ԿԳ նախարարն իրեն վեր է դասում օրենքից

ԿԳ նախարարն իրեն վեր է դասում օրենքից
Հանրապետական կուսակցության «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը կրթության եւ գիտության նախարար նշանակվելուց հետո լուրջ հաջողություններ գրանցեց հռետորության ժանրում: Վերջին տարիներին նրա խոսքը հղկվել է ու ճոռոմաբանությունից վերաճել  ճարտասանության, ինչը հատկապես ընդգծվում է արատավոր  երեւույթների դեմ պայքարելու, օրինականություն, կարգ ու կանոն հաստատելու մասին ելույթներում:



Լրագրողները երեկ կառավարությունում պատիվ ունեցան վայելելու հանպատրաստից ծնված մի քանի մտքեր, երբ Աշոտյանից մեկնաբանություն խնդրեցին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի նախօրեի պահվածքի վերաբերյալ, որն ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ համակարգչային խաղով էր զբաղվել` «շարիկ էր գլորել», ինչը ֆիքսել էր «Երկիր մեդիայի» տեսախցիկը:



Աշոտյանը նկատեց. «Իսկ ո՞վ ասեց, որ բոլոր ելույթներն ԱԺ-ում լսելու ենթակա են իրենց բովանդակությամբ, իրենց մեջ պարունակում են հետաքրքիր առաջարկ, օբյեկտիվություն, ճիշտ քննադատություն, նորամուծություն: ԱԺ ամբիոնից հնչող ցավոք ոչ բոլոր ելույթներն են լսարժան եւ դիտարժան»:



Այս գնահատականից հետո նա դուրս եկավ մամուլի սրահից եւ ծխախոտ վառեց այնտեղ, որտեղ խստիվ արգելված է ծխելը: Երբ լուսանկարեցինք նրան, նեղսրտեց, հորդորելով չնկարել իրեն ծխախոտով: Մեր ռեպլիկին, թե կարգ է խախտում, մենք էլ ֆիքսում ենք, ասաց, որ «ըտենց մի յուրահատկություն չկա» ծխելու մեջ, ապա դժգոհեց, թե այդպիսով մենք չենք դառնա լավ լրագրող, ինքն էլ՝ վատ նախարար:



Տարօրինակն այն է, որ Աշոտյանի  կարգազանցությունը լուսանկարելը որոշ լրագրողների սրտով էլ չէր, որոնք պատրաստ էին նախարարին պաշտպանել: Կարճ  երկխոսության ընթացքում պարզ դարձավ, որ  կրթության եւ գիտության նախարարը գիտակցված է կարգը խախտում եւ պատրաստ է անգամ տուգանք վճարել: Բայց բանն այն է, որ նման դետալները խոսում են մարդու, քաղաքացու, պետական պաշտոնյայի օրինապաշտության մասին:



Մանավանդ խոսքը դպրոցականների, ուսանողների նախարարի մասին է, որը նաեւ կարգը խախտելու օրինակ է ծառայում: