Իսկ Կարենը հուսախա՞բ արեց

Իսկ Կարենը հուսախա՞բ արեց
Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի է ունեցել քաղաքապետի «ամենամյա» ինաուգուրացիան՝ այս անգամ Տարոն Մարգարյանի դերակատարմամբ: Արդեն երեք տարի է, ինչ իշխանությունը, գրեթե նույն կազմով, քաղաքապետարանում երդմնակալության արարողություն է կազմակերպում: Ինչպես  նախորդ տարիներին, այնպես էլ երեկ Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը վարել է  միջոցառումը,  կոմպոզիտոր, ավագանու անդամ  Մարտին Վարդազարյանը նորընտիրի վզից կախել է լանջաշղթան,  Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, որը ՀՀԿ ամենաեռանդուն քարոզիչներից է, իր հայրապետական օրհնանքն է ասել, Սերժ Սարգսյանն էլ ամենամյա ելույթով է հանդես եկել:



Տարոն Մարգարյանի երդմնակալության  արարողությանը, ի տարբերություն նախորդ երկուսի, ներկա չի գտնվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերին օթյակում երեք հոգով են եղել՝ Սերժ Սարգսյանը, կաթողիկոսն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Կարեն Կարապետյանն ու Գագիկ Բեգլարյանը եւս չեն մասնակցել: Փոփոխություն է նկատվել Սերժ Սարգսյանի շեշտադրումներում: Եթե Կարեն Կարապետյանին մաղթել էր արդարացնել հույսերը, ապա Տարոն Մարգարյանին ուղղված խոսքն այլ է եղել:



«Հայտնի է, որ պարոն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երեւանում, ունի բարոյական լավ նկարագիր: Պարոն Կարապետյան, մաղթում եմ, որ Դուք արդարացնեք բոլորիս հույսերը եւ հուսախաբ չանեք բոլոր այն մարդկանց, ովքեր, որպես կառավարիչ` տարբեր բարձր պաշտոններում նախընտրում են հենց Ձեր տեսակը…»,-նախորդ անգամ ասել էր Սերժ Սարգսյանը:



Պարզվեց՝ հենց իրենց նախընտրած տեսակն էլ իրենց նպատակներին ու ծրագրերին մոտ տասը ամիս անց բավարար չհամարվեց: Ինչ վերաբերում է կարկառուն ՀՀԿ-ական Անդրանիկ Մարգարյանի որդուն՝ Տարոն Մարգարյանին, ապա Սարգսյանը մատնանշել է նրան թիկունք լինելու հանգամանքը, ինչը չէր կարեւորել նախորդների դեպքում: Թերեւս դա էլ պատասխանն է այն գնահատականների, թե Տարոնը բավականին երիտասարդ ու թույլ է քաղաքապետի պաշտոնի  համար. «Իսկ Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ: Այդ համակրանքը չի սահմանափակվում ո՛չ Ավանով, ո՛չ Հանրապետական կուսակցությունով: Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ Մարգարյան ազգանունի հանդեպ:  Տարո՛ն, դու քո կուսակիցներին եւ համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես:  ՏԻՄ համակարգում, Ավանում նա իրեն դրսեւորել է որպես հմուտ եւ հոգատար ղեկավար, որը գործով վաստակեց բնակչության հարգանքն ու սերը: Մենք բոլորով կանգնած ենք քո կողքին եւ միշտ պատրաստ ենք սատարելու, սակայն յուրաքանչյուր մարդ եւ պետական պաշտոնյա ինքը պիտի կռի իր ճակատագիրը»:



Եթե Տարոն Մարգարյանը բավարարի Սերժ Սարգսյանի պահանջները, ապա քաղաքապետի հաջորդ ընտրությունները կլինեն 2013 թվականին, նախագահական ընտրություններից հետո: Նշենք, որ 2009 թվականին առաջին անգամ Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի, եւ վերջին ընտրության ժամկետից թեեւ երկու տարի է անցել, սակայն արդեն երրորդ քաղաքապետն է ընտրվում: Տարոն Մարգարյանը Երեւանի 54-րդ քաղաքապետն է, ինչպես նաեւ ամենաերիտասարդը:



ՀԳ - Նկատենք, որ երեք քաղաքապետերի օրոք Երեւանը խիստ տարբեր ասոցիացիաներով է ընկալվել: Օրինակ, Գագիկ Բեգլարյանի ղեկավարության  օրոք կենդանացավ Էրեբունի-Երեւան կապը: Նույնիսկ տպավորութուն էր, թե ինքը ոչ թե Երվանդ Զախարյանի, այլ Էրեբունու հիմնադիր Արգիշտիի հետեւորդն է: Կարեն Կարապետյանի օրոք քաղաքը դեմքը կորցրեց, բիզնես մտածողությունը հաղթեց, իսկ Տարոն Մարգարյանի օրոք, թերեւս, նմանվի մեծ Ավան համայնքի:  Իհարկե, ցավալի է, որ հազարամյակներ ապրած Երեւանն այդքան հեշտ կերպարանափոխվում է: