Լյուստրացիան եւ մենք

Լյուստրացիան եւ մենք
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը  հանդես է եկել ողջունելի օրենսդրական նախաձեռնությամբ` ԱԺ-ում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքի նախագիծը: Նման օրենք Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենար անկախության հռչակումից անմիջապես հետո, բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ:



Անցած դարի 80-ականների վերջերին եւ 90-ականների ամենասկզբներին սկիզբ առած ժողովրդավարական հզոր շարժումների ազդեցության տակ խորհրդային հատուկ ծառայությունները պարալիզված վիճակում էին եւ որեւէ դիմադրություն ցուցաբերել չէին կարող, ինչը չի կարելի ասել այսօր: Այդքան գովերգված ԿԳԲ-ն իր ողջ պատմության ընթացքում ընդամենը մեկ անգամ պետք է իր դերը կատարեր` պաշտպաներ ու կործանումից փրկեր իրեն ծնած ու սնած խորհրդային երկիրը, կասեցներ այդ երկրի կրախը, բայց… հայտնվեց խորտակվող նավից փախչողների առաջին շարքերում:



Պատմությունը ցույց է տալիս, որ այս կառույցը կարողացել է իրեն հերոսաբար դրսեւորել միայն սեփական ժողովրդի դեմ պայքարում` միլիոնավոր անմեղների գնդակահարելիս, աքսորելիս ու դատապարտելիս: Միայն 90-ականների կեսերին այն կարողացավ իրեն կրկին վերագտնել: Սկզբում ամրապնդվեց Ռուսաստանում, ապա, ի թիվս Ռուսաստանի սատելիտ այլ երկրների, նաեւ Հայաստանում: Այսօր արդեն ունենք այն, ինչ ունենք:



Նրանք մեր կյանքի բոլոր ոլորտներում են, գրավել են եւ քաղաքական, եւ հասարակական դաշտերը, իրենց դիրքերը կամավոր հանձնելու ոչ մի ցանկություն չունեն ու, անկասկած, կտապալեն  «Ժառանգության» այս նախաձեռնությունը: Հեշտությամբ կտապալեն,  որովհետեւ եւ այնտեղ, որտեղ օրենքի նախագիծը պետք է քննարկվի` պառլամենտ կոչվածում, եւ այդ պառլամենտ կոչվածի պատերից դուրս գոյություն ունի մի հզոր ու գերկազմակերպված ուժ, որը շատ ավելին կարող է անել, քան գաղտնազերծման մասին օրենքի եւ ընդհանրապես  ազատականության ու ժողովրդավարության կողմնակիցները:



Ոչ թե այն պատճառով, որ ազատականության ու ժողովրդավարության կողմնակիցները քիչ են ու թույլ, այլ այն,  որ այդ օրենքի ընդունման դեմ աշխատելու է պետական մեքենան իր ողջ թափով՝ գումարած այդ մեքենայի մաս չկազմողների մի հսկա բանակ, որ, պետական անվտանգությունը վկայակոչելով, հանդես է գալիս ճիշտ այն դիրքերից, ինչ պետական մեքենան, չգիտակցելով, որ պետությունն է մարդու համար, այլ ոչ մարդը պետության, եւ մարդու դեմ կատարված ու կատարվող ցանկացած անօրեն ոտնձգություն, այլեւս չկրկնվելու համար, պետք է բացահայտվի ու պատժվի:



Իզուր է անհանգստանում ՀԱԿ անդամ, քաղբանտարկյալ ու իմ բարեկամ Գուրգեն Եղիազարյանը: Պատմության քննությունը չբռնած ԿԳԲ-ին Հայաստանում առայժմ ոչինչ չի սպառնում, այն դեռ կենդանի է մնալու ու իր աշխատակիցների, նաեւ իր հազարավոր գործակալների ուժերով պայքարելու է ՀԱԿ-ի դեմ, յուրաքանչյուր ոչ յուրայինի դեմ,  բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով դեռ կազմակերպելու է գալիք ընտրությունները կեղծելու կարեւորագույն պետական նշանակություն ունեցող գործը:



