Հանրային ռադիոն հոգեվարքի մեջ է

Հանրային ռադիոն հոգեվարքի մեջ է
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի խորհրդական Աստղիկ Ավետիսյանն օրերս, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Նա ռադիո էր տեղափոխվել նախագահականից: Նախագահի նախկին մամլո քարտուղարի օգնականն էր: Այս տարվա փետրվարին նշանակվեց  Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն,  խորհրդականի պաշտոնում հայտնվեց մի սկանդալային պատմությունից հետո, երբ մամուլում հայտնվել էր Սերժ Սարգսյանին ուղղված՝ ռադիոյում տիրող իրավիճակից  դժգոհողների մի անանուն նամակ, որի մտահղացումն իրեն էին  վերագրել:



Թե ինչն է ազատման պատճառ դարձել, հարցրինք Աստղիկ Ավետիսյանին. «Ես ազատվել եմ իմ սեփական դիմումի համաձայն, այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով, ստացել եմ բավականին լավ աշխատանքային առաջարկ, որը եւ ֆինանսական, եւ ստեղծագործական առումով մեծ հնարավորություն է»:



- Ստեղծագործական գործունեություն ծավալելուն  Հանրային ռադիոյում ի՞նչն էր խանգարում:



- Հանրային ռադիոն այսօր վերածվել է ճահիճի եւ հիմա հոգեվարքի մեջ է… շատ եմ ափսոսում ստեղծված իրավիճակի համար, որովհետեւ ռադիոն իր տնօրենի շնորհիվ հայտնվել է անդեմ, իրենից ոչինչ չներկայացնող, ստրկատիրական մեթոդներով աշխատող կառույցի: Երբ նախագահականում ստացա այդ առաջարկը, շատ ուրախացա, որովհետեւ արդեն երեք տարվա կուտակած փորձը պետք է ինչ-որ տեղ օգտագործեի, առավել եւս՝ իմ գիտական  հետաքրքրությունների շրջանակում` ԶԼՄ-ներ, հեռուստատեսություն եւ PR: Հատկապես Հանրային ռադիոյում «ինոյի» բաժինը, գիտեք, որ 13 լեզվով հեռարձակում էր ապահովում, որը, սակայն, այսօր հասել է նրան, որ միայն մի քանի լեզուներով է հեռարձակվում, որի մեծ մասը դրվում է ինտերնետային կայքում, եւ ձայնաշարը, եւ նյութը:



Խայտառակ վիճակում է նաեւ տեխնիկական առումով: Արտասահմանի համար տրվող հաղորդումների կայքն այնքան հին է, որոնողական որեւէ համակարգում չես կարող գտնել, լուրերը թխվում էին որեւէ թերթից, ուղղակի թարգմանվում, ձայնագրվում եւ տեղադրվում կայքում՝ հաշվի չառնելով թիրախային լսարանը: Իմ նշանակվելուց հետո աշխատակիցներն առաջ են քաշել լուրջ հարցեր իրենց աշխատավարձի, աշխատանքի որակի եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք արձանագրվել են իմ կողմից: Նրանց ներկայացրել եմ իմ ռազմավարությունը, ստեղծվել է ստեղծագործական լուրջ աշխատանքային մթնոլորտ: Մասնագիտորեն վերլուծվել է ամբողջ գործընթացը, հաշվի ենք առել լսարանային տարբերությունը: Օրինակ, նույն տեղեկատվությունը չի կարող հետաքրքրել եւ արաբին, եւ գերմանացուն, մի խոսքով՝ երկու շաբաթվա աշխատանքից հետո կայքում 0 վարկանիշից 976 այցելու ենք ունեցել՝ օրական:



Բայց պարզվեց՝ ռադիոյի համար դա բում է, եւ ղեկավարներից մեկն ինձ բառացի ասաց՝ ի՞նչ ես ուզում ասել, որ մենք 10 տարի գործ չենք արել, դու մեկ ամսում արդյո՞ւնք ես ցույց տալիս: Եվ դա ասվում է այնպիսի հեգնանքով, կարծես ես իրենց անձնական վիրավորանք էի հասցրել: Ես միանշանակ պնդում եմ, որ Հանրային ռադիոն դա հանրությանը պատկանող եւ լուրջ ռազմավարական նշանակություն ունեցող լրատվամիջոց է, որն արդեն 10 տարուց ավելի ղեկավարում է մի մարդ, որը  «սեփական օբյեկտի» վերածելով՝ ինչ ուզում, անում է, մարդկանց վախեցնելով, թե գործից կազատի, հոգեբանական ճնշումների ենթարկելով: Ես գիտեմ՝ հիմա ռադիոյում մեծ վաստակ ունեցող մադկանց, որոնք ունեն մեծ փորձ, որոնք այսօր ռադիոյում ստանում են աշխատավարձ, բայց այդ մարդկանց ներուժը չի օգտագործվում, ընդամենը հոգեբանական ճնշման ենթարկելով` ինչքան մնան, մնան:



Մարդկանց հետ պայմանագիր են կնքում, երկրորդ օրինակն անպայման տնօրենի հանձնարարականով է կադրերի բաժինը տրամադրում աշխատողին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրային ռադիոյի աշխատակիցը ստանում է աշխատավարձ Հանրային ռադիոյից, բայց աշխատում է նաեւ տնօրենի սեփական ռադիոյի համար: Ո՞վ գիտի, Հանրայինի անունն օգտագործելով՝ միջազգային բոլոր պրոյեկտներն ու համագործակցությունները գուցե իրականացվում են սեփական ռադիոկայանի համար: Ի դեպ, Հանրային ռադիոյի ինտերնետային կայքի «Կոնտակտներ» բաժնում զետեղված է  Արմեն Ամիրյանի անձնական ռադիոյի էլեկտրոնային հասցեն` [email protected], նույնը արտասահմանի համար տրվող հաղորդումների մասով… տեղեկատվությանը տիրապետում է միայն նա եւ նա էլ փորձում է կապերն օգտագործել այլ նպատակներով…  Ինձ համար իսկապես ցավալի թեմա է… Եթե շարունակեմ՝ այս ամիսներիս յուրաքանչյուր օրվա համար հաստատ մի բան կունենամ ասելու…



- Աստղիկ, Ձեր տեղափոխությունը համընկավ նաեւ ռադիոյի աշխատակիցների կողմից ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի հետ: Հնարավո՞ր է, որ ռադիոյից հեռանալու հիմքում նամակի պատմությունն էր:



- Իսկապես դա անանուն նամակ էր, որի տակ կստորագրեր երեւի ռադիոյի աշխատակիցներից յուրաքանչյուրը, որովհետեւ արծարծված էր իրենց սոցիալական խնդիրը, կոնկրետ մարդկանց անուներ էին տրվել: Ես երբեք անանուն հանդես չեմ եկել, ես սիրում եմ հրապարակային գործել, այդ նամակը շատ մակերեսային էր, եթե ես կամ իմ աշխատակիցները լինեին, որոնց, ի դեպ, մեկ առ մեկ հրավիրել է իր սենյակ մեծն տնօրենը եւ վախեցրել, ապա շատ ավելի ուժեղ կլիներ եւ, հավատացնում եմ՝ ավելի գրագետ ու փաստարկված: Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում ինտրիգների վրա ավելի շատ են ժամանակ ծախսում, քան իրական գործի:



- Իսկ նախագահականն ինչպե՞ս արձագանքեց Ձեր ազատմանը, չէ՞ որ Դուք այնտեղից գործուղվեցիք ռադիո:



- Այս հարցով խորհրդակցել եմ միայն ամուսնուս հետ եւ գրել եմ դիմումը, առանց որեւէ ատյանի տեղեկացնելու: Եթե գա մի օր, որ ռադիոյի այսօրվա ղեկավարությունը չլինի, ապա ես մեծ սիրով Հանրային ռադիոյի իրական եւ գործուն մոդելը կներկայացնեմ: Եկեք ճահիճը չորացնենք եւ նոր տնկիներ աճեցնենք, հաստատ տարիներ հետո հյութալի պտուղները կքաղենք:



Անի Առաքելյան