, ու թե հանկարծ թեկնածությունն առաջադրի՝ հաստատ հանրապետության նախագահ կընտրենք: Այնքան են մեր կյանքը խեղաթյուրել, որ չենք կարողանում իր պարտականությունները կատարող մարդուն նորմալ ընկալել:



Այդպիսի ոգեւորված, տեսածն արտառոց համարող քաղաքացիներից մեկն էր 11 ամսական Սոֆյայի տատ Սաթիկը, որ խմբագրություն եկավ ու ասաց. թոռնիկիս բարեխիղճ կերպով բուժել են, ուզում եմ շնորհակալությունս հայտնել բժշկուհուն եւ բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի համար: «Սրտացավ, մարդկային վերաբերմունքի արժանացանք, դուրս գրվեցինք շատ գոհ եւ կոլեկտիվից, հատկապես հիվանդանոցի տնօրենից, որ թույլ տվեց, լինելով Երեւանի բնակիչ, երեխան իրենց հիվանդանոցում բուժվի»,- իր գոհունակությունն է հայտնում Սոֆյայի տատը, որ չէր վստահել Երեւանի ինֆեկցիոն հիվանդանոցին, եւ խորհուրդ էին տվել Աբովյանի բժշկական կենտրոն դիմել:



Իսկ ինֆեկցիոն բաժանմունքի օրդինատոր Հրաչուհի Աֆյանը փոքրիկ Սոֆյայի բուժման մասին հետեւյալը պատմեց. «Արյունային ստուլ էր երեխայի մոտ, ծնողներին բացատրեցինք, որ սա լինում է սովորաբար աղիքային ինֆեկցիաների ժամանակ: Կատարեցինք համապատասխան հետազոտություններ, անհրաժեշտ բուժում նշանակվեց: Բայց երեխայի մոտ հայտնաբերվեց երկրորդ՝ ջրծաղիկ հիվանդությունը: Գնահատվեց դրական դինամիկա, երեխայի վիճակն օր-օրի դեպի լավը գնաց: Տեսանք, որ վիճակը կայուն է, բավարար, յոթ օր բուժելուց հետո դուրս գրեցինք»: Սոֆյայի բուժումն ընթացել է պետպատվերի շրջանակներում, բացի այդ, բժշկուհի Աֆյանը նշեց, որ ինֆեկցիոն հիվանդությունները, անկախ տարիքից, բուժվում են անվճար: Իսկ այս պահին այդպիսի վեց հիվանդ ունեն ընդամենը.



«Ավելի շատ ամռանն է բնորոշ, երբ վարակվելու հավանականությունը մեծ է՝ կապված սննդի, պտուղ-բանջարեղենի, ջրավազաններում լողանալու հետ: Այս տարի հուլիս-օգոստոսին 34 հիվանդ ենք ունեցել, իսկ անցյալ տարի նույն ժամանակ հիվանդների թիվը 58 էր»: Հիմնականում մինչեւ մեկ տարեկան երեխաներն են աղիքային վարակով հիվանդանում, իսկ երեք տարեկանից բարձր հիվանդներ շատ քիչ են ունենում: Պատճառը, բժշկուհու բացատրությամբ, պայմանավորված է սոցիալական համընդհանուր վատ վիճակով, արհեստական կերերով ու սննդամթերքով, քանի որ մանկական թանկ կերեր բոլորը չէ, որ կարողանում են ձեռք բերել: Անցյալ տարի մեկ մահացության դեպք է եղել, իսկ այս տարի, բարեբախտաբար՝ ոչ. «Ծայրահեղ ծանր հիվանդներին անմիջապես տեղափոխում ենք Երեւան՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»:



Հիվանդանոցը դեղորայքով ապահովված է, սակայն «լավ կլիներ, որ վերանորոգվեր, պետությունն էլ այնքան հզոր լիներ, որ կարողանար մեզ էլ հագեցած սարքավորումներով ապահովել, թեկուզ անկողնային պարագաներով, ինչու չէ՝ նաեւ խոհանոցը, որ կարողանայինք հիվանդանոցային պայմաններում երեխաներին սնունդ մատուցել, ինչպես նաեւ ջեռուցման խնդիրը լուծվեր»,- նկատում է բժշկուհի Աֆյանը:



Ֆելիքս Եղիազարյան