Բաց նամակ Էդվարդ Նալբանդյանին

Բաց նամակ Էդվարդ Նալբանդյանին
Հարգելի պարոն նախարար



Երկու տասնյակից ավելի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ 1996թ. ձևավորեցին «Ի պաշտպանություն ԼՂՀ»կազմկոմիտե, որն իր ստեղծման առաջին օրերից ձեռնամուխ եղավ պատմաիրավական փաստաթղթերի հիման վրա «Ղարաբաղյան իրավական թղթապանակ» ձևավորմանը, որի փաստաթղթային պարունակությունը բովանդակում է արցախյան հիմնահարցի էության ամբողջական ու ճշմարտացի պատկերը:



Անցած տարիներին ՀՀ իշխանությունների տարբեր օղակներին ներկայացվել են ամփոփ բանաձևեր, որոնցով հնարավոր էր հակադարձել ադրբեջանական քարոզչությանը, որը ստի ու կեղծիքի բազմաշերտ տարածումով միջազգային անտեղյակ հանրությանը շարունակաբար ներկայացնում է Արցախի հիմնահարցի պատմական ու իրավական փաստարկների նենգափոխված իր «ճշմարտությունը»:



Ցավոք, Հայաստանի իրարահաջորդ իշխանությունները այդպես էլ ունկնդիր չեղան հասարակության պահանջներին ու չձևավորեցին միասնական հայեցակարգային փաստաթուղթ`«Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Արցախի հիմնահարցի կարգավորման ուղիների ու դրանց իրավական հիմնավորումների մասին»:



Այդ փաստաթղթի կարևորությունն ավելի քան արդիականացել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանի ընտրվելու փաստով: Նկատի ունենալով, որ ադրբեջանական քարոզչական համալիրը գործում է գեբելսյան սկզբունքով` հաճախ կրկնվող սուտը ի վերջո ընկալվում է որպես ճշմարտություն, ապա կասկածից վեր է, որ Բաքվում մշակվում է լայնածավալ ծրագիր` ՄԱԿ-ում ստացած ամբիոնն առավելագույնս օգտագործելու համար:  Առավել ևս, որ 155 երկրների քվեն ստանալու համար նախապատրաստական երկարատև ու արդյունավետ աշխատանք էր կատարվել:



Փաստենք, որ ՀՀ ԱԳՆ-ին չհաջողվեց օգտագործել սեփական դիվանագիտական ռեսուրսն ու սփյուռքյան կառույցների հնարավորությունները` ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեությունը չեզոքացնելու համար:



Ավելին, դատելով վերջերս հնչած մեկնաբանություններից, ՀՀ արտաքին գերատեսչության պատասխանատուները հակված չեն կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու, որպեսզի հայկական կողմը հերթական անգամ չհայտնվի պաշտպանվողի ու արդարացողի դերում:



Ելնելով վերոգրյալից, «Ի պաշտպանություն ԼՂՀ»” կազմկոմիտեն գտնում է` անհրաժեշտ է պատեհ առիթը լավագույնս օգտագործել և դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարներին` մանրամասն ներկայացնելով ԼՂՀ կազմավորման օրինականությունը հաստատող իրավական փաստաթղթերը, հատկապես` ադրբեջանական ԽՍՀ-ի` կազմից դուրս գալու ԽՍՀՄ օրենքներին ու միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ԼՂՀ իրականացրած գործընթացը:



Միջազգային հարաբերություններում ընդունված և գործնականում լայնորեն օգտագործվող այս ձևը հնարավորություն կտա բոլոր գործընկեր երկրներին իրազեկելու սկզբունքային այս կարգի հարցերի վերաբերյալ տվյալ երկրի պաշտոնական դիրքորոշումը, որն առնվազն հաշվի է առնվում միջազգային կառույցներում տարաբնույթ քվեարկությունների ժամանակ:



Այն կարծիքը, թե Արցախի հիմնահարցը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկման տիրույթում և հարկ չկա բանակցային գործընթացը ծանրաբեռնել իրավական բնույթի փաստարկներով, անհիմն է, քանի որ Ադրբեջանը քարոզչական նյութերով հեղեղել է միջազգային ցանկացած ատյան, անտեսելով նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երաշխավորություններն ու դիրքորոշումը:



Մեր առաջարկի իրականացումն ավելի քան տրամաբանական է նաև այն պատճառով, որ հիմքից զրկում է Ադրբեջանի պնդումը, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի «անջատողական» գործողությունները խաթարել են այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Միջազգային հանրությանը ներկայացնելով Արցախի հիմնահարցի իրավական էությունը, Հայաստանի Հանրապետությունը, գոնե անուղղակի, առաջինը կճանաչի ԼՂՀ  անկախացման իրավական գործընթացի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահանջներին:



Հարգելի պարոն նախարար



Դիմում ենք Ձեզ և հորդորում առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրականացնել մեր կողմից առաջարկված ծրագիրը` դիվանագիտական նոտայով ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելու ՀՀ պաշտոնական հայեցակարգային մոտեցումը Արցախի հիմնահարցի կարգավորման ուղիների վերաբերյալ:



Մեր առաջարկն ընթացք չստանալու դեպքում, իրավունք ենք վերապահում, մեր հնարավորությունների սահմաններում, ձեռնարկել համապատասխան քայլեր:



Ընդունված է «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի 17.11.2011թ.նիստում



Կազմկոմիտեի նախագահ Արամ Սարգսյան