Սա թիմային աշխատանք է

Սա թիմային աշխատանք է
Խորհրդարանում, նախօրեին, խոսակցությունները պտտվում էին Սյունիքի մարզպետի «քաջագործության» շուրջ: ՀՀԿ-ականներն ասում էին` դե, մարզպետը հերքել է, որ նման բան է եղել: Այնպես որ Հանրապետականում զգուշանում էին կարծիք արտահայտել. ինչպես հայտնի է` ՀՀԿ-ում յուրայինների մեղավորության ու անմեղության աստիճանը, պատժի ձեւն ու ընդհանրապես ամեն ինչ որոշում է մեկ մարդ, ու այդ մարդը Սերժ Սարգսյանն է: Նախօրեին ՀՀԿ խմբակցությունում էր մեկ այլ սյունեցի` ՀՀԿ-ական պատգամավոր, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, որի անունը պարբերաբար շրջանառվում է Սյունիքի մարզպետի թեկնածուների շարքում:



- Պարոն Հակոբյան, չի բացառվում, որ առաջիկայում մարզպետի պաշտոնն ազատվի Ձեր մարզում: Ասում են՝ Դուք էլ եք հավակնում այդ պաշտոնին, քանի որ, որպես թեկնածուի, ժամանակ առ ժամանակ շրջանառվում է նաեւ Ձեր անունը:



- Մարզպետի տեղն ինչի՞ պիտի ազատվի...: Մեր կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Խաչատրյանը նշանակվել է մարզպետ եւ երկարուձիգ տարիներ աշխատում է Սյունիքում: Կուսակցությունն իր աշխատանքի գնահատականը կտա ժամանակին, երբ որ նպատակահարմար չի լինի արդեն՝ կփոխի, նոր դրա մասին կխոսենք, բայց չի կարելի փորձել շահարկել էդ խնդիրը: Չեմ կարծում, որ դա կոռեկտ է: Բոլոր դեպքերում, մարդն այսօր աշխատում է, եւ գնահատական տալը ճիշտ չէ:



- Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախօրեի միջադեպը, որ մարզպետն այս էլ որերորդ անգամ բռնություն է կիրառում եւ այս անգամ, փաստորեն, կին գործարարի հանդեպ է բռնություն կիրառել:



- Անկեղծ ասած, նաեւ հաշվի առնելով հանգամանքը, որ ես ճանաչում եմ Սյունիքի մարզպետին, նաեւ անձամբ շփվում եմ, աշխատանքային որոշակի հարաբերություններ կան, ես չեմ հավատում, որ մարզպետը կարող ա խփած լինի էդ կնոջը:



- Ասել է թե, ըստ Ձեզ, գործարար Սիլվա Համբարձումյանը սո՞ւտ է խոսում:



- Ես չեմ ճանաչում Սիլվա Համբարձումյանին: Ես ասում եմ` ճանաչելով Սյունիքի մարզպետին, շփվելով, ես չեմ կարծում, որ նման բան տեղի ունեցած լինի:



- Եթե ձայնագրությունը նայեք, կհավատա՞ք:



- Մնացածը քննության գործն է: Ես իմ կարծիքն եմ ասում:



- Իսկ երկու սյունեցիների միջեւ կայացած միջադեպը եւ մարզպետի արարքն ի՞նչ արձագանք կունենան մարզում եւ Հանրապետականի վարկանիշի վրա:



- Պետք չէ քաղաքականացնել եւ փորձել էդ տեսանկյունից գնահատականներ հնչեցնել: Ինչ-որ միջադեպ միգուցե տեղի ա ունեցել՝ էմոցիոնալ ֆոնի վրա, կամ ինչ-որ տաքացած զրույց, բայց  եթե դա գործնական դաշտում է, ի՞նչ կապ ունի, թե Սյունիքում ինչ գնահատական կտան:



- Կոնկրետ Հանրապետականի վարկանիշի վրա սա չի՞ ազդի մարզում:



- Չէ, ինչո՞ւ պիտի Հանրապետականի վարկանիշի վրա ազդի: Սա ոչ քաղաքական պրոցես է, սովորական միջանձնային հարաբերություններ են, որը ցանկացած մարդու հետ կարող է տեղի ունենալ:



- Դուք պատրաստվո՞ւմ եք նորից առաջադրվել պատգամավոր, Սերժ Սարգսյանն ասում է` քաղաքականությունը պետք է տարանջատվի բիզնեսից, իսկ Ձեր ընտանիքը հսկայական բիզնես գործունեություն է ծավալում Սյունիքում:



- Այո, իմ հայրը խոշոր բիզնեսմեն է, մեծ գործարար, լավ մենեջեր: Ես նաեւ հպարտանալու բան ունեմ, Հայաստանի առաջին խոշոր հարկատուն է, ամենախոշոր տնտեսություններից մեկի ղեկավարն է, եւ ես իմ հոր տղան եմ: Բայց ես ունեմ իմ ճանապարհը, որը պետք է անցնեմ:



- Ասել է թե առաջադրվելո՞ւ եք:



- Դե կտեսնենք, կարող է առաջադրվեմ:



- Իսկ Դուք կարո՞ղ եք ՀՀԿ-ի համար ձայներ բերել Սյունիքում:



- Եթե այդ կուսակցության անդամ եմ, պիտի այդ կուսակցության համար ձայներ բերեմ:



- Կարո՞ղ եք Սյունիքի ներկա մարզպետի չափ ձայներ բերել ՀՀԿ-ին:



- Ուրեմն ես Ձեզ ասեմ՝ ինչպես ֆուտբոլում, թիմային աշխատանքն ավելի գնահատելի է, ավելի արդարացված: Կարծում եմ՝ էդ աշխատանքն էլ թիմային աշխատանք է եւ արդյունք է տալիս, երբ որ թիմն առողջ է, լավ աշխատում է: