Հայաստանը կարող է աշխարհաքաղաքական ճողվածք ստանալ

Հայաստանը կարող է աշխարհաքաղաքական ճողվածք ստանալ
Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները երեկ ստորագրել են Եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման հռչակագիրը: Սրանով տրվեց Եվրասիական միության ստեղծման մեկնարկը, որի մասին ավելի վաղ խոսել էր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Հայաստանի անունն այս ցանկում չկա, բայց դժվար չէ կռահել, որ մի օր էլ Հայաստանին կառաջարկվի միանալ այս միությանը, եւ մենք հնարավորություն չենք ունենա հրաժարվել դրանից: Պուտինի՝ ՌԴ նախագահական պաշտոնին վերադառնալու դեպքում այդ միությունը տնտեսականից կարող է վերածվել քաղաքականի: Հայաստանի խորհրդարանական ուժերը, ըստ էության, կողմ չեն Հայաստանի անդամակցությանն այս միությանը, բայց, դրսեւորելով զգուշավորություն, խուսափում են իրենց բացասական կարծիքը պարզ եւ շիտակ ներկայացնելուց:



Երեկ ԱԺ բրիֆինգներին մասնակցող խորհրդարանական 5 խմբակցություններից միայն «Ժառանգության»  անդամ Արմեն Մարտիրոսյանն էր, որ հայտարարեց. «Չեմ կարծում, որ Հայաստանի ապագան թույլ զարգացած տնտեսություն  եւ ժողովրդավարության ցածր աստիճան ունեցող երկրների միությանն անդամակցելն է: Ես ավելի բարձր կարծիք ունեմ մեր երկրի եւ ժողովրդի մասին»:



ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանը խփում է համ նալին, համ մեխին: Նրան թվում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը կարող է շահավետ լինել, սակայն ինքը չի հավատում, որ այդ նախաձեռնությունը կարող է հաջողություն ունենալ, քանի որ չեն հաջողվել ԱՊՀ-ն ուժեղացնելու նախաձեռնությունները: Իսկապես հրաշալի ձեւակերպում է. եթե դա ստացվի, Շահբազյանը կարող է ասել, որ ինքը դեռ այն ժամանակ է ասել, որ դա ձեռնտու է Հայաստանին, իսկ եթե չստացի, ապա ինքը կարող է ասել, որ ուղղակի Վանգան է, քանի որ կասկածել է դրա հաջողության հնարավորությանը:



Գրեթե նույն կարծիքին է ՕԵԿ անդամ Խաչիկ Հարությունյանը, որը հստակ պատասխանից խուսափելու համար ասում է, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Եվրասիական միության հետ, եւ որոշում կայացնելու համար պետք է մանրակրկիտ քննարկումներ անցկացնել՝ որոշելու Եվրասիական միությանը միանալու նպատակահարմարության հարցը:



ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը նույն մոտեցման կողմնակիցն է. Հայաստանը կողմ է բոլոր ինտեգրացիոն գործընթացներին, կլինի Եվրամիություն թե Եվրասիական միություն: «Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր նման հնարավորություն»,-ասում է Զոհրաբյանը:



ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը կողմ է Եվրասիական միությանը Հայաստանի միանալու հեռանկարին, այդ գաղափարը համարելով «տնտեսապես գրավիչ եւ հետաքրքիր», բայց համարում է, որ մինչեւ վերջնական որոշում կայացնելը պետք է հասկանալ, թե այդ միությունը զարգացման ինչպիսի մոդել կընտրի: Բանականությանը վերջնականապես հրաժեշտ չտված յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ Հայաստանը պետք է աշխարհաքաղաքական ընտրություն կատարի կամ Եվրամիություն, որն այսօր Հայաստանին առաջարկում է Արեւելյան հարեւանության ծրագիրը կամ Եվրասիական միություն:



Հայաստանը չի կարողանում վճռական որոշում կայացնել եւ փորձում է մի ոտքով կանգնել Եվրամիությունում, մյուսով՝ Եվրասիական միությունում, մտածելով, որ այդպես ավելի անվտանգ է: Բայց, տեսնելով Արեւմուտքի արձագանքները Պուտինի իշխանության վերադարձի շուրջ եւ նրա կողմից Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնության նկատմամբ, կարելի է չկասկածել, որ Արեւմուտքն ու Արեւելքը իրարից կարող են զգալիորեն հեռանալ, իսկ այդ պարագայում մեր կեցվածքը կարող է հանգեցնել լուրջ ճողվածքի, որն իսկապես վտանգավոր կլինի մեր պետական օրգանիզմի համար:



Ավետիս Բաբաջանյան