Խոսք՝ ասված լռության մեջ

Հնամենի մեր ժողովրդի՝ Աստծո կամոք այլեւս անվերադարձորեն հաստատված անկախ պետությունն արդեն քսան տարեկան է:
Քանի սերունդ ու որքան պայծառ գլուխներ փափագելով փափագեցին, իրենց կյանքն ու գործը համարելով այդ բաղձանքի իրագործումը:
Ապրեցին՝ լուծվել-տարրալուծվելով նրա մեջ:
Պայքարեցին՝ իրենց միս ու արյունով սնուցելով մատաղ պահանջող նրա Մարմինը:
Երազեցին՝ իրենց երախտագետ ժառանգների աչքերում վայելելու անկախ, ինքնուրույն երկրի քաղաքացու արժանապատվությունն ու հաղթողի գոռոզամտությունը:
Վստահաբար վստահեցնում եմ, որ ոչ հեռու գալիքում գողգոթայի միջով անցած Երազողների սերնդի Տառլեն գալու է արժանիորեն նրանց անունները փառաբանելու, չոր ու թաց անելու, սերունդների դասագրքերում Ավարայրի հերոսների, Իսրայել Օրու, Դավիթ Բեկի, Զեյթունի խիզախների, Աբովյանի ու Թումանյանի կողքին դասդասելու նրանց լուսավոր անունները:
Անկախության տարեդարձի տոնակատարություններն ավարտվեցին, ու կարծես բոլորս մեր գործն ավարտեցինք: Մինչդեռ, չգիտես ինչու, իմպեսներին թվում է, որ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ու ամենը, ինչ առնչվում է մարմնավոր անկախությանը, ոչ միայն գաղափարին՝ անվերջ ու անավարտ սկիզբ է: Ամենօրյա սկիզբ:
Որ էս դեպքում ոչ մեկին ու ոչինչ ապացուցելու կարիքը պարզապես չկա: Չգիտես որտեղից ու ինչպես, մեջներս արմատացել ու ամրացել է կարծիք, որ ինչքան վերամբարձ ու հարուստ ածականներով ներկայացվի որեւէ բարձր բան, էս դեպքում՝ «անկախությունը», էնքան հավաստի կհնչի կարծիքը, ու համոզիչ կթվան երբեմն գրեթե ոչինչ չասող իրենց փաստարկները:
Մինչդեռ անկախությունը խիստ իրական, մարմնավոր մի բան է, որն ինչքան հաստատող, էնքան էլ մերժող հիմնավորումներ ունի, ու բոլորն էլ՝ նույնքան հավաստի ու նույնքան ճշմարտանման:
Եվ էականը ոչ թե գնահատականներն են, այլ դա երազելու, ունենալու, կառուցելու եւ վերջապես՝ պահպանելու ձիրքը, համոզմունքը, կիրքը, կամքը: «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով Մովսես Գորգիսյանի հիսնամյակին նվիրված՝ շնորհալի ու օժտված ձեռքով արված ֆիլմն ինձ բերեց էստեղ ու բաց չի թողնում: Ամենօրյա իր համեստ գործն անողի հնազանդությամբ՝ առարկայորեն երբեք չեմ մտածել, թե ուր հասանք, թե որքան ամուր են պահված մեր ձեռքերում վարգող ժամանակի երասանները, թե մեր թոքերը դիմանո՞ւմ են արդյոք արագությանը: Ես էլ հազար իմպեսների հետ սխալմամբ կարծել եմ, թե անկախությունն այլ պատասխանատուներ ունի: Չեմ մտածել, որ անկախությունը սոցիալական կատեգորիա է, ապրելակերպ, մտածողություն, հոգեվիճակ, զգացմունք ու մեր հոր ու մոր պես ամենօրյա խնամքի կարիք ունի:
Ու էդ խնամողը ես եմ, մենք ենք: Վայ մեզ, թե մեկս մեկի վրա գցեցինք, վայ մեզ, եթե թվաց, որ գլուխ պրծացնելով՝ գլուխը պրծացնում ենք: Մարմնավոր ու աշխարհիկ անկախությունը ծանր, շատ ծանր բեռ է: Տիբեթյան վանականները հոգու խաղաղության ու անդորրի համար խորհուրդ են տալիս ամեն օր շատ անգամներ կրկնել՝ ես ներդաշնակ եմ տիեզերքի հետ:
Խնդրում եւ աղաչում եմ՝ ամեն օր ու շատ հաճախ ձեր մեջ ու բարձրաձայն կրկնեք. ես ներդաշնակ եմ իմ երկրի հետ: Սա՝ հանուն հարազատության, ընդդեմ օտարացումի, ի հեճուկս խռովվածության, սեփական երկրին տեր ու պահապան զգալու այլընտրանք չունեցող համոզմունքի:
Ինձ հետ կրկնեք, ու մի օր էլ մեզ կգտնենք ուրիշ հարթության մեջ, տիրոջ ու զավակի տարածության ներքո, տիրոջ ու զավակի աներկբայելի վճռականությամբ:
Վարպետ ջութակահարն ամեն օր ժամերով պետք է նվագի հազար անգամ նվագած մեղեդին, որ մատները մարզի, վարպետ վիրաբույժը՝ ամեն օր որոշակի սպորտային վարժություններ է կրկնում, որ դիմանա երկարատեւ վիրահատության ֆիզիկական ու հոգեբանական ճնշումին: Մեզ, նորանկախ երկրի քաղաքացիներիս, հոգեւոր ու մարմնավոր ամենօրյա մարզանք է հարկավոր մեր հավատն ու համոզմունքը մեր ուժերի հանդեպ, մեր սրբազան առաքելության հանդեպ ամրացնելու, որ դիմանանք դասալքելու գայթակղությանը, որ դիմանանք երկար ճանապարհի, որ արժանի զգանք Երազողների խրախուսանքին ու սերունդների շնորհակալությանը:
«Մանուկ պահելը ծանր է ավելի» սեւակյան զգուշացումը հուշում է, որ հեշտ չի լինելու: Երբ այնքան դժվար է եղել դրա իրագործումը:
Ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ փորձություններից ու արհավիրքներից: Յուրաքանչյուրն անցնում է իր բաժին տառապանքների միջով եւ անցնում է իր կորովի, դիմադրողականության հաշվին ու հետագա իր գոյությունն ապահովում՝ ապրելու սեփական կարողության ու կենսունակության օգնությամբ: Իրերի բերումով, մարդկության պատմությունը կշեռքավար չի նախատեսել, որ համեմատություն ու զուգահեռներ տանի ժողովուրդների ապրած տառապանքների միջեւ, որոշի ու տեսակավորի փորձություններն ըստ չափի ու ծավալի: Եվ քանի որ ամեն մեկի շապիկն իր մարմնին ավելի մոտ է, յուրաքանչյուրին թվում է, թե ինքն է ամենատառապյալը: Կամ ի՞նչ կտա էդ դեպքում տառապյալի դափնին: Մի՞թե դա կսփոփի տառապյալի իր հոգին: Մի՞թե սերունդներին թողած վերքերն ու նրանց մասին հիշողությունը, լուծում չգտած հազար-հազար հարցերը ինքնարդարացման փաստարկ կարող են լինել, ըմբռնում ակնկալելու հնարավոր պայման:
Իսկ ինձ միշտ թվացել է, թե ծնողի կողմից ժառանգներին փոխանցվող գլխավոր ժառանգությունը սեփական օրինակն է: Տառապանքների կիլոգրամները սերունդներին ներկայանալու հաղթաթուղթ չեն: Եվ ինչ լավ է, որ չեն: Առավելագույնը, որ կարող է ու պարտավոր է անել ավագ սերունդը՝ դա պատմական տարբեր անցքերում կողմնորոշվելու, անհրաժեշտ, ելքային ռազմավարության իր օրինակի մատուցում է հոգեւոր ու նյութական (երկիր, հայրենիք, տարածք) ժառանգության տեսքով, պատմական հիշողության տեսքով: Ամեն դեպքում, սերունդների ընկալումն ու վերաբերմունքը պայմանավորված է այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է կերտում իր պատմությունը:
Մեր հայրերի պատմությունը հնարավորի պատմություն է: Ցանկացած իրավիճակում ամեն գնով ապրելով ապրեցնելու պատմություն: Անկախ պետականության հոբելյանական տարեդարձը ենթադրում էր գաղափարի ջահակիրների մասին հիշատակումներ, հանդիպումներ նրանց ու նրանց ճակատագիրը կիսած ընտանիքի անդամների հետ: Վստահաբար կարծում եմ, որ պետության ծննդյան տարեդարձը նաեւ նրանց ու ամենից շատ նրանց ծննդյան տարեդարձն է: Երազողների այդ սերունդը մեզ հասանելի դարձրեց այնքան անիրական ու մեզ համար մինչ օրս հիմնովին չիրացված, չմարսված այդ գաղափարը:
Նվիրյալներից մեկ-երկուսին մենք ճանաչում ենք, հանդիպում ենք փողոցում ու մոռանում, որ ջանք է հարկավոր նրանց՝ մեզ չնկատող հայացքը գտնելու համար: Որովհետեւ նրանք ապրում են հիշողություններով: Որովհետեւ պետք է ապրելով արժանի լինել նրանց հայացքին: Որովհետեւ նրանց հայացքը գնահատական է, իրենց ու ընկերների գնահատականը:
Չարենցյան այս հանճարեղ տողերը իմ ու բոլորիս անունից նրանց եմ փոխանցում իբրեւ խնկարկում, իբրեւ… լռություն:
…Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք,
Մենք կժպտանք, գոհ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք:
Ռազմիկ Մարկոսյանն ու Մովսես Գորգիսյանն ինձ համար ոչ միայն ու ոչ այնքան անձեր են, որքան խտացված ճակատագրեր: Մի ամբողջ երկու սերունդ: Ավագների մի փաղանգ, որ առաջինը լինելու բախտն ու ողբերգությունը միաժամանակ ու արժանապատվորեն է տարել: Եվ մի սերունդ, որ երազանքները սեփական միս ու արյունով սնուցելու Սասունցի Դավթից ժառանգած խելահեղությունն ունեցավ: Իրենց երիտասարդ կյանքերի վրա նրանք կերտեցին մարմնավոր Երկրի ոգեղեն տաճարը:
Այս տաճարը զոհ շատ է տվել: Այս տաճարն այլեւս հավատացյալի կարիք ունի: Այստեղ պետք է փնտրել մեր ժողովրդի լավագույն զավակների լուսեղեն անունները, որոնց այնքան անտեղի ու այնքան հաճախ ենք մոռանում: Նրանք երազում տեսել էին այս Հայաստանը:
Անդրանիկ Հակոբյան
Կարծիքներ