Հայաստանն Ամերիկա չէ

Հայաստանն Ամերիկա չէ
Երեկ հայտնի դարձավ, որ ամերիկյան մի շարք միլիարդատերեր եւ միլիոնատերեր դիմել են Կոնգրես՝ խնդրելով բարձրացնել հարուստների հարկերը, քանի որ նրանք համարում են, որ ավելի շատ վաստակողներն ավելի շատ պետք է վճարեն, մինչդեռ հիմա երկրի հարկային բեռի զգալի մասն ընկած է շարքային քաղաքացիների վրա: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ  Հայաստանում, ներկա կառավարիչների կողմից վարվող քաղաքականության արդյունքում, մեզ մոտ իրավիճակը ճիշտ հակառակն է, եւ 2012-ը հարուստների համար լինելու է «բերքառատ» տարի: Ըստ նրա, մեզ մոտ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն աղքատանում են: Ըստ Բագրատյանի, հաջորդ տարի Հայաստանի կառավարությունը ծրագրում է հավաքել 101 միլիարդից ավելի հարկ, որից 45 միլիարդը հավաքվելու է շարքային քաղաքացիներից, քանի որ դա տեղի է ունենալու գնաճի արդյունքում, եւ միայն 2-2,5 միլիարդն է հավաքվելու հարուստներից, քանի որ պրոգրեսիվ եկամտահարկը, ըստ որի՝ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ ունեցողները պետք է վճարեն 25 տոկոս եկամտահարկ, վերաբերելու է 50-60 մարդու, իսկ թանկարժեք մեքենաների վրա դրվող շքեղության հարկը վերաբերելու է տարեկան 100-150 մեքենայի:



Բագրատյանն ասում է, որ ինքը գիտի բյուջեի համալրման ավելի արդյունավետ տարբերակ՝ ավելացնել գույքահարկը: Եթե նորմալ երկրներում եկամտահարկը բյուջեի 5 տոկոսն է, ապա Հայաստանում՝ 0,2 տոկոսը: Բագրատյանը կարծում է, որ շքեղ անշարժ գույքի վրա բարձր գույքահարկ սահմանելով՝ հնարավոր կլինի ոչ միայն համալրել բյուջեն, այլեւ ստիպել, որ մարդիկ իրենց միջոցներն ուղղեն ոչ թե բնակարանաշինությանը, այլ տնտեսության այլ ոլորտներ:



Բագրատյանն առաջարկում է, որ պետությունը երկրի ընդերքը ոչ թե նվիրի հանքարդյունաբերողներին, նրանցից վերցնելով ինչ-որ բնապահպանական կամ բնության վերականգնման վճարներ, այլ վաճառի բնության ընդերքը՝ սահմանելով հանքաքարի գին: Հրանտ            Բագրատյանն այլ թվեր եւ փաստեր էլ է ներկայացնում, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում կառավարել տնտեսությունը, եւ այն տարեցտարի առաջընթաց արձանագրելու փոխարեն ավելի է հետընթաց ապրում: Դրա պատճառը Բագրատյանը տեսնում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա տնտեսական թիմի մեջ. Սարգսյանը ոչ միայն տարրական մակրոէկոնոմիկա չգիտի, այլ մեգաէկոնոմիկա, որը նոր ուղղություն է տնտեսագիտության մեջ եւ ցույց է տալիս իր կենսունակությունը: Բագրատյանն իրեն համարում է մեգաէկոնոմիկայի հետեւորդ:



Բայց, ի տարբերություն ՀԱԿ այլ ներկայացուցիչների, որոնք վիճակից միակ փրկությունը համարում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Բագրատյանը, ընդհակառակը՝ դիմում է նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ական վերնախավին. «Վերջ դրեք այս կլոունադային: Աշխատանքից վտարեք վարչապետին, ԿԲ նախագահին եւ ֆինանսների նախարարին: Ես լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին, նա մինչեւ Հայաստանը չկործանի, չի հեռանա»:



Դժվար է ասել, թե ինչպես այս առաջարկին կվերաբերվի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն կարելի է վստահաբար ասել, որ ՀՀԿ վերնախավը վաղուց էր դեմ վարչապետին եւ առաջինը կողջուներ Տիգրան Սարգսյանին հեռացնելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը: Բայց դրանից Հայաստանում դժվար թե ինչ-որ բան փոխվի դեպի դրականը: Հայաստանում չկան ամերիկյան միլիարդատերերի եւ միլիոնատերերի նման մտածող մարդիկ, որոնք իրենք են ստիպում Կոնգրեսին իրենցից ավելի շատ փող հավաքել: Մեզ մոտ մեծահարուստները հատուկ հավաքվում են խորհրդարանում, որ ամեն ինչ անեն ավելի շատ փող աշխատելու համար: Եվ դա եղել է մինչեւ Տիգրան Սարգսյանը, կլինի նրանից հետո, գուցե աննշան տարբերություններով:



Ավետիս Բաբաջանյան