Սխալներն ուղղելու ժամանակն է

Սխալներն ուղղելու ժամանակն է
Երբ երկու տարի առաջ անգլերենով լրագրություն դասավանդելու առաջարկ արեցի ԵՊԼՀ-ին, Լրագրության կենտրոնում ինձ պատասխանեցին թերահավատությամբ ու հակափաստարկով, թե անգլերենով գրելը Հայաստանի համար փոքր նշանակություն ունի: Ինչ խոսք, որ երկու տարի առաջ ադրբեջանական հակահայ քարոզչությունն այնքան ուժեղ էր, որքան այսօր, եւ աշխարհը Հայաստանի մասին, ինչպես այսօր, լսում էր մեծ մասամբ Ադրբեջանի շուրթերից:  Ձեռք թափ տալու սովորությունը  ղարաբաղյան հակամարտության հարցում կործանարար եղավ:



Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ընդունվելու օգտին քվեարկող 155 երկրները քաջատեղյակ չեն ղարաբաղյան հակամարտության մեջ Ադրբեջանի դերակատարմանը, եւ որ դիպլոմատիկ նոտայի միջոցով պետք է ուղղել այդ սխալը: Սխալներն ուղղելը հիանալի բան է, բայց որքան ավելի լավ կլիներ, եթե այդ սխալն ընդհանրապես գործած չլինեինք, ու անգլերենով գրող հայկական կայքերը, որոնք բազմաթիվ են այսօր, տարիքով մրցեին ադրբեջանական լրատվամիջոցների հետ:



Այս ափսոսանքն իր հիմքերն ունի, որոնց վրա հենված է նաեւ ՄԱԿ-ի «անտեղյակությունը», որի հետեւանքով ղարաբաղյան հակամարտության հետ կապված ՄԱԿ-ի ընդունած չորս բանաձեւերը Հայաստանից պահանջում են Ղարաբաղին կից տարածքներն ազատել զորքից:  Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ այս պահանջի միակ պատճառը համարենք հակահայ քարոզչության դիմահարության բացակայությունը, բայց, միեւնույն է, մեր լռությունը խիստ հեշտացրեց միջազգային կամայական  լուծումները: Քաղաքական գործչի արած հայտարարությունը կարծես ազդանշան է, որ պետական վերաբերմունքը փոխվում է միջազգային քարոզչության նկատմամբ:



Այդ մասին է վկայում նաեւ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ 2012»-ին կախված է Եվրոպայի եւ Ադրբեջանի միասնական անվտանգության երաշխավորությունից, որպեսզի չկրկնվի այն դեպքը, երբ հայ բռնցքամարտիկներին Բաքվում քարկոծեցին:



Դիվանագիտական առումով ճիշտ այս պատասխանը քաղաքական մտքի նոր զարգացում է. ընդամենը մի քանի ամիս առաջ մանկական «Եվրատեսիլի» կապակցությամբ Հայաստանն անհեռատեսորեն  խոստացել էր ապահովել Ադրբեջանի պատվիրակության անվտանգությունը, որն ի դեպ այդպես էլ չցանկացավ օգտվել այդ արտոնությունից:



Այդ արտահայտությամբ մենք, փաստորեն, ընդունեցինք, որ ադրբեջանցիներին Հայաստանում վտանգ է սպառնում, այնինչ պետք էր պահանջվող երաշխիքները խոստանալուն զուգահեռ հավատացնել, որ վտանգն իրական չէ:



Միայն թե բարեփոխումները հետեւողական լինեն:



Աստղիկ Սարգսյան