Ինչքան վատ, էնքան լա՞վ

Ինչքան վատ, էնքան լա՞վ
Նախօրեին ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում հայության մասնիկներին «մեծ թվով եւ լիաբուռն կերպով մասնակցել «Հայաստան համահայկական հիմնադրամի» հանգանակությանը»: Նշենք, որ ամենամյա դրամահավաքության մարաթոնն արդեն մեկնարկել է, եւ այն կեզրափակվի նոյեմբերի 24-ին: Թերեւս ուշագրավ է Դաշնակցության նման պահվածքը:



Նախընտրական գործընթացներով պայմանավորված՝ ՀՅԴ-ն վերջին կես տարվա ընթացքում հաճախ է սուր քննադատության ենթարկում իշխանությանը, թեպետ, երբ հասնում է խոսքը գործի վերածելու ժամանակը, դաշնակցական ընկերները ճարպկորեն խոսքից հրաժարվելու ելք են գտնում: Զորօրինակ՝ Անկախության 20-ամյակի առիթով կազմակերպված ճաշկերույթին Ամերիկայի դաշնակները նախ բոյկոտեցին, ապա մասնակցեցին:



Ինչեւէ, փաստ է, որ ներկայումս դաշնակցական ընկերները կրկին երկակի խաղ են խաղում՝ մի կողմից   խորհրդարանում բյուջեի քննարկմանը քննադատական խրոխտ ելույթներ են ունենում, մյուս կողմից՝ ՀՅԴ Բյուրոն իշխանության ռեյտինգը բարձրացնելուն ուղղված կոչով է հանդես գալիս: Սփյուռքի իր կառույցներին հորդորում է ակտիվորեն մասնակցել դրամահավաքին:



Քանի որ, բացի համահայկական դրամահավաք լինելուց, մարաթոնին հավաքված գումարի չափն ուղիղ համեմատական է նաեւ գործող իշխանության վարկանիշին, եւ դա խոսում է Հայաստանի գործող իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության մասին: «Ի՞նչ կապ ունի դա, ի՞նչ կապ ունի...»,- երեկ, լսելով մեր դիտարկումը, զայրացած արձագանքեց ՀՅԴ քարտուղար Արտաշես Շահբազյանը, կուսակցության  քայլն էլ այսպես մեկնաբանեց.



«Հարցն էլ դա է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կուզեն էս երկրի համար վատ լինի, որ իրանք ուրախանան: Դրա հետ են կապում իշխանության պրոբլեմները, իսկ մենք չենք ասում՝ ինչքան վատ, էնքան լավ»: Առավել համոզիչ լինելու նպատակով Շահբազյանն իր դասախոսությունը շարունակեց. «Իմիջիայլոց, մենք ամենավատ հարաբերությունների ժամանակ, որ ունեցել ենք ՀՀՇ-ի հետ, որտեղ գործակցելու հնարավորություն ենք ունեցել, գործակցել ենք, շատ կոնկրետ ոլորտում՝ ղարաբաղյան զինված պայքարի ոլորտում: Այսինքն այդ մոտեցումն արդեն ասում է, որ այդ ուժերը չեն կարող ազգային ուժեր կոչվել, որոնք ասում են, որ պիտի վատ ցանկանաս, որպեսզի իշխանության համար վատ լինի: Մենք գիտենք, որ դա այն մարաթոնն է, որով կոնկրետ ծրագրեր են իրականացվում»:



Սակայն հենց ծրագրերի իրականացման համատեքստում սպասելի էր, որ ընդդիմադիրի կեցվածք ընդունած Դաշնակցությունը Սփյուռքի իր կառույցներով կբոյկոտեր դրամահավաքը, քանի որ գաղտնիք չէ, որ հավաքված գումարի միայն մի մասն է ծառայում նպատակին եւ ներդրվում Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ ԼՂՀ շրջաններում բարեկարգումների նպատակով: ՀՅԴ քարտուղարն էլ խոստովանեց, որ «սխալներ կան», այնուամենայնիվ բավարարվեց, որ «ինչ-որ ռեալ ծրագրեր իրականացվում են»: Ստացվում է, ինչպես բազմիցս ենք համոզվել, որ ՀՅԴ-ն շարունակում է «ընդդիմադիր ըլլալով՝ իշխանություն ըլլալ»:



Սակայն եթե նախկինում, երբ ՀՅԴ-ն կոալիցիայում էր, նման պահվածքը հասկանալի էր, ապա հիմա՝ ներքաղաքական այս եռուն շրջանում, երբ  մարդիկ կուսակցություններից հստակ դիրքորոշում են ակնկալում, սա ուղղակի մահախոսական է այս կուսակցության համար եւ հիշեցնում է հայտնի դարձած «կույս է ուզում մնալ, բայց հաճույք ստանալ» խոսքը: «Գուցե ՀՅԴ-ն է՞լ է հասկացել, որ այս պարագայում հույս չի կարող դնել իր էլեկտորատի վրա, ու, իշխանության բարեհաճությունը շահելու համար, ժեստեր է անում»,- հարցրինք Շահբազյանին:



«Էկեք նայենք, որ համահայկական հիմնադրամը դեռ առաջին իշխանության օրոք է ստեղծվել, ուրեմն նույն բաները կարելի է ասել բոլորին: Չի կարելի: Սա իշխանության  հետ կապ չունի, եւ ովքեր այդպես կասեն, դա ստորություն է: Սա մեր մտածողությունն է, դիմագիծը որոշումների»: Այդ դեպքում արդյոք նպատակահարմար չէ՞ր սեփական նախաձեռնությամբ  կազմակերպել հանգանակություն, որն ըստ ամենայնի նաեւ նախընտրական լավ քարոզչություն կդիտվեր:



«Չէ, չէ, սա ավելի ճիշտ բան է, որովհետեւ պետությունը համախմբում է բոլոր ուժերին, այսինքն ժողովրդի բոլոր հատվածներին, եւ չես կարող այս հարցերում պետության մեջ պետության դեր ստանձնել, եւ ճիշտ չէ նման մրցակցությունը: Մենք չեն կարող ամբողջ հայությանը համախմբել եւ բացատրել, որ գիտեք՝ մենք ուզում ենք այսպիսի պետական ծրագրեր իրականացնել»: