Համալսարանները դարձրել են «դուքան»

Համալսարանները դարձրել են «դուքան»
Երեկ Ուսանողության միջազգային օրն էր: Ի թիվս այլ միջոցառումների, համերգային ծրագիր էր կազմակերպել նաեւ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Մինչ միջոցառումը կսկսվեր, նախ դրսում նկատեցինք ՀՀԿ «լոգոն», իսկ ներսում բոլորը հանրապետական էին: Երեկվա միջոցառման ժամանակ պետք է հայտարարվեր համալսարանի լավագույն ուսանողի անունը, որը, որպես պարգեւ, 2 շաբաթով մեկնելու էր Լոնդոն:



Լավագույն սովորողներն ընտրվելու էին ֆակուլտետների լավագույն ուսանողներից: Մեզ հետ զրույցում Մանկավարժական համալսարանի մի ուսանող, որը նույնպես հավակնում էր այդ կոչմանն արժանանալ, ասաց, որ ինքն արդեն չի հավատում, թե արդար է լինելու ընտրությունը, քանի որ կանխավ հայտնի է, թե ով է հաղթել, իսկ հաղթողը ՀՀԿ անդամ է: Մինչ վարչապետի գալը, տեղում արդեն «կարգուկանոն» էին հաստատում Տիգրան Սարգսյանի եղբորորդին եւ վարչապետի օգնական Միհրան Հակոբյանը ¥վերջինս երդվյալ հանրապետական է եւ  վերջերս է համալսարանից տեղափոխվել կառավարություն¤: Մինչ կսկսվեր միջոցառումը, մոտեցանք պոտենցիալ «լավագույնին» եւ մի քանի հարցեր ուղղեցինք:



- Ճի՞շտ է, որ Դուք եք ճանաչվել լավագույն ուսանող:



- Դեռ պարզ չէ, նոր են հայտարարելու (ժպտաց օրիորդը):



- Իսկ ճի՞շտ է, որ Դուք հանրապետական եք:



- Հարցե՞ր եք տալիս, լրագրո՞ղ եք:



«Լավագույնն» այնպես էր զուգվել, եւ ժպիտն էլ ասում էր, որ քիչ անց կարդալու են հենց իր անունը: Հատկանշական է նաեւ, որ վերջինիս ազգականները հենց առաջին շարքում էին նստած:



Վարագույրը բացվեց, ու սկսվեց «թատրոնը»



Վարչապետը եկավ Գալուստ Գրիգորիչի եւ երիտասարդ հանրապետականների «առաջնորդ» Կարեն Ավագյանի ուղեկցությամբ: Միջոցառումն սկսվեց եւ հայտարարվեց լավագույն ուսանողի անունը: Նա, ինչպես նախապես ենթադրվում էր, Սառա Վարյանն էր: Լավագույն ուսանողուհին կպարգեւատրվի ուղեւորությամբ դեպի Լոնդոն, իսկ համալսարանի ֆակուլտետների լավագույն ուսանողները կմեկնեն Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ ծովափնյա հանգստի գոտի: Այս միջոցառման մեջ զավեշտալին այն է, որ ամեն ինչ կուսակցականացված էր, ուսխորհրդի նախագահից սկսած՝ բոլորի կրծքերին փայլում էր Հանրապետականի նշանը: Ուշագրավ է, որ այս կուսակցության երեք ղեկավարները՝ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Տիգրան Սարգսյանը «գրավել» են համալսարանները, դարձել կառավարման խորհուրդների նախագահներ:



Հարություն Մկրտչյան