Դեռ ամեն ինչ անելու է, որ Հայաստանում հանկարծ լեգիտիմ իշխանություն չձեւավորվի, որովհետեւ գիտի, որ լեգիտիմ իշխանության ամենաառաջին գործերից մեկը լինելու է լյուստրացիայի մասին օրենքի ընդունումը: Որովհետեւ օրինական իշխանության ամենաառաջին գործերից մեկը լինելու է ԿԳԲ-ի կարգի, ԿԳԲ-ի որակի, ԿԳԲ-ի աշխարհընկալումն ունեցող կառույցի 70-ամյա գործունեության դատապարտումը: Բայց մինչ այդ այն դեռ  շարունակելու է աշխատել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ:



Գաղտնազերծման մասին օրենքը կարող է անընդունելի համարվել այն դեպքում, եթե դիտարկվի միմիայն կագեբեշնիկի տեսակետից: Կագեբեշնիկի տեսակետից լյուստրացիա՝ նշանակում է դավանած արժեքների ոչնչացում, կործանում ու կրախ: Բայց այն այսքան կործանարար ու սպանիչ չի ընկալվի, եթե մարդկանց, այդ թվում եւ հատուկ ծառայությունների անցյալ ու ներկա աշխատակիցների մտքերում հստակ սահման գծվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու սովետական միլիցիայի միջեւ, եթե հստակ սահման գծվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ու սովետական ԿԳԲ-ի միջեւ: Այս դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի:



Նման սահման պետք է գծվեր անկախության հռչակումից անմիջապես հետո, ու մենք այսօր, ի դեմս հատուկ ծառայությունների, կունենայինք ոչ թե ռեպրեսիվ կառույց, որ երկրի ներսում ռեպրեսիաներ իրականացնելուն զուգահեռ նաեւ սպասարկում է այլ երկրի շահեր, այլ՝  ոստիկաններ ու ազգային անվտանգության աշխատակիցներ, որոնք, օրենքի տառին համաձայն, կծառայեին պետությանը եւ գաղտնազերծման մասին օրենքն էլ չէին դիտարկի որպես սեփական կործանման սկիզբ:



Նախկին խորհրդային ճամբարի շատ երկրներում է գաղտնազերծման մասին օրենք ընդունվել` Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Լեհաստան, Չեխիա, Սլովենիա, Գերմանիա, Ռումինիա, Ալբանիա, Հունգարիա, Վրաստան, Բուլղարիա, եւ այդ երկրներից ոչ մեկը ոչ միայն չի կործանվել, այլեւ իրենց զարգացմամբ շատ ավելի առաջ են Հայաստանից:



Սա գալիս է ապացուցելու, որ մտացածին է այն միտքը, թե գաղտնազերծման մասին օրենքը կարող է վտանգել պետության անվտանգությանը: Ընդհակառակը` նման օրենքի բացակայությունն է վտանգավոր պետության համար: Ժամանակին նման օրենք ընդունելով, մենք մեկընդմիշտ հրաժեշտ կտայինք խորհրդային մեր անցյալին եւ անկախության հռչակումից քսան տարի անց չէինք շարունակի պորտալարով  կապված մնալ խորհրդային հատուկ ծառայությունների ընդհանուր համակարգին, որն այսօր միմիայն ռուսական կայսրական շահն է սպասարկում: Այդ համակարգը ոչ միայն ժամանակավրեպ է, ոչ միայն արյունոտ է, ոչ միայն ազատ աշխարհի ու ազատ մարդու կողմից մերժելի, այլեւ խարխլում է մեր ինքնիշխանության հիմքերը:



Պատահական չէ ԱՊՀ կոչվող երկրների նմանությունը: Դրանցից եւ ոչ մեկում արդար ու ազնիվ ընտրություններ տեղի չեն ունենում: Այդ երկրներում մարդիկ քաղաքական հետապնդումների են ենթարկվում: Դրանք բոլորն էլ ապրում ու կառավարվում են Ռուսաստանում մշակված սցենարներին համապատասխան, սցենարներ, որ այդ սատելիտ երկրներում կյանքի են կոչվում ազգային անվտանգության անվան տակ հանդես եկող իրենց տեղական ենթակառույցների միջոցով: Ահա այդ սարդոստայնից դուրս պրծնելուն նաեւ պետք է ծառայի գաղտնազերծման մասին օրենքը: Այն շատ բան կփոխեր մեզանում: Ափսոս, որ այսօր հաջողություն չի ունենալու:



Վարդան Հարությունյան