30 միլիոն դրամ՝ լողավազանի ու բարեկարգման համար

30 միլիոն դրամ՝ լողավազանի ու բարեկարգման համար
Մաշտոցի պողոտայի «թամանյանական» բակում բնակչությունն ուրբաթ օրը իրար էր անցել: Այնտեղ մի քանի օր առաջ շինարարական տեխնիկա էր մտել, եւ բանվորները սկսել էին աշխատել: Բնակիչների բողոքին ընդառաջ՝ այցելեցինք նշված հասցեն: Տեղում պարզ դարձավ, որ այնտեղ ոչ խանութ է կառուցվում, ոչ էլ էլիտար շենք, պարզապես բակն է նորոգվում, կառուցվում է խաղահրապարակ: Ժամանել էր նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը: Վերջինս զարմացել էր բնակիչների բարձրացրած աղմուկից: Ըստ Գագիկ Գյանջումյանի, իրենք փորձել են տարեմուտից առաջ անակնկալ մատուցել բնակիչներին, չեն տեղեկացրել ոչ մեկին, ինչից էլ սկսվել է բողոքն ու զայրույթը: Մեզ հետ զրույցում մի բնակչուհի ասաց, որ իրենք կարծել են, թե ավտոտնակ կամ նման մի բան են կառուցում, դրա համար են զայրացել:



«Սյուրպրիզս ո՞րն ա, կարող ա մեկը, մտածելով, թե ծառերը կտրում են, ինֆարկտ ստանար: Ի՞նչ սյուրպրիզ»,- զայրացած ասաց տիկինը: Իսկ ահա վարչական շրջանի ղեկավարը մեզ հայտնեց, որ այս բակային տարածքը վերակառուցելու եւ գեղեցիկ խաղահրապարակ ստանալու համար հատկացված գումարը 30 միլիոն դրամ է: «Միջոցները բնակչության հաշվին չեն, սա քաղաքապետարանի եւ վարչական շրջանի մտահղացումն է: Մենք ուզում ենք, որ այստեղ երեխաները կարողանան լիարժեք մանկություն ունենալ, եւ ունենք մի ծրագիր, որ այս բակը դառնա Բուդապեշտի կենտրոնական բակերից մեկի հետ բարեկամ բակ: Տեսնենք, թե դա ինչպես է լինելու»,- ասաց շրջանի ղեկավարը:



Բնակչությունը, սակայն, դեռ «հալած-յուղի» տեղ չի ընդունում Գագիկ  Գյանջումյանի ասածը: Մինչեւ վերջնական չկառուցեն-չվերջացնեն, ոչ մի կարծիք չենք կարող ասել՝ ասաց մի բնակիչ: Միայն հասկանալի չէ, թե ինչու են խաղահրապարակ կառուցելու համար ծառերը կտրում: Եվ բնակիչներին էլ չի կարելի մեղադրել՝ նրանք Երեւանում ձեւավորված ավանդույթներից են ելնում եւ վստահ են, որ եթե շինտեխնիկա է աշխատում, ապա անպայման՝ վատ նպատակներով եւ ինչ-որ այլանդակ բան կառուցելու համար:



Հարություն Մկրտչյան