Ցմահների նամակը մնաց անպատասխան

Ցմահների նամակը մնաց անպատասխան
Մոտ մեկ շաբաթ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալները նամակ էին հղել ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին՝ խնդրելով անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով հանդիպել իրենց հետ: Բանն այն է, որ ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունից հետո «Սպանություն» հոդվածով նախատեսվեց նաեւ 15-20 տարի ազատազրկման պատիժ, ինչը նշանակում է, որ 100-ից ավելի ցմահ ազատազրկվածների պատժաչափերը կվերանայվեն: Մանավանդ մեկ անձի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտվածներին բացատրել են, որ օրենքի փոփոխությունը կարող է տարածվել իրենց վրա:



Սակայն նրանց դիմումներին ի պատասխան՝ դատավորներն ասում են, որ «քաղաքական որոշում պետք է կայացվի»՝ եթե իրենց հանձնարարեն, սակայն հրահանգ չկա: Հիմա ցմահներն ուզում են հանդիպել «քաղաքական դաբրո» տվողների հետ: Նամակը գրելուց անցել է 7 օր, այն ստորագրել են մոտ 70 հոգի, սակայն մինչ օրս արձագանք չկա: Երեկ ցմահների խցերից մեզ լուր հասավ, որ դժգոհություն է հասունանում:



Նրանք ոչինչ չունեն կորցնելու եւ հնարավոր է, որ բողոքի ակցիաներ սկսեն: Ցմահները հիշում էին, որ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն իրենց պահանջով 2 անգամ այցելել է «Նուբարաշեն» եւ զրուցել իրենց հետ, իսկ Հրայր Թովմասյանն իրենց խնդրանքը բանի տեղ չի դնում: