Կուսակցական խճանկարը եւ ընտրական գործընթացները Հայաստանում

Կուսակցական խճանկարը եւ ընտրական գործընթացները Հայաստանում
Ազգային ժողովի հերթական ընտրություններին մոտ 170 օր ժամանակ է մնացել, իսկ նախընտրական խմորումները շատ պասիվ բնույթ են կրում: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կարծես բոլոր քաղաքական ուժերը նախորդ 4.5 տարիներին այնքան շատ նախընտրական աշխատանքներ են իրականացրել, որ շտապելու խնդիր չունեն: Սովորաբար Հայաստանում, ընտրություններին նախորդող 4-4.5 տարիներին, քաղաքական կյանքը համարյա մեռած է լինում, եւ քաղաքական ուժերը միայն վերջին՝ 1-2 ամսում են արթնանում ու փորձում իրականացնել իրենց նախընտրական ծրագրերը:



Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում հիմնականում եղանակ են ստեղծում մի քանի ուժեր` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ որոշ չափով էլ՝ ՀՅԴ-ն, ՀԺԱՄ-ը եւ «Ժառանգությունը»: Նշեմ նաեւ, որ ներկայումս մեր երկրում ժողովրդի ապրելակերպն այնքան անտանելի է դարձել, որ նրա ճնշող մեծամասնությունն իրականում ոչ մի քաղաքական ուժի չի վստահում եւ հույսը դրել է միայն իր վրա: Իսկ սա նշանակում է, որ ժողովուրդը հույսը կտրել է բոլոր քաղաքական ուժերից եւ, անկախ նրանց գրաված դիրքից, չի սպասում որեւէ դրական փոփոխության ու իր կյանքը ռեալիզացնում է հիմնականում երկու ճանապարհով. նրանց մի մասը պարտադրված արտագաղթում է, մյուս մասն առաջնորդվում է «եղունգ ունես, գլուխդ քորիր» սկզբունքով:



Որքան էլ ցավալի է, այսօր հայաստանյան իրականությունը սա է: Նշեմ, որ քննարկվող նյութից միտումնավոր դուրս ենք թողնում ժողովրդի այն 20-30 տոկոսին, որոնց ապրելակերպը տատանվում է միջինից մինչեւ սուպերլավ միջակայքում: Փաստորեն, ժողովրդի ճնշող մեծամասնությունն այսօր հայտնվել է այնպիսի իրադրության մեջ, որ հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել, թե այս իրավիճակում ինչ պետք է անեն քաղաքական ուժերը, որպեսզի փոքր-ինչ մեղմեն ժողովրդի ապրելակերպի այս դաժան վիճակը եւ չնչին չափով սիրաշահեն նրան, որպեսզի հնարավոր լինի ժողովրդի տրամադրվածության վեկտորն ինչ-որ չափով թեքել դեպի իրենց: Պարզից էլ պարզ է, որ այն, ինչ չի արվել 5, 10 տարում, հնարավոր չէ անել մի քանի ամսում: Հենց այստեղ գալիս ենք նրան, ինչին միտված է այս հոդվածի հիմնական ասելիքը:



Հեծանիվ հնարելու հարկ չկա, եւ բոլորն են հստակ հասկանում, որ ընտրությունների միջեւ ընկած 5 տարվա ժամանակահատվածում նախընտրական ծրագրերը պետք է դառնային գործ, որի պարագայում ժողովրդին համոզելու կարիք ընդհանրապես չէր առաջանա: Այնինչ քաղաքական ուժերի կողմից այդ մասով բացարձակապես ոչինչ չի արվել: Ամբողջ աշխարհում ընտրությունները մի տրամաբանություն ունեն. դրանց հավանական արդյունքներն արձանագրվում են ոչ թե ընտրությունների փաստացի անցկացման օրը, այլ դրանք գործընթացներ են, եւ դրանց ընթացքում է որոշվում քաղաքական ուժերի հետագա ճակատագիրը, որը հետագայում, որոշակի մոտավորությամբ, արտացոլվում է նրանց ստացած ձայների մեջ:



Իհարկե, այս մշակույթը Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ, եւ հայաստանյան քաղաքական ուժերի այսօրվա գործելակերպի պարագայում կարծես նման մշակույթի ձեւավորումը դրական միտումներ չի էլ ենթադրում: Իսկ սա հստակորեն խոսում է մի բանի մասին, որ դեռ մոտակա շատ-շատ տարիների ընթացքում Հայաստանում իսկական ընտրություններ, որպես այդպիսին, չեն կայանալու:



Եվ ամենացավալին այն է, որ, երկրի վիճակին համարժեք, խախտվել է նաեւ ընտրությունների տրամաբանությունը, եւ ընտրությունների ելքը որոշելու են ոչ թե ընտրության գործիքները, այլ ազդեցության լծակները՝ փողը, ուժը եւ նմանատիպ ուրիշ գործոններ: Ասվածից հստակորեն հետեւում է, որ եթե մեր քաղաքական ուժերն անպայմանորեն ուզում են ներկայացված լինել գալիք Ազգային ժողովում` այն էլ, որքան մեծաթիվ պատգամավորական թիմով, այնքան լավ, ապա այս մի քանի ամսվա ընթացքում պետք է ընտրություններին նախապատրաստվեն ոչ թե դասական իմաստով, այլ մշակեն նախընտրական եւ ընտրական գործընթացների տրամաբանությունից դուրս լրիվ այլ մեթոդաբանություն եւ առաջնորդվեն դրանով: Հակառակ պարագայում նրանց բոլոր ջանքերը կդառնան «ձայն բարբառո հանապատի»:



Ասվածից հետեւությունը մեկն է. երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ քաղաքական ուժերը միայն արտասովոր քայլերի միջոցով կարող են ժողովրդի ներսում գոնե չնչին չափով վերականգնել հավատն առաջիկա ընտրությունների նկատմամբ եւ հույս ներշնչել, որ դա միակ կռվանն է, որի միջոցով նրանք կկարողանան լուծել ժողովրդի գոնե տարրական խնդիրները:



ՀԳ - Հոդվածը պատրաստվում էր տպագրության, երբ Իջեւան քաղաքում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որտեղ հաղթեց ԲՀԿ-ական թեկնածուն: Այն ընտրությունը, որի մասին ասվում է հոդվածում, բացարձակապես կապ չունի այս ընտրության հետ, քանզի ժողովուրդը ձայն տվեց ոչ թե այն թեկնածուին, որի ներկայացրած կուսակցությունը կամ հենց թեկնածուն տարիների ընթացքում իր կատարած գործով արժանացել էր ժողովրդի համակրանքին, այլ պարզապես կատարվեց պարտադրված ընտրություն թեկնածուների միջեւ:



Անանիա Մաղաքյան, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն», ՀԿ նախագահ