Լիսկան, Սերժն ու Քադաֆին

Լիսկան, Սերժն ու Քադաֆին
Արդեն մի քանի օր է՝ չեն դադարում խոսակցությունները Սյունիքի մարզպետի հերթական «քաջագործության» մասին: Օրը ցերեկով գործարար է ծեծել, այն էլ կին, սակայն շարունակում է մնալ անպատիժ: Սա թերեւս իշխանության դեմքն ի ցույց դնող հերթական աղբն էր, երբ մարզպետն անգամ կնոջ առջեւ սեփական անզորության եւ արդարության բացակայության պատճառով գործի  դրեց բռունցքները: Գրեթե համոզված եմ՝ բազմաթիվ նման «հերոսական» դրվագներով հայտնի մարզպետն այս անգամ էլ կմարսի իր արարքը, չէ՞ որ  նա անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորյալն է, ընտրություններ կեղծելու հմուտ գիտակ: Իսկ որ Սյունիքի մարզպետն անպատիժ կմնա, նկատելի է դեպքին ականատես մարդկանց վարքագծից՝  նրանք ժամառժամ հրաժարվում են նախնական խոսքերից եւ ֆռռացնում են դրանք:



Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեպքի զուգահեռներ անցկացնելիս չպետք է մոռանալ, որ իրադրությունների տարբերություն կա: Այն ժամանակ առաջին գծի վրա էին քաղաքակիրթ իշխանություն ձեւավորելու դեմագոգիկ հայտարարությունները: Ըստ էության արդեն հասկացել են, որ մերկ հայտարարություններով բան դուրս չեկավ, վերադառնում են նախկին՝ «հարազատ» միջավայրին: Ինչ խոսք, մարզպետի դեպքում առավել կարեւոր եւ անհանդուրժելի հանգամանք կա՝ ծեծվողը կին է, բայց Հայաստանում վաղուց են մոռացվել «կին», «երեխա», «ծեր» հասկացողությունները: Իսկ ընտրությունների ժամանակ կանանց չջարդեցի՞ն, ծերերին չխփեցի՞ն, հետեւաբար ամոթի կամ տղամարդկության մասին խոսակցություններն անգամ ավելորդ են: Թեպետ մարզպետին եւ առհասարակ նրա նմաններին անպատիժ թողնելը բումերանգի սկզբունքով մի օր Սերժ Սարգսյանի դեմ է գործելու: Մարդկանց կհասցնեն մինչեւ կոկորդը, կլցվեն համբերության բոլոր բաժակները, որից հետո դիմադրելն այլեւս անիմաստ կլինի: Ինչպես, օրինակ, ականատես եղանք Քադաֆիի սպանությանը, որը ոչ թե սպանություն էր, այլ շանսատակ անել:



Չկասկածեք՝ մեր մեջ էլ կգտնվեն մարդիկ, որոնք նույն բաները կանեն եւ գայլի օրենքով գայլի հետ կխոսեն: Հասկացեք, սա մոնղոլ-թաթարական իշխանություն է, եւ այն բարոյական ոչ մի չափանիշի չի ենթարկվում: Սա Ռոբիկի եւ Սերժի իշխանությունն է, որոնց միջեւ թվացյալ հակասություններին էլ պետք չէ հավատալ: Վերջին պաշտոնանկություններն էլ երկուսի միացյալ ծրագրի իրագործման արդյունք էր. ում ուզում՝ փոխում են, երբ ուզում՝ փոխում են, գիտեն, որ փալասների հետ գործ ունեն:



Իշխանության կատարածուները բոլորն են անպաշտպան, ինչպես պաշտոնանկ եղածները, եւ չի բացառվում, որ նրանց էլ թաշկինակի պես օգտագործեն, ապա դեն շպրտեն: Սա է, եկել են օտար՝ ադրբեջանական միջավայրից եւ այդ միջավայրին հարիր օրենքներով են գործում:



Երջանիկ Աբգարյան, ՀԱԿ անդամ