Հանցավոր է ճանաչվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման

Հանցավոր է ճանաչվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Սերոբ Գորիոն Դեր-Բողոսսյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման:  



Ըստ այդմ՝ դատարանը հիմնավորված է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ  «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.Գ. Դեր-Բողոսսյանը մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:



Սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակով Ս.Գ. Դեր-Բողոսսյանը 2004-2010թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու  ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի, ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար  անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն՝ Ս.Գ. Դեր-Բողոսսյանի սեքսուալ բնույթի բռնի գործողություններից տուժել է 10 անձ: