Փորձում են պաշտպանել «քցված» սփյուռքահայերին

«Նպատակն այն է, որ Հայաստանում ստեղծենք այնպիսի միջավայր, որ սփյուռքահայն իրեն պաշտպանված զգա: Մենք պետք է հասցնենք մեր ուղերձը նրանց` տեղեկացնելով, որ Հայաստանում կա հասարակական նախաձեռնություն, մարդիկ, ովքեր պատրաստ են պաշտպանել նրանց իրավունքները»,- ասաց Բաբաջանյանը: Հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնվել է այս ամռանը, երբ ԱՄՆ-ում նա հանդիպել է մի գործարար ներդրողի, որն ակտիվ ներդրումներ էր արել Հայաստանում շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում, սակայն լուրջ խնդիրներ էր ունեցել:
«Իշխանության այս կամ այն ներկայացուցիչն իր հովանավորության տակ էր վերցրել ինչ-որ մարդկանց, ովքեր որ արդյունքում սնանկացրել էին այդ մարդուն»,- նշեց «Ժամանակի» խմբագիրը: Եվ իրոք, գաղտնիք չէ, որ սփյուռքահայ մի շարք գործարարներ հաճախ մեծ ներդրումներ են անում Հայաստանում, հատկապես շինարարության ոլորտում, սակայն արդյունքում հայտնվում են «քցվածի» կարգավիճակում ու հիասթափված հեռանում Հայաստանից: Խարդախությունը կատարվում է հետեւյալ մոդելով. նախ ներդրողին խոստանում են մեծ շահույթ: Խորհուրդ են տալիս ներդրում անել որեւէ բիզնեսում: Ապա ինչ-որ չգործող x կամ y կազմակերպությունների հետ փոխառության պայմանագրեր են կնքում, բայց իրականում ոչ մի գումար չի փոխանցվում: Հետագայում կնքվում են մի քանի այլ փոխառության պայմանագրեր, դատական պրոցեսներով ընկերությանը հասցնում են սնանկության, եւ ներդրողը խոստացված մեծ շահույթի փոխարեն մնում է դատարկաձեռն:
«Սա խարդախության դասական մոդել է»,- ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանը ներկայացրեց այդպիսի մի քանի գործեր՝ Նաջարյան ամուսինների գործը, որոնք միլիոնավոր դոլարների ներդրում էին արել, անշարժ գույք գնել, սակայն թարգմանչի եւ մի շարք այլ անձանց կողմից հայտնվել էին «քցվածի» վիճակում: Էդմոնդ Խուդյանի գործը, որը Մաշտոցի պողոտայում միլիոններ էր ներդրել 13 հարկանի շենք կառուցելու համար, սակայն ոչ մի դրամ հետ չի ստացել: Խարդախները՝ ընկերության տնօրենը եւ աշխատակիցները, գործել են նույն մոդելով: Այս երկրորդ խարդախության մեջ ուշագրավն այն է, որ Խուդյանին «քցող» անձը նրա գլխավոր գործընկեր Վլադիսլավ Մանգասարյանն է՝ հայտնի Վլադը, որը, Արման Բաբաջանյանի պատմելով, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հովանավորյալն է:
«Խուդյանն ինձ անձամբ բաց տեքստով պատմել է, որ Մանգասարյանին իր՝ Խուդյանի հետ ծանոթացրել է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: Եվ ամբողջ այդ ընթացքում Լեւոն Սարգսյանն է հովանավորել այդ գործարքները: Նա նաեւ կառուցված շենքում բնակարաններից մեկի գնորդն է»,- նշեց Բաբաջանյանը:
Փաստաբան Սամվել Ջաղինյանն իր հերթին ներկայացրեց մեկ այլ՝ Ժորժ Թովմասյանի գործը: Վերջինս նույնպես, սկսած 1990-ականներից, ներդրումներ է արել Հայաստանում եւ Արցախում, սակայն նրա գումարները եւս յուրացվել են: Մեկ այլ գործ է «Նարեկացի արվեստի միության» տնօրեն Նարեկ Հարությունյանի դեպքը, որին էլ «քցել» է վերջինիս ընտանիքի բարեկամ Սեւակ Արզարունին:
Կարծիքներ