Երեւանցիներն ինչ են մտածում մարզպետների մասին

Երեւանցիներն ինչ են մտածում մարզպետների մասին
Վերջին օրերին հանրապետության մարզպետներից ոմանք աչքի են ընկնում «հերոսական» արարքներով եւ համարձակ հայտարարություններով: Մասնավորապես, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, ինչ-որ մարդկանց է «կատոկում»: Օրակարգում է նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկությունների հարցը:



Փորձեցինք մայրաքաղաքի բնակիչներից ճշտել՝ արդյոք նրանց հետաքրքրո՞ւմ է մարզերի կյանքը, գիտե՞ն ովքեր են մարզպետները: Հարցախույզին մասնակցածների մեծ մասին չէր հետաքրքրում հարցը: «Մեզ ի՞նչ, թե ով ա մարզպետը, ի՞նչ ա անում իր ժողովրդի համար: Երեւանը մենք լավ պահենք՝ հերիք ա»,- նշեց նրանցից մեկը:



40 հարցվողներից միայն 22-ը նշեցին մարզպետների անունները, այն էլ՝ միայն Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի, Արարատի եւ Գեղարքունիքի: Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Լոռու մարզպետների անունները համարյա ոչ ոք չգիտեր: Լիսկայի վերջին «քաջագործությունից» համարյա բոլոր հարցվողներն էին տեղյակ: «Ու հլը վարչապետը երես ունի՝ ասում է. քրեական գործն ավարտվի, նոր ազատման հարց կքննարկվի: Ամոթ է»,- կարծիք հայտնեց տնտեսագետ Տիգրան Կարապետյանը:



Նա հետեւում է լրահոսին ու տեղյակ է, որ Արարատի մարզպետն ինչ-որ մեկին «կատոկելու է»: «Կարդացել եմ, որ ասֆալտի գործարան է սարքում եւ հնարավորություն կունենա: Բայց հրապարակավ նման բա՞ն ասել»,- տարակուսում է տնտեսագետը: «Էկոլոգիան եւ շրջակա միջավայրը տուժելու են, ո՞վ է տվել փորձագիտական եզրակացություն»,- ասաց Տիգրանը: Լրագրավաճառ տիկին Սուսաննան օրվա մամուլը ստանալուն պես աչքի է անցկացնում:



«Հա, համարյա բոլորին գիտեմ, հիմա չեմ կարող անունները հիշել: Միայն կասեմ, որ Լոնդիկին, Լիսկային եւ Արմեն Ղուլարյանին հանելու են: Հա, մեկ էլ Ծառուկյանի մարզպետին՝ Կոտայքի»,- կարծում է տիկին Սուսաննան: Նա տեղյակ էր նաեւ, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մեծ շուքով նշել է ծննդյան 65-ամյակը: «Վայ, մի րոպե, բա Գեղարքունիքի մարզպետը, որ կաշառք ա վերցրել մի դասատուից՝ դրան էլ գիտեմ»,- հիշեց լրագրավաճառը: Զարմանքս մեծ էր, երբ փողոցը մաքրող մի տարեց կին, տեսնելով ձայնագրիչս, մոտեցավ եւ հարցրեց, թե ինչի համար եմ «զապիս արել Սուսանին»:



Երբ հարցս կրկնեցի, միանգամից 68-ամյա Ալվարդ տատը բացվեց. «Թաղեմ Լիսկային, դեմքով գիտեմ, ձեռս ընկնի՝ կխփեմ ավելի կոթով: Բա ասա դա անելու բան ա՞, որ էդ սիրուն կնկան խփեցիր: Էս անգամ դատելու են դրան, «Հայլուրը» որ ասում ա, ուրեմն լուրջ ա արդեն: Գող հալով մեծ-մեծ խոսում ա»:



«Սերժը դրանց բոլորին պիտի հանի գործից ու դատի»,- եզրահանգեց զրուցակիցս: Նարեն Ճարտարագիտական համալսարանի ուսանող է: «Հա, լսել եմ Սյունիքի մարզպետի մասին, բայց ասում են՝ Շիրակի մարզպետն էլ մի բարի պտուղ չի: Աշոտ Գիզիրյանը բոլոր շեֆերի  վրա նալոգ ա դրել»,- ասաց՝ շտապ հեռանալով: Հերթական հարցվողն Արմավիրի մարզից էր: Տիկինը չցանկացավ անունը նշել, միայն ասաց, որ բուժաշխատող է:



«Աշոտ Ղահրամանյանը ժպտում է էկրաններից, ասում է՝ կյանքը հիասքանչ է: Թող մի անգամ գա հիվանդանոցները, տեսնի ի՞նչն է հիասքանչ»,- ասաց տիկինը: Մյուս զրուցակիցս, որ լրագրող էր, չցանկացավ, որ անունը թերթում լինի, թեեւ՝ «չեմ վախենում, նրանց մասին շատ եմ գրել, բայց հիմա որպես քաղաքացի եմ խոսում»: Գործի բերումով շփվել է բոլոր մարզպետների հետ: «Մեկ-երկուսը համեստ են, մյուսները, կարելի է ասել՝ իրենց տեղում չեն: Ասենք՝ վարչապետի կամ նախագահի տեղ են դրել իրենց: Գիտես, գրելն էլ արդեն օգուտ չէ: Կամ՝ Սյունիքի պարոն մարզպետ, մարդ ես ծեծում, հետո զանգերիդ չես պատասխանում, անկապ հերքումներ տարածում: Դե տղա ես՝ կանգնի-ասա՝ խփել եմ, լավ եմ արել կամ ղալաթ եմ արել»,- ասաց գործընկերս:



Ամեն դեպքում, հարցախույզից պարզվեց, որ երեւանցիները սկանդալային պատմությունների մեջ հայտնվող մարզային չինովնիկներով հետաքրքրված են: Ի դեպ, ուսանողներից մեկն էլ գիտեր, թե Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը միավորվել են: «Թե Սուրիկ Խաչատրյանին ինչի՞ են երկու մարզ վստահել, որ նա էլ ինչ ուզենա՝ անի»,- ասաց ապագա իրավաբանը:



Անի Առաքելյան