Ես իդեայի մարդ եմ, ոչ թե փողի

Ես իդեայի մարդ եմ, ոչ թե փողի
Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ  ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ զբաղվում է կուսակցության մշակութային նախաձեռնություններով: Այս կապակցությամբ մի քանի հարց ուղղեցինք նրան:



- Պարոն Ամիրխանյան, ճի՞շտ է, որ Դուք համալրել եք ԲՀԿ շարքերը:



-  Չի կարող, անհնարին բան է դա, քանի որ ես Հանրապետական եմ եւ չեմ կարող այդքան հեշտությամբ կուսակցականափոխ լինել: Դրանք ընդամենը մեկնաբանություններ են եւ իրավիճակ պղտորելու նպատակ ունեն: Ինձ առաջարկվել է մշակույթի օգնության խորհրդին օգնել, որպեսզի ճիշտ կողմնորոշումներ ձեւավորվեն: Էդ պարագայում ես միշտ պատրաստ եմ, ով էլ ուզում ա լինի, եթե հայ մշակույթը պահելու, սատար կանգնելու խնդիր կա, ես ամեն ձեւով կգնամ: Բայց կուսակցության մեջ մտնելու պայմանը հենց առաջին օրվանից ես ասել եմ, որ էդպիսի հարցով հանկարծ ինձ որեւէ մեկը չդիմի՝ մանավանդ «Բարգավաճ» կուսակցությունը:



- Իսկ ո՞վ է Ձեզ առաջարկել օգնել մշակույթի խորհրդին:



- Իրենց կողմից է առաջարկվել:



- Ո՞ւմ կողմից: «Բարգավաճ Հայաստանի՞»:



- Չէ, չէ, չէ: Մշակույթի գործիչները հավաքվել էին խորհրդակցության, թե ինչ կարելի է անել, որ մեր մշակույթը, գործիչներն ավելի պաշտպանված լինեն, հայտերը բավարարվեն եւ այլն: Ու ես այնտեղ առաջարկեցի, որ յուրաքանչյուր մարդ, որը հարց է բարձրացնում, որ իրեն օգնեն, մտնում է մուրացկանի կացության մեջ: Ու որպեսզի մուրացկանի կացության մեջ չլինի մշակույթի գործիչը, հարկավոր է ստեղծել մի խումբ, որը կքննարկի այդ հայտերը՝ ելնելով դրանց կարեւորությունից մեր երկրի համար: Ես մեղավոր չեմ, որ իմ առաջարկը եղավ ամենախելացի առաջարկը, եւ ինձ առաջարկեցին կազմակերպել այդ գործը: Բայց այդ կուսակցության հետ («Բարգավաճ Հայաստան») ես առնչություն չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ: Դրանից ոչ փող եմ ստանում, ոչ էլ աշխատավարձ (ծիծաղում է): Եթե կուսակցություն մտնելու լինեի, ես կմտնեի մի էնպիսի կուսակցություն, որի մեջ գաղափարական կողմը բարձրացած է որպես դրոշ: Բայց այդ կուսակցության եւ իր ղեկավարի գործունեությունը որեւէ գաղափարական բան չի առաջարկում: Նա ուղղակի մարդկանց օժանդակելու հարցում պատրաստակամություն է ցուցաբերում:



- Կարծում եք Հանրապետական կուսակցությունում, որին Դուք անդամակցում եք, «գաղափարական կողմը բարձրացվա՞ծ է որպես դրոշ»:



- Դուք հիմա ինձ ուզում եք ներքաշել քաղաքական խոսակցությունների մեջ, բայց Ձեզ չի հաջողվի, որովհետեւ ես դրանից շատ հեռու մարդ եմ: Ես մշակույթի գործիչ եմ եւ դրանով խնդրում եմ բավարարվեք:



- Մի կողմից ասում եք, որ հանրապետական եք, մյուս կողմից՝ թե մշակույթի գործիչ եք եւ հեռու եք քաղաքականությունից: Ո՞նց եք համատեղում, ինչպե՞ս հասկանանք Ձեր ասածը:



- Էդ իմ պրոբլեմն ա, ջանիկս: Խնդրեմ մի խորացեք ավելի եւ մի փորձեք ինձ ներքաշել որոշակի անալիտիկ բաների մեջ:



- Լավ: Պարոն Ամիրխանյան, տեղեկություն կա նաեւ, որ հենց Ձեր միջնորդությամբ է Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը նշանակվել:



- Այո, այո, իհարկե, անշուշտ: Որովհետեւ մենք չենք կարող անտարբեր լինել Կոնսերվատորիայի ռեալ կացության կապակցությամբ: Կոնսերվատորիայում հսկայական պրոբլեմներ էին կուտակվել, եւ անպայման մի նախաձեռնող էր պետք, որ կարողանայինք փոխել այդ կուրսը, որը որդեգրել էր Կոնսերվատորիան՝ խճճված լինելով իր կոռուպցիայի, իր ցածր աշխատավարձի, իր ուսանողների եւ դասախոսների հավասար քանակության եւ մի շարք այլ խնդիրների մեջ: Առանց կանոնակարգման ում ասես ընդունել էին, ում ասես լցրել էին Կոնսերվատորիա: Դրանք հիմա կարգավորվում են:



- Իսկ ի՞նչ ձեւով եք միջնորդել, պարոն Ամիրխանյան:



- Ես հարց եմ բարձրացրել բարձրագույն ղեկավարության առջեւ, որ հարկավոր է Կոնսերվատորիայի պրոբլեմները քննարկել: Հարցը քննարկվել է նախարարությունում, նախագահի մոտ անշուշտ: Եվ հիմա Կոնսերվատորիան աշխատում է առողջ ստեղծագործական մթնոլորտում:



- Ասում են՝ այդ միջնորդության դիմաց մի բավական կլորիկ գումար եք ստացել:



- Մի վիրավորեք, իդեայի հետեւից գնացող մարդը չի կարող կլորիկ գումարի հետեւից գնալ: Ով որ Ամիրխանյանին ճանաչում է, գիտի, որ Ամիրխանյանն իդեայի մարդ է, փողի մարդ չէ: Ես մեր երկրի փողի իդեան չեմ կիսում, որ հիմա վարչապետից սկսած, մինչեւ ուր ասես ապրում են մենակ ու մենակ էդ իդեայով՝ փող, փող ու էլի փող: Ես էդպիսին չեմ ու չեմ էլ կարող լինել: