Մատենադարանն էլ քանդեցին

Մատենադարանն էլ քանդեցին
Մատենադարանի շրջակայքն ամբողջովին քանդված է: Նոր մասնաշենքի կառուցումից հետո սկսել են հին մասնաշենքի վերանորոգումը, որը նույնպես կատարվում է ճարտարապետ Արթուր Մեսչյանի ղեկավարությամբ: Թե ինչու է նման շինարարությունը սկսվել հենց ձմռան նախաշեմին՝ այնքան էլ պարզ չէ, սակայն այս լայնածավալ նորոգումից դժգոհում են թե գիտաշխատողները, թե Մատենադարան այցելողները: Երեկ Մատենադարանի ավագ գիտաշխատողներից մեկն ասաց. «Բոլորս սովոր ենք Մատենադարանի հին տեսքին: Այս գեղեցիկ ծառուղին որ կա, հողը, կանաչը... բետոնը՝ այստեղի համար չէ»: Մեր հարցին, թե շինարարություն կատարողները իրենցից որեւէ կարծիք հարցրե՞լ են, գիտաշխատողն ասաց. «Խի մեզ հիմա ով ա բան ասո՞ւմ որ: Չէ, ոչ մի խոսք էլ չեն ասել ու սենց ավերել են»:



Տարածքից դուրս հանդիպեցինք ԵՊՀ մի քանի ուսանողների, որոնք իրենց դասախոսի ուղեկցությամբ գալիս էին Մատենադարան, սակայն, տեսնելով տիրող անմխիթար վիճակը, շվարեցին: Տեղի բնակիչներից մի կին էլ մտահոգություն հայտնեց՝ եղանակային այս պայմաններում կատարած աշխատանքը անորակ է լինելու, եթե գործ էին ուզում անել, թող ամռանն անեին, որ մեկ-երկու տարի հետո վերանորոգելու անհրաժեշտություն չծագեր:



Մասնագետները եւս թերություններ են նկատում. Մատենադարանի հին, մանրակրկիտ մտածված կառույցը, որի հեղինակը Մարկ Գրիգորյանն է, էական փոփոխությունների են ենթարկում՝ ճարտարապետական նոր լուծումներ են տրվում, հարթություններ են փոխվում եւ այլն:



Հարություն Մկրտչյան